ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆՈՐ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԸ

Տպել

Հայ եւ վրացի ընթերցողների սեղանին է դրվել անվանի բանաստեղծուհի Անահիտ Անի Բոստանջյանի պոետական նոր՝ հայերեն եւ վրացերեն լեզուներով, Թբիլիսիում լույս տեսած երկհատորյակը՝ «Սեր եւ անջրպետ» խորագրով։

Այն ճանաչված բանաստեղծուհու 28-րդ գիրքն է եւ թեմատիկ ուղղվածությամբ թեեւ շարունակում է հեղինակի ստեղծագործության հիմնական թեմաները՝ սիրո, իր երկու հայրենիքներին՝ Վրաստանին եւՀայաստանին, ակունքներին նվիրումի, բայց այս անգամ շեշտադրված է իր պապենական երկրի՝ Արեւմտյան Հայաստանի հանդեպ նվիրումը, կարոտն ու սերը։ Եվ դրա առանցքում 2011-ի աշնանը, նրա ուխտագնացության տպավորություններն են՝ շուրջ 50 տաղ, որոնց միջոցով ընթերցողի առաջ են հառնում Անին, Ղարսն ու Էրզրումը, Նեմրութն ու Սիփանը, Բինգյոլը, Վարագա վանքը, Մուշը, Սուլուխի կամուրջը, Վանը, Աղթամարը…
Ուշագրավ է այն, որ այս թեման,  բանաստեղծորեն այսպես միասնաբար, վիրահայ գրականության մեջ առաջին անգամ է ներկայացվում, մանավանդ վրաց ընթերցողին ներկայացնելու, նրան մեր պատմությանը, ինչու չէ, նաեւ մեր ցավին հաղորդակից դարձնելու առումով։ Ըստ էության, գիրքը մի նոր, գեղեցիկ կամուրջ է մեր ժողովուրդների միջեւ, նոր էջ է բացում մշակութային բարեկամության մատյանում եւ, ինչու չէ, հենց իր՝ Վ.Փշավելայի մրցանակի դափնեկիր, վրաց մշակույթի դեսպան Ա.Բոստանջյանի ստեղծագործական ու գրական-հասարակական գործունեության բեղուն գործունեության մեջ։ Եվ դրա մասին խոսում է հենց այն, որ երկհատորյակը լույս է տեսել Վրաստանի եւ Հայաստանի Գրողների Միության համատեղ հրատարակությամբ, Թբիլիսիի «Մերանի» հրատարակչությունում։
 Իր տեսակի մեջ առանձնահատուկ՝ գեղեցիկ ձեւավորված ու կազմված գրատուփի մեջ ամփոփված թե’ հայերեն (204 էջ), թե վրացերեն (124 էջ) գունավոր գրքերը աչքի են ընկնում թե՚ տպագրական բարձրակարգ մակարդակով, թե՚ գեղեցիկ դիզայնով, կավճապատ թղթով, 60-ից ավելի լուսանկարներով։
Հայերենից վրացերեն թարգմանությունը հեղինակել եւ վրացերեն գիրքը խմբագրել է ՎԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, որը նաեւ գրքի առաջաբանի հեղինակն է։
Հայերեն գրքի խմբագիրն ու առաջաբանի հեղինակը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն է, տողացիները իրականացրել են Անրի Գրիգորյանը եւ Դիանա Տեր-Բաղդասարովան։ Դիզայնի հեղինակը վրացի անվանի նկարիչ Գիորգի Ծերեթելին է, օպերատորներն են Դավիթ Ցվարիանին, Իրակլի Խուցիշվիլին, լուսանկարիչները՝ Վալերի Հունանյանցը, Յուրի Ակուլյանը, Վալերի Բադալյանը, Սուրեն Թարխանյանը։
Սակայն երկհատորյակը գուցեեւ լույս աշխարհ էլ չգար, եթե չլինեին գրքի բարի հովանավորները։ Եվ գրքերի հենց առաջին էջերին հեղինակի երախտագիտության խոսքն է ուղղված նրանց՝ Թբիլիսիի քաղաքապետարանին, վիրահայ գործարար Ռաֆիկ Աղաջանյանին, ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանին, ամերիկահայ բանաստեղծ, գործարար Ավիկ Դերենց-Դեիրմենջյանին։

ԴԻԱՆԱ ՏԵՐ-ԲԱՂԴԱՍԱՐՈՎԱ