ՀՈՒՇ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻՆ

Տպել

Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում անցկացվեց գրական երեկո՝ նվիրված հայ-վրացական բարեկամության նվիրյալ ջատագով, Հայաստանի եւ Վրաստանի բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, ս.թ. սեպտեմբերին մահացած, արժանահիշատակ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հիշատակին:

Թբիլիսյան գրասեր հանրությունը լավ էր ճանաչում Լեւոն Անանյանին, տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ էր հանդիպել նրան, լսել նրա առինքնող խոսքը ու սիրել նրան… Ուստի անվանի հասարակական ու ազգային գործչի անժամանակ մահը խոր ցավ պատճառեց եւ վիրահային, իսկ լեփ-լեցուն դահլիճն արդեն խոսուն վկայությունն էր այդ սիրո ու կորստյան ցավի: Եվ միջոցառումն, ըստ էության, մի նոր ու յուրովի հանդիպում դարձավ ընթերցողի ու գրողի միջեւ, որն արդեն Հավերժի ճամփորդ է, իր երկրորդ՝ Անմահության կյանքն է ապրում ու մեզ՝ երկրայիններիս ժամանակի մարտահրավերների դեմ դիմակայելու հնչերանգներով հարուստ մնայուն ձեռագրով ուղղորդում է դեպի ազգապահպանություն, դեպի լեզվապահպանություն, դեպի սեր ու կամուրջներ այլ ժողովուրդների հետ:
Երեկոն սկսվեց Տերունական աղոթքով ու օրհնությամբ, որ հնչեցրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ապա Անանյանի կենսագրությունը ու նրա՝ որպես ՀԳՄ եռանդուն ու նվիրյալ նախագահի, գրական-հասարակական խոշոր ազգային գործչի, գրողի ու հրապարակախոսի, թարգմանչի ու հրատարակչի, գրականություններ ու մարդկային սրտեր կամրջող բացառիկ մեծ մտավորականի ու մեծատառով մարդու, վրաց ժողովրդի մեծ բարեկամին ներկայացրեց բանաստեղծուհի, «Կամուրջ» ՀԿ նախագահ Անահիտ Բոստանջյանը՝ հատկապես ընդգծելով Անանյանի անուրանալի դերակատարումը համահայկական միասնական դաշտ ստեղծելու, աշխարհասփյուռ հայ գրողներին միավորելու, հայ գրականությունը բարձր պահելու եւ այն աշխարհին նեկայացնելու բարի գործում: Նա իր խոսքում մեջբերում արեց Անանյանի ստեղծագործություններից, այդ թվում «Վայրի կակաչ» վրացերեն ժողովածուն» (թարգմ.՝ Մ.Գոնաշվիլի, Գ.Շահնազար, Մ.Գեուրկովա. Ա.Բոստանջյան):
Ջերմ էր ու սրտառուչ Լեւոն Անանյանի ու մեր ժողովրդի հոգեհարազատ բարեկամի, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու խոսքը՝ սրտի խոր ցավով ու սիրով լի: «Ես կորցրել եմ իմ եղբորը, ում հետ, թվում է, միասին ենք մեծացել, նույն կաթով սնվել, ինչպես Հայոս-Քարթլոս եղբայրները… Հպարտ եմ, որ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել միասին, թարգմանական անթոլոգիաներ հրատարակել, գրողների փոխայցեր կազմակերպել…»,-իր խոսքում ասաց Մ.Գոնաշվիլին ու ընթերցեց Անանյանի «Հեռակա ընթրիք» քերթվածը՝ նվիրված Ռեւազ Միշվելաձեին՝ իր թարգմանությամբ:
Լեւոն Անանյանի՝ ՀԳՄ հմուտ ու եռանդուն նախագահի, վրաց ժողովրդի մեծ բարեկամի մասին խոսք ասաց վիրահայ անվանի թարգմանիչ, Անանյանի կողմից միշտ բարձր գնահատված Գիվի Շահնազարը:
Իր հետաքրքիր հուշերը՝ կապված Անանյանի հետ, ներկաների հետ կիսեց ու Անանյանին որպես մեր ժամանակների խոշոր մտավորականի, մեր երկու ժողովուրդների բարեկամության նորօրյա հիմնասյուներից մեկի ներկայացրեց Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:
Անանյանի մասին գնահատանքի, ափսոսանքի ու հպարտության, նրա սթափեցնող խոսքից դասեր առնելու իր խոսքն ասաց Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազանը՝ հատկապես կարեւորելով երեկոյի ժամանակ հնչած «Տունը, որ չի շինել վարպետ Օհանը» հոդվածը. հավելելով նաեւ Անանյանի մարդկային գեղեցիկ նկարագրի մասին իր բարձր կարծիքը, ինչպես նաեւ Վրաստանի հետ կապերի, ի մասնավորի Թումանյանի թբիլիսյան տան վերադարձի գործում նրա մեծ դերը:
Լեւոն Անանյանին նվիրված հուշ- երեկոյին գեղարվեստական մասում Լեւոն Անանյանի, նաեւ իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես եկան Վալերի Հունանյանցը, Արտեմ Կիրակոզովը, Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան, Միխայիլ Անանովը, Գարի Ղալամքարովը, Մոնիկա Քուրքչյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դիանա Տեր Բաղդասարովան, Լիզա Թորոսյանը, Լիկա Մարգարյանը, Էրիկ Սիմոնյանը, Լեւոն Չիդիլյանը…

ԱՆԱՀԻՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ