ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԲԼԻՑ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԳՆՈՒՍ ԿԱՐԼՍԵՆԻՆ

Տպել

Եռօրյա այցով Հայաստանում էր գտնվում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013 թվականին եւ օրեր առաջ աշխարհի չեմպիոն ճանաչվեց նաեւ արագ ու կայծակնային շախմատում)։

Այցի շրջանակներում՝ Մագնուս Կարլսենը ու աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Բայց ամենասենսացիոն իրադրությունը կայացավ, երբ այցի շրջանակներում շախմատի աշխարհի չեմպիոնը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց հայ պատգամավորների հետ։ Հայաստանի ԱԺ պատգամավոր, ծնունդով Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղից Տաճատ Վարդապետյանը բլից պարտիայում պարտության մատնեց Մանգուս Կարլսենին։ Մեկնաբանելով պատգամավորի հաղթանակը. ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքի էջում նշեց. «Երեկ իմ կյանքի ամենահաճելի օրերից մեկն էր: Շախմատային երկու պարտիա խաղալու հնարավորություն էր ընձեռվել աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ իմաստուն խաղի հայ արքա Լեւոն Արոնյանի հետ: Սա անմոռանալի է... Բայց օրվա թագնուպսակը իմ գործընկեր Տաճատ Վարդապետյանի հաղթանակն էր նորվեգացի հրաշամանուկի նկատմամբ:
 Հայաստանը շախմատային գերտերություն է, որտեղ աշխարհի չեմպիոնը կարող է պարտվել անգամ պարզ պատգամավորին կամ բակում շախմատ խաղացողին: