ԿԵՐՊԱՐ` ՄԻՏՎԱԾ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ

Տպել

Վիրահայոց թեմի Նինոծմինդայի շրջանի Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան նորաբաց մշակութային կենտրոնում, դեկտեմբերի 12-ին հանդիսավորապես նշվեց վիրահայ անվանի արձակագիր, լրագրող Բենիկ Սեյրանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Հավաքվել էին շրջանի մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, մանկավարժներ, լրագրողներ, գրադարանավարներ:

Իր ելույթում, «Վերնատուն» միության նախագահ Ժ.Սնխչյանը մեծարանքի եւ գնահատանքի խոսքեր ուղղեց անվանի գրողի հասցեին, որի բեղուն գրչի արդյունքը եղան ոչ միայն նրա 50-ից ավելի հայերեն, վրացերեն եւ այլ լեզուներով տպագրված հիանալի գրքերը, այլեւ նրա բուռն գործունեությունը` որպես Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի նախագահի, նաեւ` այդ բաժանմունքի տարեգրքի խմբագրի, «Սայաթնովյան վարդատոնի», «Գարունը գարնան մեջ» փառատոնի կազմակերպչի եւ վարողի, ականավոր լրագրողի անցած ուղին: Հանդիսավար-զեկուցողը պատմեց Բենիկ Սեյրանյանի կյանքի, որպես իսկական թբիլիսահայի, ընկերական շրջապատում ունեցած հմայքի, նրա հրաշալի ընտանիքի մասին:
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան նրանք, ովքեր անձամբ շփվել էին մեծ գրողի հետ, նաեւ նրանք, ովքեր գրողին գիտեին կա՚մ նրա հեղինակած գրքերից, կա՚մ «Վրաստան» թերթի էջերից:
Ապա տեղի ունեցավ գրքերի նվիրատվություն` հանրային գրադարաններին: Ընթերցողին ընծայվեցին վերջերս Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի միջնորդությամբ եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով լույս տեսած Սերգեյ Առաքելյանի եւ Հովհաննես Մարիկյանի գրքերի օրինակներ, ինչպես նաեւ վերջին տարիներին տպագրած գրքերը գրադարանային համակարգին նվիրեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության Ջավախքի բաժանմունքի ղեկավար Ալբերտ Իսոյանը:
Միջոցառումը զարդարեցին Բ.Սեյրանյանի, Ս.Առաքելյանի, Հ.Մարիկյանի եւ  Ա.Իսոյանի գրքերից ընթերցված հատվածներն ու բանաստեղծությունները:
Հոբելյանական ցերեկույթի կազմակերպմանը իրենց աջակցությունն էին բերել Նինոծմինդայի գրադարանային համակարգի (տնօրեն` Ցողիկ Խաչատրյան) եւ սովորող երիտասարդության արվեստի «Արեւիկ» շրջանային կենտրոնի (տնօրեն` Աստղիկ Դարբինյան) աշխատակիցները:

ՍԱԹԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ք. Նինոծմինդա