ՆՈԴԱՐ ԺՎԱՆԻԱՅԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Տպել

Հիացմունք ապրելով արվեստի երիտասարդ գործիչների ստեղծագործությունից՝ հաճախ ինքդ քեզ հարցնում ես. «Հետաքրքիր է, թե ո՞ւմ աշակերտն է»։ Իսկ երբ ստեղծագործողը փառքի զենիթում է, ցանկություն է լինում հարցնել. «Իսկ նա աշակերտներ եւ հետնորդներ ունի՞»։ Եվ եթե կան այդպիսիք եւ այն էլ՝ արժանավոր, հարգանքը կրկնապատկվում է։

Երբեք չմոռանալ երախտավոր երաժիշտներին, ովքեր առանձնակի ավանդ են ներդրել վրացական երաժշտական կուլտուրայի մեջ, ժողովրդականացնել նրանց հիանալի գործունեության արդյունքները՝ ահա այս շնորհակալ գործով անդուլ կերպով զբաղված է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի պատմության գլխավոր թանգարանապահ Մարինա Չիխլաձեն։ Նա նախատեսել է համերգաշարք, ուր ելույթ են ունենում Սուլխան Ցինցաձեի անվան պետական լարային կվարտետի մասնակիցների երիտասարդ սաները։ Այդ փառապանծ լարային կվարտետի գրեթե կեսդարյա փառքը այժմ բազմապատկում են Կոնստանտին Վարդելին (առաջին ջութակ), Թամազ Բատիաշվիլին (երկրորդ ջութակ), Նոդար Ժվանիան (ալտ), Օթար Չուբինիշվիլին (թավջութակ)։ Համաշխարհային ճանաչում ստացած այս երաժիշտները Վրաստանի ժողովրդական արտիստներ են, Զաքարիա Փալիաշվիլու եւ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակների դափնեկիրներ, նաեւ՝ կոնսերվատորիայի պրոֆեսորներ, ինչն ավելի է բարձրացնում նրանց ստեղծագործության գնահատողների հետաքրքրությունը։
Այս վարպետների դասական համերգները, ինչպես նաեւ ճանաչված թավջութակահարուհի Թամար Գաբարաշվիլու ելույթը տեղի ունեցան Իլիա Ճավճավաձեի անվան ազգային խորհրդարանական գրադարանում։
Վերջերս կայացավ առաջին համերգը այդ շարքից։ Երաժշտագետ Ռուսուդան Ծուրծումիան հանդիսականին ներկայացրեց Նոդար Ժվանիային եւ պատմեց նրա մեծածավալ մանկավարժական գործունեության մասին։
Նրա սաներից առաջին կուրսեցի Սամվել Փերիխանյանը մեծագույն արտահայտչականությամբ կատարեց Ռոբերտ Շումանի «Անտանտեն» եւ «Ալլեգրոն»՝ «Չորս հեքիաթ» շարքից։ Երաժշտի ելույթից հուզված, պրոֆեսոր Թամազ Բատիաշվիլին առանձնակի ընդգծեց իր հիացմունքը։ Փայլուն հանդես եկավ նաեւ առաջին կուրսեցի Մարիամ Չիկվաիձեն։ Երիտասարդ երաժիշտների հաջողությունը արժանիորեն բաժին է ընկնում նաեւ կոնցերտմեյստեր Մարիա Ջուրջուլիային։ Կոնսերվատորիայում Նոդար Ժվանիան ղեկավարում է նաեւ կամերային համույթի դասարանը եւ համերգում ներկայացրեց լարային կվարտետ, որի կազմում հանդես եկան Թեյմուրազ Ջանիանին (առաջին ջութակ¤, Նիկոլայ Բարաթելին (երկրորդ ջութակ¤, Մամուկա Բաբուաձեն (ալտ¤, Սանդրո Սիդամոնիձեն (թավջութակ¤։ Նրանք լավագույնս կատարեցին Հայդնի եւ Շոստակովիչի ստեղծագործություններից։
Երաժշտասերները խորին երախտագիտություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին եւ, առաջին հերթին, պրոֆեսոր Նոդար Ժվանիային, նրան մաղթելով հետագա հաջողություններ։

ԱՐՏԵՄ ԿԻՐԱԿՈԶՈՎ