ԴՐՎԱԳՆԵՐ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ

Տպել

Բախտիար Հովակիմյանի «Դրամատուրգ Վաչե Հարությունյան» ծավալուն մենագրությունը, որը վերջերս լույս է տեսել Երեւանում, շնորհակալ գործ է անցյալ դարի հայ դրամատուրգիայի ու թատրոնի պատմության ուսումնասիրման ճանապարհին, արժեքավոր է նաեւ նրանով, որ վավերագրական հետաքրքիր փաստեր է պարունակում Խորհրդային Միության սահմաններում գործող հայկական, այդ թվում՝ Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի (1928-1945) եւ 1858-ին հիմնադրված այսօր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնների մասին։ Բայց մինչ այդ դրվագներին անդրադառնալը, նախ հակիրճ ներկայացնենք Վաչե Հարությունյան արվեստագետին (1900-1986)։

 Վաչե Հարությունյանը եղել է բազմաժանր գրող, կինոսցենարիստ եւ առավելապես դրամատուրգ ու թատերական գործիչ։ Եղել է նաեւ իր ժամանակի անվանի մանկավարժ, ծննդավայր Կոշի (Հայաստանի Հոկտեմբերյանի, այսօր արդեն՝ Արմավիրի մարզ) առաջին դպրոցի հիմնադիրներից մեկը։
Իր դրամատիկական ժառանգությամբ, որ ընդգրկում է երեք տասնյակ պիեսներ, Երեւանի պետթատրոնի դերասան-ռեժիսոր Վավիկ Վարդանյանի հետ, Վահեն իր ավանդն է ներդրել ժամանակի թատերական խոշոր օջախների՝ Երեւանի, Լենինականի (այժմ՝ Գյումրի), Ղարաքիլիսայի (Վանաձոր), Հայաստանից դուրս՝ Բաքվի, Թբիլիսիի հայկական թատրոնների համար պրոֆեսիոնալ ռեժիսորներ, դերասաններ պատրաստող թատերական ստուդիաներ ստեղծելու գործում։


Ղազարոս Աղայանի հանրահայտ «Անահիտ» հեքիաթի հիման վրա Վահե Հարությունյանի կողմից ստեղծած նույնանուն պիեսին բախտ վիճակվեց բեմադրվել այն օրերի արդեն համբավավոր ու հայ թատերարվեստի ուսանելի ավանդույթներով հարուստ այն ժամանակ Վրաստանի մայրաքաղաքում գործող Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնում։
Իր արդիական հնչողությամբ վաղուց ի վեր թատերական գործիչների ուշադրությունը գրաված պիեսը պատահական չէր, որ նկատվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Վաղարշակ Էլիբեկյանի կողմից։ Ի դեպ, ասենք, որ Վաղարշակ Էլիբեկյանը շուտով դառնում է Ստ.Շահումյանի անվան պետհայդրամայի թատրոնի տնօրենը եւ համարյա 20 տարի աշխատում է այդ պաշտոնում, միաժամանակ նա հեղինակ էր մի քանի տասնյակ պիեսների, զբաղվում էր նկարչությամբ ու գեղարվեստական ձեւավորողն էր։ Ապա, տեղափոխվելով Երեւան, զբաղվեց նկարչությամբ եւ մեծ համբավ ձեռք բերեց նկարչության ասպարեզում։
«Պիեսը գտավ ընդհանուր հավանություն եւ անպայման կբեմադրվի մեր թատրոնում»,- գրում է նա՝ 1940-ին Հարությունյանին հղած նամակում։ Իսկ թատրոնի թարգմանիչ Հովհ.Ագուլյանը, ցանկանալով «հայ գրական-թատերական արժեքներից մեկը դարձնել նաեւ վրաց բեմի սեփականությունը», պիեսը վրացական բեմ հանելու հարցով, խոսում է Պատանի հանդիսատեսի վրացական թատրոնի ղեկավարներից մեկի՝ Գիորգի Դարիսպանաշվիլու հետ։
Ներկայացման բեմադրությունը իրականացրել է Ստ.Քափանակյանը, բայց, ինչպես նշում է մենագրության հեղինակ Բախտիար Հովակիմյանը, բեմադրության «սեւ» աշխատանքը կատարել է երիտասարդ ռեժիսոր Վանյա (Հովհաննես) Վարձիգուլյանը։
«Անահիտի» պրեմիերան Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է 1941-ի հունիսի 11-12-ին, որին հրավիրված է եղել պիեսի հեղինակը, սակայն Հարությունյանին չի հաջողվել ներկա գտնվել իր պիեսի թբիլիսյան պրեմիերային։ Ներկայացման հաջորդ օրը, Էլիբեկյանը ոգեւորությամբ հեռագրում է Հարությունյանին. «Անահիտի» պրեմիերան անցավ մեծ հաջողությամբ։ Ընդունեցեք կոլեկտիվի եւ դիրեկցիայի ջերմ շնորհավորանքը»։
Թատրոնը հետագայում, «Անահիտ» ներկայացումով, պատվել է Ղազարոս Աղայանի ծննդյան 100-ամյակը։ Բայց Հարությունյանը այս անգամ էլ ներկա չի գտնվել ներկայացմանը, եւ դա հասկանալի էր,- Ղ.Աղայանի հոբելյանը նշվել է 1941-ի հունիսի 22-ին, Հայրենական պատերազմի սկզբին…
Պրեմիերային մասնակցել են ավելի քան քսան դերասան, այդ շարքում՝ Հ.Քարտաշյանը, Ծ.Գրիգորյանը, Լ.Ֆիդանյանը, Մ.Արզումանյանը։ Իսկ Վաչագանի դերը կատարել է այն օրերին երիտասարդ դերասան, ծնունդով թբիլիսցի Բաբկեն Ներսիսյանը, ով հետագայում դարձավ նախ՝ Թբիլիսիի Ստ.Շահումյանի անվան պետհայդրամայի թատրոնի, իսկ Երեւան տեղափոխվելուց հետո՝ տեղի Գ.Սունդուկյանի անվան ազգային թատրոնի, ապա եւ՝ հայ կինոյի առաջատար դերասաններից մեկը։
«Համեմատելով Թբիլիսիի եւ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնների բեմադրությունները՝ պետք է հայտնեմ, որ մեր բեմադրությունը գերազանցել է ձեր թատրոնի բեմադրությանը։ Ե՚վ ռեժիսորական աշխատանքը, ե՚ւ դերասանների խաղարկումը, ե՚ւ երաժշտական ձեւավորումը, ե՚ւ նկարչի աշխատանքը մեր թատրոնի նվաճումը պիտի համարվեն»,- բեմադրությունից մի քանի ամիս անց Հարությունյանին հասցեագրված նամակում գրել է ռեժիսոր Վ.Վարձիգուլյանը։
«Անահիտի» հաջողությանը նպաստել են թատրոնում աշխատող կոմպոզիտոր, «Անուշ» օպերայի հեղինակ Արմեն Տիգրանյանի, նկարիչ-ձեւավորող Մանուկ Կիրակոսյանի, պարերի բեմադրող, օպերային թատրոնի բալետի արտիստ Գարրի Բարխուդարյանի բարձրարվեստ ձեւավորումները։
«Անահիտ» պիեսի բեմական կյանքը շարունակվել է հետպատերազմյան տարիներին եւս, առավելապես՝ Հայաստանից դուրս գործող հայկական թատրոններում։ Առաջինը պիեսին անդրադարձել է Թբիլիսիի Ստ.Շահումյանի անվան պետհայդրամայի թատրոնը։ Բեմադրությունն իրականացրել էր թատրոնի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար Ֆերդինանդ Բժիկյանը 1959թ.-ի մայիսին։ Ի դեպ, նա ցանկացել է ավելի շուտ անդրադառնալ պիեսին, բայց հետաձգել է թատրոնի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման պատճառով։ Ներկայացման նկարչական ձեւավորումը կատարել է բեմանկարիչ Ռոբերտ Նալբանդյանը, իսկ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Է.Աբրահամյանն է։
«Անահիտի» բեմադրական կենսագրության մեջ, ինչպես նշում է մենագրության հեղինակ Բախտիար Հովակիմյանը, երեւի այնպիսի ուժեղ կատարողական կազմ երբեք չի արձանագրվել, ինչպիսին ունեցել է Թբիլիսիի պետհայդրամայի բեմականացումը, որին ներգրավված են եղել նրա լավագույն ուժերը. Արշակ Արշակունին՝ Առան, Էմմա Ստեփանյանը՝ Անահիտ, Սուրեն Եղիազարյանը եւ Արշակ Ալիխանյանը՝ Վաչե թագավոր, Մարիամիկ Մոճոռյանը եւ Ծաղիկ Վրույրը՝ թագուհի, Ռաֆայել Պապովյանը՝ Վաչագան, Դորի Ամիրբեկյանը՝ Վաղինակ, Ասյա Ժամկոչյանը եւ Մ.Շահվերդյանը՝ Սաթենիկ, Աշոտ Քաջվորյանը՝ Հազարապետ Օշին, Հայկ Ումիկյանը՝ Մանգուն իշխան, Ջ.Աթաբեկյանը՝ Օշապ, Կ.Քաղքցյանը՝ Մոգպետ, Հր.Սիմոնյանը՝ Տանջանոցի վերակացու եւ ուրիշներ։
Մեր խոսքն ուզում ենք ավարտել թատերարվեստի նշանավոր գործիչ, դրամատուրգիայի տեսաբան Արծվի Հունանյանի 1981թ.-ին հայտնած ուշագրավ կարծիքով.
«…Վաչե Հարությունյանն այն քչերից է, որի գրած երեք տասնյակի հասնող պիեսները բեմադրվել են Հայաստանի եւ նրանից դուրս գործող հայ թատրոններում։ Հարությունյանի դրամատուրգիայի հիմնական արժանիքը ժամանակակիցներին հուզող հրատապ հարցերը գեղարվեստորեն մարմնավորելու ունակությունն է, հանդիսատեսին դահլիճ բերելու ընդունակությունը, որն արժանի ճանաչում է բերել հեղինակին»։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ