ՄԱՆԿԱՎԱՐԺ ՍԱՄՎԵԼ ՓՈՒԹՈՒԼՅԱՆԻ ԵՐԿԱՐ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Տպել

Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում շատ են վաստակաշատ ուսուցիչները, որոնցից մի քանիսն արդեն մանկավարժի կեսդարյա ճանապարհ են անցել: Նրանց համար աշակերտը ոչ թե կարգավիճակ է, որը համախմբում է դասարանում նստածներին, այլ առանձին անհատներ, որոնցից յուրաքանչյուրին ուսուցիչն ընկալում, յուրաքանչյուրի հետ հաղորդակցվում է առանձին-առանձին: Վաստակաշատ այս ուսուցիչներին է ընդհանրացնում Սամվել Փութուլյանը:

Փութուլյան-մանկավարժի ոդիսականը շատ երկար է: Այն արդեն հիսուն տարիների վաղեմություն ունի, որին հետադարձ հայացք գցելով նրա հիշողության մեջ էջ առ էջ վերականգնվում են անցած տարիները, որոնք լի են եղել իմաստալից առօրյայով:
Սամվել Փութուլյանը 1970թ.-ին ավարտել է Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազի (Օրջոնիկիձե) պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մինչ այդ, բանակից զորացրվելուց հետո, աշխատանքի է անցել Ախալքալաքիի շրջանի Գումբուրդո գյուղի 8-ամյա դպրոցում: Երկու տարի անց՝ տեղափոխվել է Նինոծմինդայի շրջկենտրոնի երեկոյան դպրոց: Այնուհետեւ աշխատել է Նինոծմինդայի շրջանի Օրոջալարի միջնակարգ դպրոցում, սկզբում փոխտնօրեն, հետո` տնօրեն (1969-1976թթ.): Այստեղից տեղափոխվում է Մեծ Խանչալիի միջնակարգ դպրոց, հանդես գալով որպես զինղեկ, դասավանդելով նաեւ պատմություն:
Իսկ 1988 թվականից աշխատում է Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում, որի փոխտնօրենն է եղել երկար տարիներ, ապա` տնօրենը: Իսկ այսօր համարվում է պատմության լավագույն ուսուցիչներից մեկը երկրամասում։
- Երբեք չեմ դժգոհել անընդհատ մի դպրոցից մյուսը տեղափոխվելու համար, որովհետեւ սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ սաներին, նրանց որեւէ հարցում օգտակար լինելն իմ պարտքն եմ համարում,- ասում է Սամվել Փութուլյանը:
Որտեղ էլ որ աշխատել է վաստակաշատ մանկավարժը, իր ողջ մասնագիտական հմտությունն ու հարուստ փորձն է ներդրել իսկական մարդու եւ մտավորականի, արժանավայել քաղաքացու եւ լավ ընկերոջ կոչման համար: Բացառիկ անձնավորություն է, մեծ համբավ ունի նա մեր քաղաքում: Դպրոցում նրան սիրում են բոլորը` ե՚ւ գործընկերները, ե՚ւ աշակերտները: Նրա մտահորիզոնի զարգացումը հարաշարժ է ժամանակի հետ: Նա յուրաքանչյուր դասն այնպես է անցկացնում, որ այն նպաստի աշակերտի համակողմանի զարգացմանն ու ինքնադրսեւորմանը, առաջնային տեղ տալով ուսուցչի մասնագիտական զարգացմանը:
Սամվել Փութուլյանի վաստակաշատ աշխատանքը բարձր է գնահատվել Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցի տնօրինության, ծնողների, մանկավարժների եւ աշակերտների կողմից:
Բազմիցս նա արժանացել է գովասանագրերի ու շնորհակալագրերի:
Վերջերս, համեստ մթնոլորտում, նշվեց Սամվել Փութուլյանի աշխատանքային գործունեության 50-ամյակը, եւ այդ մթնոլորտը շատ լավ ներդաշնակում էր նրա բնավորությանը: Համոզված ենք, որ նրա մանկավարժական գործունեությունը դեռ երկար կշարունակվի:
Այդ օրը բազմաթիվ անկեղծ մաղթանքներ հնչեցին նրա հասցեին՝ «Քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ ձեր կյանքում, ընկեր Փութուլյան»:

ԺԵՆՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ
Բանասեր
ք. Նինոծմինդա