ՎՐՁՆԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ

Տպել

Ապրիլի 12-ին, «Հայարտուն» կենտրոնում բացվեց՝ «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Եղեռնի 99-րդ տարելիցին, որի կազմակերպիչն էր Վրաստանի հայ նկարիչների միությունը։

Պատկերասրահի՝ «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագիրը ներառել էր Վրաստանում ապրող հայ վրձնարվեստի տարբեր սերնդի ներկայացուցիչների։ Եվ ոչ միայն…
Այս ցուցահանդեսին ներկայացված էին 60-ից ավելի վիրահայ գեղանկարիչների եւ ժամանակակից վրաց կերպարվեստի ներկայացուցիչների աշխատանքներ։
- Մեր վրաց գործընկերները սիրահոժար միացան՝ հայոց պատմության եղերական էջերին նվիրված այս ցուցահանդեսին եւ, ինչպես տեսնում եք, նրանցում կա մեր պատմության ոչ միայն իմացությունը, այլեւ՝ մեզ սրտակցնելու պատրաստակամությունը,- նշեց իր բացման խոսքում Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը։
Ողջունելով հավաքվածներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նմանատիպ միջոցառումները համարեց յուրատեսակ հուշակոթող՝ նվիրված Մեծ Եղեռնի նահատակներին։
Ցուցահանդեսի կտավների գաղափարական հենքը, հայ-վրաց արվեստագետների գործերում, կազմում էին մեր ժողովրդի պատմության ինչպես անցյալի եւ ներկայի արտացոլումները, ուր հարկ է նշել Յանա Ներսեսովայի «Քեսաբ» կտավը, որ արձագանքն է սիրիահայերի այսօր ապրած դրամայի, նույնպես եւ՝ գալիքի՝ անուրանալի լուսավոր տեսլականը։
Այդ մասին էին միանշանակ պատմում Ջիովանի Վեփխվաձեի, Թամունա Սուլխանիշվիլու, Գիա Մարկոզաշվիլու, Գելա Կենճուաշվիլու, Կավալի Շանավայի, ինչպես եւ Թբիլիսիի, Նինոծմինդայի ու Ախալքալաքիի գեղանկարիչներ Մերուժան Շահումյանի, Գեւորգ Մանոյանի, Թենգիզ Միկոյանցի, Միքայել Գրիգորյանի, Գարրի Դավթյանի, Վալիկո Առաքելյանի, Մարինա Խաչատուրովայի, Արտեմ Անտոնյանի, Գայանե Մանասյանի, Եվգենյա Փարսադանովայի, Արտեմ Անտանոսյանի, Երվանդ Մարադյանի, Կարինե Սահակյանի, Լաուրա Աբրամովայի, Ալլա Անտոնյանի,Համլետ Արոյանի, Հայկազուն Ղարագուլյանի, Մայիս Կիրակոզովի, Հմայակ Գրիգորյանի, Կառլեն Կարապետյանի, Վալիկո Առաքելյանի տպավորիչ կտավները։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ