ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Տպել

Քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլու հայտարարությամբ, Միասնական ազգային քննություններում նախատեսված են մի շարք նորամուծություններ։

Մասնավորապես, արգելագիծը 20-ից հասցվելու է 23 միավորի, հետեւաբար դիմորդը հավաքելու է առնվազն 24 միավոր, որպեսզի շարունակի մասնակցությունը մրցույթին։ Ըստ Միմինոշվիլու, սույն փոփոխությունը բացառելու է առարկայի պատահական շրջագծման միջոցով արգելագծի հաղթահարման փաստերը։ «Ընդհանուր ունակությունների հատվածում, նախատեսված չորս պատասխանների փոխարեն, դիմորդներին կառաջարկվի 5 պատասխան։ Մշակվել է նաեւ նվազագույն իմացության արգելագծի հաղթահարման նոր մոտեցումը։ Մասնավորապես, դիմորդների ընտրությունը կկատարվի՝ նաեւ ելնելով նրանից, թե պատասխանների տարբեր վարկածներում քանի միավոր նրանք կհավաքեն։ Փոփոխությունների արդյունքում, արգելագծի հաղթահարման հնարավորություն կունենան նաեւ այն դիմորդները, ովքեր, կատարելով համեմատաբար բարդ տարբերակը, չեն հաղթահարել իմացության նվազագույն արգելագիծը, սակայն ստացած միավորով մոտ են դրան»,- հայտարարեց Միմինոշվիլին։
«Ինչ վերաբերում է ընտրական առարկաներին, ապա դրանց կավելացվի եւս մեկը՝ արվեստը։ Այսպիսով, ընտրական առարկաների թիվը 7-ից կհասցվի 8-ի»,- նշեց Մայա Միմինոշվիլին։
Նրա խոսքերով, արվեստը ուսումնական ծրագրում կներառվի որպես պարտադիր առարկա։ Մայա Միմինոշվիլու խոսքերով, 2014 թվականի ազգային քննություններում ավելացվում է օտար լեզվով տեքստի ունկնդրման առաջադրանքը։ Այդ առաջադրանքը կատարելու են բոլոր այն դիմորդները, ովքեր քննություն են հանձնում օտար լեզվից։ Միասնական ազգային քննությունների համար դիմորդների գրանցումը կսկսվի փետրվարի 20-ին եւ կշարունակվի մինչեւ մարտի 21-ը։
Ինչ վերաբերում է ավարտական քննություններին, ապա 12-րդ դասարանցիները մայիսին կհանձնեն չորս քննություն՝ վրաց լեզու, պատմություն, օտար լեզու եւ մաթեմատիկա։ Իսկ 11-րդ դասարանցիները հունիսին կհանձնեն քննություններ ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից եւ աշխարահագրությունից»,- նշեց Մայա Միմինոշվիլին։