ՀԻՆ ԹԻՖԼԻՍԻ ՁԵՆԵՐԸ…

Տպել

Հայ գրականության դասական Բենիկ Սեյրանյանի (1913-2003) ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանը, որ լրացավ ու նշվեց 2013֊ի դեկտեմբերին, նշանավորվեց հրատարակչական մեծ ճաշակով ձեւավորված, «Կամուրջ» գրական֊մշակութային կազմակերպության մատենաշարով, կազմակերպության ղեկավար բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ, իբրեւ երախտիքի խոսք՝ անվանի գրողի ստեղծագործությունների՝ «Հին Թիֆլիսի ձեները» գողտրիկ ժողովածուի լույսընծայմամբ։

Թբիլիսիում տպագրված այդ գիրքը Բենիկ Սեյրանյան գրողի, լրագրողի («Վրաստան» թերթում աշխատել է գրեթե 70 տարի, մինչեւ կյանքի վերջը) տարբեր ժամանակներում գրած պատմվածքների, նովելների եւ մանրապատումների փոքրիկ ընտրանի է։ Այստեղ համատեղված գործերի ներքին կապը ստեղծվում է, Սիլվա Կապուտիկյանի խոսքով ասած՝ «Մարդկանց ու ժողովուրդների միջեւ սիրո ու բարեկամության մթնոլորտ հաստատելու» Սեյրանյանական ազնիվ միտումով։
Գրքին կցված են ժամանակակից գրական աշխարհի ներկայացուցիչների՝ Բենիկ Սեյրանյան գրողին նվիրված հակիրճ, ընդգրկուն բնորոշումները, սկսած գրականության դասականներ՝ Սիլվա Կապուտիկյանից եւ Մորիս Փոցխիշվիլուց, վերջացրած ժամանակակից հայտնի գրողներ Վահագն Դավթյանով եւ Ջանսուղ Չարկվիանիով։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ