«ԴԻՊԼԻՊԻՏՈՆ»՝ ՔՍԱՆ ՏԱՐԻ ՀԵՏՈ

Տպել

Մարտի  23-ին մայրաքաղաքի թատերասերները, Ն.Դումբաձեի անվան Պատանի հանդիսատեսի բեմին նորից ու մեծ հետաքրքրությամբ դիտեցին Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի «Դիպլիպիտո» ներկայացումը։ Պիեսի հեղինակը ծնունդով թբիլիսցի, ժամանակակից մեծագույն գրող, դրամատուրգ Աղասի Այվազյանն է (1935-2007 թթ.)։

Պիեսը, ճանաչված ռեժիսոր Ռոման Մաթիաշվիլու բեմադրությամբ, դիտվել էր մոտ քսան տարի առաջ։ «Բայց ներկայիս բեմադրությունը, բնականաբար, տարբերվում է նախորդից ոչ միայն իր դերասանական խմբով,- ասում է մեզ ռեժիսորը,- այլեւ՝ երաժշտական, նկարչական ձեւավորումներով եւ կերպարակերտման ուրույն մոտեցումներով ու լուծումներով»։
Ասածը հավաստվում է ներկայացման առաջին իսկ պատկերներից…
Բեմին 1900-ականների Թիֆլիսն է… Կինտոների սրտաբաց խոսք ու կատակով, առուծախի իրարանցումով լի Թիֆլիսը։ Այս դեպքում, պիեսի հեղինակ Աղասի Այվազյանի ծննդավայր հեքիաթ-քաղաքը. նրա մանկության հուշերի խորհրդով պարուրված մի գունեղ-թամաշա, ուր կա միամիտ, պարզասիրտ մարդկանց նիստուկաց, մարդկային խղճի ու պատվի ավանդական ըմբռնում։ Եվ ուր, քսանեորդ դարի սկզբին, եկել էր նորը ու բերել ոչ միայն «գրամոֆոն, տելեֆոն, եսիմ ինչ ֆլան-ֆստան», այլեւ նոր հոգեբանություն…
Ներկայացման գործողությունները զարգանում են մեծահարուստ Թամամյանի եւ նրա ազգականների միջեւ ծագած հոգեբանական բախման սկզբունքով։
Հանդիսատեսը, դերասանների համոզիչ խաղի, բեմին կատարվող դեպքերի համամասնակիցն է դառնում, որովհետեւ թատերախմբի յուրաքանչյուր դերակատար, իր կերպարի մարմնավորումով, կարողացավ «հիշեցնել» նրան պատմության գիրկն անցնող հին Թիֆլիսի բարքերը, պարզասիրտ, ինչ֊որ տեղ նաիվ եւ, միեւնույն ժամանակ, զարմանալիորեն, հուզառատ ու զգացմունքային թիֆլիսցուն…
Դերերը հաջողությամբ մարմնավորեցին թատրոնի ավագ սերնդի առաջատար, սիրված դերասաններ Ֆելիքս Խաչատրյանը (Թամամյան), Մելանյա Բարսեղյանը (Սանամ), բեմական կարճ, բայց խոստումնալից կենսագրություն ունեցող, երիտասարդ շնորհալի դերասաններ Դավիթ Բարսեղյանը (Բեդո), Աշոտ Սիմոնյանը (Ծիկլո), Արամ Միքայելյանը (Կոլա), Սնեժանա Յաղուբովան (Շուշան), Սամվել Էլբակյանը (Կրուտելա), Հենրիխ Պետրոսյանը (Լամազով), Էդիկ Մուրադյանը (Կարմիր կինտո), Արեն Մկրտչյանը (Կապույտ կիտնո)։ Դերասանական խմբին հաջողվեց բեմին եռացող մարդկային զգացմունքներն ու կրքերը փոխանցել հանդիսատեսին, ով, զավեշտական պատմությունների մեջ իրենց միամիտ ինտրիգներով հայտնված այդ հերոսներին, վարձատրեց ջերմ ծափ ու ծիծաղով …
Ի դեպ, ներկայացման ավարտին հնչող երգ-երաժշտության հեղինակը՝ իր հագեցված դերակատարումներով հանդիսատեսի համակրանքը վաղուց նվաճած երիտասարդ դերասան Սերգեյ Սաֆարյանն էր, ով բեմադրության մեջ փայլուն մարմնավորեց Զաբոզլյանի կերպարը։ Ներկայացման հաջողությանը նպաստեցին երաժշտական ու նկարչական յուրօրինակ ձեւավորումները, որ իրականացվել էին Ռոման Մաթիաշվիլու հեղինակությամբ… Փորձված ռեժիսորն իր վրա էր վերցրել նաեւ այդ հույժ պատասխանատու գործը, ինչի արդյունքն ակնհայտ էր։
Պարերի բեմադրությունը իրականացրել էր բալետմաստեր Նինա Մերվալիշվիլին։
Խորապես սիմվոլիկ էր ներկայացման անանուն կերպարը (Սամվել Էլբակյան). հասարակության մերկ ու աղքատ խավի ներկայացուցիչը չի կորցնում՝ մարդասիրությամբ ու բարությամբ կյանքն ավելի լավը դարձնելու հույսը։
Այդ հույսով էլ սրահից հեռացավ հանդիսատեսը…

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ