«ԱՆՁՐԵՎ ՎԱՃԱՌՈՂԸ» ԿԱՄ ԼՈՒՐՋ ԽՈՍՔ ԱՍՎԱԾ ԺՊԻՏՈՎ

Տպել

Անցյալ դարի 30-ականներին ստեղծած եւ թատերաշխարհում մեծ աղմուկ հանած ամերիկացի գրող Ն.Ռիչարդների «Անձրեւ վաճառողը» պիեսը, որ իր ժամանակին շրջել է աշխարհի գրեթե բոլոր բեմերը եւ այսօր էլ շարունակում է մնալ պահանջված ներկայացումներից մեկը, չգիտես ինչու, շրջանցվել է հայ բեմարվեստի կողմից։ Այդ ամենը փորձեց շտկել Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ճանաչված ռեժիսոր Լեւոն Ուզունյանը։ Այս ներկայացումով թատերախումբը մեկ ամիս առաջ հյուրախաղերով  շրջագայեց ողջ Հայաստանը եւ եղավ մի խումբ քաղաքներում, արժանանալով հանդիսատեսի լուրջ գնահատանքին, իսկ հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիի Ակակի Խորավայի անվան դերասանի տանը ներկայացումը հանձնվեց հարազատ հանդիսատեսի դատին։

Ինչ ասել կուզե, որ երիտասարդ դերակատարներ Սերգեյ Սաֆարյանը (Բիլ Ստարբակ), Լյուբա Սահակյանը (Լիզի), Գիորգի Թերժանյանը (Նոյ), Աշոտ Սիմոնյանը (Ջիմի), Արամ Միքայելյանը (շերիֆ Ֆայել) ամենայն պատասխանատվությամբ փորձեցին հանձնել այն լուրջ քննությունը, որ դրված էր նրանց առջեւ։ Նրանք պետք է կարողանային իրենց հետ տանել՝ նյութականը հոգեւորից վեր դասող արժեքների մեջ խճճված այսօրվա հանդիսատեսին։ «Այս պրեմիերան, ինչ-որ կերպ, փոխում է իմ ռեժիսորական ամպլուան,- խոստովանեց Լ.Ոզունյանը,֊ նրանով ես ուզում եմ, երջանկահիշատակ Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքով ասած` «Հանդիսատեսի հետ՝ ժպիտով խոսել շատ լուրջ թեմայի շուրջ…»։
 Ներկայացումն առաջին իսկ պատկերից, արծարծում է ընտանիքի, ամուսնության, անձնական երջանկության հավերժական խնդիրները։ Ի պատիվ երիտասարդ դերակատարների, ասենք, որ նրանք կարողացան մտորել տալ հանդիսատեսին՝ կյանքը խթանող բարության ու սարեր սասանող մարդկային հավատի մասին։
Ամուսնանալ երազող, բայց երազանքի ճանապարհին ձախողված ու հուսահատված Լիզին (Լյուբա Սահակյան¤, նրա հետ նաեւ հանդիսատեսը, հավատաց, առաջին պահ սովորական դրամաշորթ թվացող Բիլի (Սերգեյ Սաֆարյան), իրականում ազնիվ նկարագրին։ Հավատացին «երազող» Բիլի հիշեցրած ճշմարտություններին նաեւ մյուս հերոսները հավատացին նրան, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է լավը, եւ աշխարհը նրանն է, ով տեսնում է այդ լավը, որ բավական է հուշել թույլին, թե ուժեղ ես, եւ նա ուժեղ կլինի…
Ինչպես միշտ, դերակատարները, այս անգամ եւս ցուցադրեցին իրենց պահանջկոտ, նախանձախնդիր վերաբերմունքը սեփական աշխատանքին եւ ստացան արժանի վարձատրությունը՝ հանդիսասրահի բուռն եւ շնորհակալ ծափերը։
Պիեսի գեղագիտական լուծումներին իրենց կարեւոր դերն են կատարել երաժշտական եւ բեմական ձեւավորումները՝ Վալերի Ամիրաղյանի եւ Մալխազ Իոբաշվիլու իրականացմամբ։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ