ԼԻԱ ԳԻԳԱՈՒՐԻ. «ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԻՍԿ 2015-ԻՑ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ»

Տպել

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեի հրամանագրով՝ սկսվել է երկրի հանրային դպրոցների տնօրենների հերթական հավաստագրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը մեկնարկել է ընթացիկ տարվա մարտի 4-ին, եւ կշարունակվի մինչեւ մարտի 16-ը: Դպրոցի տնօրենի թեկնածուների գրանցումը հնարավոր է նաեւ http://directors.mes.gov.ge/ կայքէջի միջոցով:
Ինչպե՞ս է իրականացվում դիմորդների գրանցումը մրցույթին մասնակցելու համար, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, եւ ո՞վ կարող է մասնակցել դրան:
«Վրաստան» թերթի խնդրանքով այս եւ մյուս հարցերին պատասխանում է Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին։

- Տիկին Լիա, նախ հետաքրքիր է իմանալ, ո՞վ ունի մրցույթին մասնակցելու իրավունք եւ ի՞նչ չափանիշներ պիտի ապահովի դիմորդը:
- Քննությանը կարող է մասնակցել ամեն ոք, ով ունի բարձրագույն կրթություն, աշխատում է որեւէ հիմնարկում, ունի աշխատանքի փորձ եւ պարտադիր կարգով հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են օրենքով սահմանված որակավորման պահանջները: Առաջին հերթին նրանք, ովքեր նախորդ հավաստագրմանը չեն հաղթահարել արգելագիծը: Գործընթացը երկու փուլով է՝ թեստավորում եւ հարցազրույց: Թեստավորումը կանցկացվի մարտի 29-30-ին՝ էլեկտրոնային եղանակով: Գնահատումը կտրվի թեստի վրա աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո:
- Ո՞վքեր կարող են ներգրավվել քննություններին եւ, որքանո՞վ է պարտադիր այն գործող տնօրենի պաշտոնակատարի համար:
- Մինչ հավաստագրման գործընթացի եւ տնօրենի ընտրության մրցույթի ավարտը, դպրոցի տնօրենի պաշտոնակատարները սովորականի նման շարունակում են իրենց աշխատանքը: Այն դեպքում, եթե դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցանկանում է տնօրենի պաշտոնում շարունակել աշխատանքը,  ապա պարտադիր պահանջ է՝ ձեռք բերել հավաստագիր եւ մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին:
- Տարբեր տարածաշրջանների դիմորդների թեստավորումը որտե՞ղ է անցկացվելու։
- Վրաստանի բոլոր տարածաշրջաններում բացվելիք քննական կենտրոններում: 
- Ի՞նչ է հաջորդելու թեստավորման փուլին:
- Թեստավորումն ու հարցազրույցը հաջողությամբ հաղթահարելուց հետո, դպրոցն ինքն է ընտրում տնօրեն:
- Որքա՞ն է քննական սանդղակի նվազագույն շեմը:
- Դիմորդը պետք է հավաքի թեստի առավելագույն միավորի 60%-ը:
- Քննության եւ հարցազրույցի հաջողությամբ հանձնումը որքանո՞վ կարտացոլվի տնօրենների աշխատավարձի վրա:
- Չի արտացոլվի:
- Իսկ եթե դպրոցի տնօրենի պաշտոնակատարը չի հաղթահարում քննությունը, ի՞նչ է սպասվում նրան:
- Այդ դեպքում, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը կշարունակի աշխատել այնքան ժամանակ, մինչեւ հոգաբարձուների խորհուրդը նոր տնօրեն կընտրի:
- Ասում են, որ քննութունը հաջողությամբ հաղթահարած դիմորդին հնարավորություն է տրվում ընտրելու իր համար ցանկալի դպրոցը կամ փոխել այն դպրոցը, որտեղ աշխատում է:
- Հարցը, թե քանի դպրոցի ընտրության իրավունք է տրվելու արդեն թեստավորումը հաջողությամբ անցած դիմորդներին, որոշում է նախարարը:
- Իսկ հավաստագրում անցած դիմորդը, որին, ասենք, կընտրի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը, քանի՞տարի իրավունք կունենա աշխատելու դպրոցի տնօրենի պաշտոնում:
- Հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրվելու դեպքում՝ տնօրենի պաշտոնում աշխատանքը 6 տարվա ժամկետով է:
- Եվս մի հարց, որը «Վրաստան» թերթի ընթերցողներին է հետաքրքրում, եթե դիմորդը չի տիրապետում պետական լեզվին՝ վրացերենին, քննությունը մայրենի լեզվով հանձնելու իրավունք ունի՞, թե՞ ոչ։
- Համաձայն Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի՝ վարչական վարույթի լեզուն վրացերենն է, իսկ Աբխազիայում՝ նաեւ աբխազերենը:
Բացի այդ, դպրոցը հանդիսանում է վարչական մարմին եւ դպրոցական փաստաթղթերի վարումը ընթանում է վրացերենով, ուրեմն, տնօրենը պետք է տիրապետի վրացերենին:
- Այն դիմորդը, ով չի կարողացել հաղթահարել քննական սանդղակի նվազագույն շեմը,  քանի՞ անգամ իրավունք ունի մասնակցելու հավաստագրման քննություններին:
- Դիմորդին հավաստագրման գործընթացին անսահմանափակ քանակությամբ մասնակցելու հնարավորություն է տրվում:
- Հավաստագրումը հաջողությամբ անցած անձը, քանի՞ անգամ իրավունք ունի ընտրվելու դպրոցի հոգաբարձուների խորհրդի կողմից տվյալ կամ ուրիշ դպրոցում։
- Ընդհանուր կրթության մասին օրենքի համաձայն՝ դիմորդն անընդմեջ երկու անգամ ընտրվելու իրավունք ունի:
- Վերջում եւս մի հարց։ Տիկին Լիա, մեր տեղեկատվության համաձայն, 2015 թվականի սկզբներից երկրի հանրային դպրոցներում նախատեսվում է սերտիֆիկացում։ Ինչպե՞ս է այդ գործընթացն իրականացվելու ազգային, մասնավորապես, հայկական դպրոցներում։
- Հայկական դպրոցների ուսուցիչներին թույլ կտրվի թեստավորումն անցնել մայրենիով, խոսքը վերաբերում է ոչ միայն հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին, այլեւ դպրոցում տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներին։

- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։

Զրույցը վարեց
ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ