ՇՆՈՐՀԱՎՈՐ 10-ԱՄՅԱԿԴ, «ՋԵՅՐԱՆ»

Տպել

Սեպտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի «Ջեյրան» մանկա-պատանեկան պարային համույթի հիմնադրման 10-ամյակի հոբելյանական համերգը՝ Թբիլիսիի «Art Hall» արվեստի սրահում, իրավամբ դարձավ տոնական իրադարձություն, որին ներկա էին    Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը։

Մեկը մյուսին հաջորդող ազգային ու նաեւ վրացական պարերը, հայրենասիրական ոգով ու մարդասիրությամբ տոգորված երգերը տոնակատարությանը հաղորդեցին ազգային ինքնության ու աշխարհին համերաշխության կոչող գաղափար։
Համերգն ինքնին, «Ջեյրան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց, Վրաստանի «Պատվո» շքանաշանակիր Սվետլանա Երիցյանի ստեղծագործական տարեգրության փոքրիկ հատվածի պատմությունն էր, ակնհայտ նվաճումները, այդ շարքում՝ «Մուշ» մանկական խմբի ստեղծումը, որոնց շնորհիվ էլ նա վաստակել է վիրահայ հանդիսատեսի սերը։ Այս անգամ եւս նա ստացավ ամենաբարձր ու բաղձալի պարգեւը՝ հանդիսատեսի սրտաբուխ ծափերը։
Համերգի ավարտին, շնորհավորելով ներկաներին, միջոցառման կազմակերպիչներին եւ նրա շնորհալի մասնակիցներին, Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն արժեւորեց հոգեւոր մշակույթի դերը՝ որպես ազգապահպանության գործոն, եւ կոչեց ազգային հոգեւոր արժեքներով, նման գեղեցիկ նվաճումներով դաստիարակել մարդկությանը օգտակար սերունդներ։ Եպիսկոպոսը համույթին նվիրեց թբիլիսցի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի կտավը։
Միջոցառումը վարեց «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը։
Հանդիսույթը կայացավ Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, կազմակերպմամբ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի եւ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության։