ՊԱՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐ ԱՍՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Տպել

Թբիլիսիի տասնամյա կրթությամբ նկարչական ուսումնարանը (տնօրեն՝ Նոդար Մումլաձե), որը, ի դեպ, տեղակայված է հայկական 104-րդ դպրոցի առաջին հարկում, պարբերաբար ստանում է այլեւայլ բովանդակության ցուցահանդեսների մասնակցելու հրավերներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

2013-ին ուսումնարանը նման հրավեր ստացավ Լեհաստանի հանրապետությունից։ Այստեղ՝ Տորան քաղաքի մանկական պլաստիկ ստեղծագործության պատկերասրահ-կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողների հերթական՝ 17-րդ միջազգային մրցույթը, որը նվիրված էր բնության եւ էկոլոգիայի պաշտպանությանը եւ ընթացավ՝ «Ամեն ինչ կանաչ, ամեն ինչ կապույտ» նշանաբանով։ Այդ լայնամասշտաբ ցուցահանդես-մրցույթին, արժանավոր կերպով իրենց մասնակցությունը բերեցին նշյալ ուսումնարանի մի խումբ աշակերտներ։  Լեհական այդ քաղաքում ուսումնարանի ուսմասվար Դիանա Սանբուրին եւ գրաֆիկայի բաժնի դասատու Նինո Բասիլաշվիլին, անթաքույց գոհունակությամբ, խոսեցին ու կիսվեցին մրցույթի մասնակիցների հետ եւ իրենց սաների՝ տարբեր մրցույթներում ու, մասնավորապես, այս մրցույթին պատշաճ եւ մեծ պատասխանատվությամբ պատրաստվելու մասին, որը եւ, ինչու չէ, արդարացրեց ուսումնարանի ղեկավարության ու մանկավարժների սպասումները։
Մրցույթի միջազգային ժյուրիի որոշմամբ, արդյունքում, տարիքային համապատասխան հարթակում հաղթեց ուսումնարանի՝ գրաֆիկայի խմբի 8-րդ դասարանի աշակերտուհի Ասմինե Ղազարյանը, ով միաժամանակ պարգեւատրվեց թե՚ մեդալով, թե՚ դիպլոմով։ Ասմինեն խոստովանեց, որ հաղթանակի զգացումը իրեն, ասես, թեւեր է տվել…
Դիպլոմներ ստացան նաեւ ուսումնարանի տարբեր դասարանների աշակերտներ Կոտե Ղվաբերիձեն (8-րդ դաս.), Նինա Սարգիսովան (8-րդ դաս.), Մարի Քուշաշվիլին (8-րդ դաս.), Թաթիա Մամուլաշվիլին (6-րդ դաս.), Էլենե Դավիթաշվիլին (6-րդ դաս.)։
Դիպլոմների արժանացան նաեւ ուսումնարանի դասատուներ Նինո Բասիլաշվիլին, Թեոնա Գասիշվիլին եւ Թամունա Նակաիձեն։ Ի սրտե շնորհավորում ու լուսավոր ճանապարհ ենք մաղթում ձեզ, ապագա գեղանկարիչներ։


ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ