ԹԲԻԼԻՍԻՆ ՄԵԾԱՐԵՑ ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ

Տպել

Դեկտեմբերի 12-ին լրացավ վիրահայ մեծանուն գրող, լրագրող, Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի երարամյա նախագահ, «Վրաստան» թերթի մշակույթի եւ գրականության երկարամյա բաժնի վարիչ, «Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի նախագահ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Բենիկ Սեյրանյանի (1913-2003) ծննդյան 100-ամյակը:

Այդ հիշարժան հոբելյանը նշելու եւ մեր կողքին ապրած ու հայ գրականության մեջ իր մնայուն հետքը թողած անվանի գրողի հիշատակը խնկարկելու եւ մեծարելու նպատակով Վրաստանի գրողների միության եւ «Վրաստան» թերթի նախաձեռնությամբ նույն օրը Վրաստանի Գրողների տանը կայացավ հանդիսույթ, որին իրենց մասնակցությունն էին բերել մայրաքաղաքի հայ ու վրացի գրասեր հասարակայնության ներկայացուցիչները, մարդիկ, որոնք ճանաչել են մեծ գրողին, վայելել նրա կենդանի, համով, հոտով խոսքը, նրա բարի ու մարդկային անհատականության բարեկամությունը, պարզապես եղել նրա ընթերցող-երկրպագուները:
Բացելով միջոցառումը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին ներկայացրեց հայ գրողի կենսագրությունը եւ արժեւորեց նրա մեծ դերակատարումը հայ-վրաց գրական առնչությունների ամրապնդման գործում:
Այնուհետեւ Բենիկ Սեյրանյան մարդու, լրագրողի, գրողի ու ազգային-հասարակական գործչի մասին հանգամանալից խոսեց «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Նա հատկապես ընդգծեց այն իրողությունը, որ Բենիկ Սեյրանյանը թերթում աշխատել է մի ամբողջ կյանք՝ 70 տարի (1933-2003թթ.), որ հեռավոր 1933 թվականին նրան, 20֊ամյա երիտասարդին ընդունեցին որպես թերթի հաստիքային աշխատակից եւ որ խմբագրությունում պահվող նրա աշխատանքային գրքույկում միայն մի գրանցում է՝ «Ընդունվել եւ մինչեւ կյանքի վերջը աշխատել է խմբագրությունում»:
Իր գրական ուսուցչի մասին հանգամանալից ու հուզիչ խոսեց բանաստեղծուհի, թարգմանիչ, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը՝ Բենիկ Սեյրանյանի ստեղծագործությունը դիտարկելով որպես երեւույթ հայ գրականության մեջ, Բենիկ Սեյրանյանին ներկայացնելով որպես նովելի վարպետ, որպես դասական գրող, որի ստեղծագործությունը դեռ շատուշատ հետազոտությունների, ուսումնասիրությունների կարիք ունի՝ նրան իր արժանի տեղը հատկացնելու համար հայ գրականության անդաստանում:
Ընթերցվեցին նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, Արտավազդ Սարեցյանի (Սոուխումի) ուղերձները գրողի 100-ամյակի առիթով, ինչպես նաեւ Սեյրանյանին հիանալի ճանաչող գրողներ Բակուր Կարապետյանի, Լեւոն Մութաֆյանի (Երեւան), Գարուշ Հարյանցի (ԱՄՆ) ողջույնի խոսքերը։
Բենիկ Սեյրանյան գրողին Դարի մարդ ու մեծ թբիլիսցի անվանեց ու թե’ որպես գրողի, թե՚ որպես մարդու արԺեւորեց անվանի բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը:
Սեյրանյանի մասին հուշեր պատմեցին, նրա վաստակը կարեւորեցին, վիրահայ գրականության մեջ ու ընդհանրապես համայնքում նրա անփոխարնելի դերի, նրա թատերգությունների, դպրոցական աշխարհի հետ նրա սերտ կապի մասին խոսեցին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի կրթության նախարարության աշխատակից Կարինե Մանուկյանը, ով առաջարկեց սահմանել Բենիկ Սեյրանյանի անվան գրական մրցանակ, եկարամյա մանկավարժներ Նորայր Բաղդասարյանը, Նազիկ Ոսկանյանը, Մանանա Կարապետյանը, բանսիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, Վիրահայոց թեմին կից գործող  «Հայարտուն» կրթա-մշակությաին կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը, այլք:
Միջոցառումից հետո ներկաները ուղղվեցին դեպի Թբիլիսիի Հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն՝ գրողի շիրիմի մոտ խնկարկելու նրա հիշատակը եւ ծաղիկներ դնելու նրա գերեզմանին: Այստեղ մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որը մատուցեց Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Սամվել Թորոսյանը:
Հանդիսություններին մասնակցում էր Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Լուսանկարը՝ Վալերի Հունանյանցի