ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ

Տպել

Հայաստանի ժողովրդական նկարիչ 73֊ամյա Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում։ Նա Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ժամանակին, մինչեւ Երեւան տեղափոխվելը, 1960-ական թվականներին Թբիլիսիի Ստ.Շահումյանի անվան պետհայդրամայի թատրոնի տնօրեն Վաղարշակ Էլիբեկյանի որդին է, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի եղբայրը։
Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նրա արդիաշունչ գործերի կերպարները հիմնականում կանայք են, թատրոնի դերասաններ։ Հորինվածքներում ի հայտ են եկել արդուզարդի, կենցաղային իրերի մանրամասեր, թատերական դեկորներ եւ այլն։ Դիմանկարներին բնորոշ են հոգեբանական նուրբ շերտերի բացահայտումը, քնարականությունը։ Հեղինակ է թատերական ձեւավորումների (Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի», Արամ Խաչատրյանի «Հավերժություն» բալետներ, Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերա, բոլորը՝ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոն եւ այլն)։

«Արքունի ճաշակով Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը այնքա՜ն պակասում էր մեր կերպարվեստին…»։

Մինաս Ավետիսյան

Ստեղծագործողների ճակատագրերն, անկասկած, տարբեր են լինում, եւ նրանցից քչերին է վիճակվում առաջին իսկ ցուցահանդեսից ու դեռ տակավին երիտասարդ լայն ճանաչում գտնել եւ զգալ, որ իրենց արվեստն անհրաժեշտ է մարդկանց։ Ռ.Էլիբեկյանն այն երջանիկ արվեստագետներից է, որի արվեստը մշտապես հետեւում է բարու եւ գեղեցիկի օրենքներին։ Սովորական հայացքի համապատկերի մեջ չտեղավորվող էլիբեկյանական կտավները հմայում են կերտման անզուգական վարպետությամբ։ Դրանց կերտողի աստվածատուր շնորհը, գուներանգ խորությունն ու պատկերման յուրօրինակ եղանակը դիտողին պարուրում են քնքշությամբ ու լուսավոր ժպիտով։ Էլիբեկյանի ներաշխարհի հարուստ երկունքից ծնված երփնագրերը միջոց են հեղինակի կյանքն ու աշխարհը դրսեւորելու համար, որոնք արդեն վաղուց նրան դուրս են բերել ժամանակի շրջագծից։
Կերպարվեստի ասպարեզ մտնելով 1960-ական թվականների սկզբներին՝ Ռ.Էլիբեկյանը շատ չանցած ճանաչվում է որպես մի ինքնատիպ երեւույթ՝ համարձակորեն դիմելով կերտման արդիական ձեւամիջոցներին եւ հավատարիմ մնալով համաշխարհային դասական ռեալիզմի ոգուն ու առանձնահատկություններին։ Էլիբեկյանը վրձնի այն վարպետներից է, որոնց ստեղծագործական խղճի ձայնը հաջողության փառքից ավելի բարձր է հնչում։ Իսկ ստեղծագործողի նրա աշխարհը հակադրությունն է առօրյա գործողությանը, աշխարհ, ուր ամեն ինչ չափվում է միայն գեղեցկության չափանիշով։ Կործանման դատապարտված վաղանցիկ տեսիլքների անիրական աշխարհը հանձինս  էլիբեկյանական  կտավների, փրկվելով վերահաս կործանումից եւ փոխվելով տեսողական համակարգի, դառնում է երջանկության պահերի անմոռաց մարմնացում։ Այս իմաստով Էլիբեկյանի արվեստը հատկորոշվում է կնոջ գեղեցկության առեղծվածի վերծանման, բացահայտման, ցուցադրման աստվածաշնորհ վարպետությամբ։ Կին էակի պատկերի մեկնությունը Էլիբեկյանի վրձնի նախասիրած հիմնական ժանրային աշխարհն է, որով եւ արտացոլվում է նրա հոգու ողջ էությունը։ Կինը նրա կտավներում՝ լինի  պատուհանի մոտ կամ մի շքեղ կամարի ներքո, ընդմիշտ դուրս գալու, ազատագրվելու պատգամ է հաղորդում դիտողին, որը զուտ էլիբեկյանական վրձնի յուրահատուկ խորքն է։ Նրա կերպարները հավերժ կանացիության, անաղարտ գեղեցկության ու հմայքի մարմնացում են, որոնցից ասես լույսն է անդրադարձվում, որոնք միշտ ջահել են ու երջանիկ, միմյանց արտաքուստ նման, սակայն էությամբ անսահմանորեն տարբեր։
Այսպես, պատկերելով դիմանկարներ, գեղեցիկ պարուհիների հարդարանք բեմելից առաջ, բեմին կամ բեմեզրին, կրկեսային տեսարաններ, մարդկային լուռ ու խորհրդավոր հանդիպումներ, մտերիմ զրույցներ, բիբլիական մոտիվների գունանկարչական մնջախաղ այս կամ այն թեմայով՝ Էլիբեկյանը ստեղծում է հանդիսանքի իր աշխարհը, ուր իշխում է երեւակայության կենդանի տոնախաղը, թռիչքը, ստեղծագործելու հավերժ ու մշտապես նորացող արդիական եւ ավանդական բերկրանքը։ Կան կտավներ էլ, որ նման են կյանքին, որով Էլիբեկյանը ցանկանում է, որ կյանքն էլ նման լինի դրանց, եւ դիտողն ասես հաճույքով կիսում է նկարչի այդ ցանկությունը։ Եվ այստեղ նույնպես Էլիբեկյանի երանգապնակից ծնվող կտավները մերթ եթերային ու թափանցիկ թեթեւություն ունեն՝ ասես նման լինեն ջրի վրայով  սահող հովի քնքշության, մերթ ճոխ ու բազմագույն են՝ լույսի եւ տարածության խտացումով ու ծավալվող գույների երանավետ խորությամբ, գունապատկերների նրբազգաց հարաբերումներով Էլիբեկյանի արվեստում որոշակի տեղ ունի նաեւ դիմանկարի ժանրը, ուր փայլուն գեղանկարչությունը զուգորդվում է կերպարի հավաստիությանն ու ազգային ավանդույթները կրող ընդհանրացումների ձգտումին։ Թատրոնին մի առանձնահատուկ տեղ է հատկացնում Ռ.Էլիբեկյանի դերը ստեղծագործական տեսահորիզոնում։ Եվ քանզի Էլիբեկյանի արվեստի ակունքները մեծապես ազդվում են օպերայի ու թատրոնի աշխարհից, ուստի արվեստագետը, այս ասպարեզում էլ կրկին փորձություններն ու գայթակղությունները հաղթահարած, որպես մի առանձնահատուկ ստեղծագործող, կատարել է բազում նրբաճաշակ բեմանկարչական ձեւավորումներ։
Էլիբեկյանական վրձնի պատկերած թատրոն-նկարի առջեւ այնպես է թվում, թե Էլիբեկյանը կամ օպերային թատրոնին հավետ խենթի պես սիրահարված գեղանկարիչ է, եւ կամ էլ թատերագիր ու էլի խենթի պես սիրահարված գեղանկարչությանը, որտեղ այդ չխունացող հմայքից ակամա մոռացվում է կեղծիքն ու սուտը, տգեղն ու չարը եւ, հափշտակվելով ու կախարդվելով տեսածից, վերանալով տխուր առօրյայից, ասես փոխադրվում ես չքնաղ կախարդանքի, հեքիաթի ու երանավետ հույզերի անօրինակ հաճույքի մեջ եւ լիովին վայելում ու ըմբոշխնում այն։
Ոճական շրջանները, հաջորդելով միմյանց, տարրալուծվելով, առաջ են մղում հեղինակի վրձնարվեստի հնարավորության սահմանները եւ ընդմիշտ ապացուցում, թե որքա՜ն բարդ ու դժվար է ժամանակակից արվեստում ունենալ ուրույն ոճ ու ոճամտածողություն եւ կրել այդ բախտը։ Էլիբեկյանի անընդհատ վեհացող ու բյուրեղացող, սակայն անցյալից երբեք չկտրվող արվեստը մեր վերածնված հայրենիքի մշակութային նոր վերելքի դրսեւորումներից է։

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ