ԱՐԱՔՍՅԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՊՈԵԶԻԱՅԻ ԱՍՏՂԱԶԱՐԴ ՏԻԵԶԵՐՔ

Տպել

Հպարտ, հմայիչ այս աղջկան հաճախ էի տեսնում մամուլի ասուլիսներին: Ուրիշների նման բերան պատռող չէր, անիմաստ հարցերի տարափ չէր տեղում: Փոխարենը, ուշիմ լսում էր բանախոսներին եւ հազվադեպ գրի առնում որոշ մտքեր: Որպես ավագի՝ ինձ միշտ բարեւում էր հարգանքով եւ, չսպասելով հերթական հարցիս, մի քանի խոսք էր ասում վիրահայության կյանքից: Նրան մի անգամ պատմել էի, որ տարիներ առաջ մի խումբ լրագրողներով Երեւանից Թբիլիսի էինք մեկնել եւ, իմ առաջարկով, այցելել Խոջիվանքի գերեզմանատուն: Ավելի ճիշտ՝ Հայ մշակույթի նշանավոր գործիչների պանթեոն եւ ալեկոծվել էի մինչեւ հոգուս խորքը: Այդ մասին գրել էի մեր տեղական թերթերից մեկում, եւ այս պատմությունը, ենթադրում եմ, տպավորություն է թողել նրա վրա:

Իսկ հիմա` ըստ էության: …Ինչ իմանայի, որ այդ լուսերես աղջիկը միայն ֆիզիկապես է ներկա մամլո ասուլիսներին, իսկ մտքով մի այլ աշխարհում է, իր հարազատ աշխարհում` պոեզիայի աստղազարդ տիեզերքում…
Ես խոսում եմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի միջնորդությամբ եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ 2012թ. լույս տեսած ու Վրաստանի հայ գրողների միությանն ուրախություն պատճառած «Ուրիշ լուսնից» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի եւ նրանից ստացած իմ տպավորությունների մասին: Նշեմ, որ գրքի խմբագիրը վիրահայ արվեստի աշխարհում հայտնի եւ հասարակական ազգանպաստ գործերի երախտավոր Գեւորգ (Ժորա) Սնխչյանն է` բանաստեղծուհու հայրը, ով գրքի առաջաբանում ի խորոց սրտի օրհնում է դստեր ճանապարհը:
Արաքս Սնխչյան. նա բոլորովին էլ ուրիշ լուսնից չէ, Երկիր մոլորակի հարազատ ծնունդն է իր արյան բոլոր բջիջներով եւ մինչեւ վարսերի ծայրը սիրահարված է այս հրաշք երկրագնդին: Արաքսը սիրահարված է կյանքին եւ խենթորեն ցանկանում է նրանից քամել իր բաժին սիրո բոլոր ակնթարթները: Անհնարին մի խնդիր, որից էլ ծնվում են բանաստեղծուհու հոգու խռովքն ու տառապանքը: Անհնարին, որովհետեւ… Որովհետեւ երջանկությունը մի ոսկե կաթիլ է տառապանքի ծովում: Դե՚, գնա ու գտիր այդ կաթիլը: Եվ բանաստեղծուհին բռնել է որոնումների տատասկոտ ճանապարհը:
«Ուրիշ լուսնից» բանաստեղծությունների ժողովածուն լույս է ճառագում, եւ այդ շլացուցիչ լույսի ներքո ասես տեսնում ենք Արաքսյա Սնխչյան բանաստեղծուհու սրտագրության ժապավենը, տեսնում սիրուց ճառագայթահար մի սիրտ: Բանաստեղծուհին չի խնայում ո՚չ իրեն, ո՚չ էլ իր սիրած էակին, որին եւս այրում-մոխրացնում է, երբեմն էլ… ուղղակի ոչնչացնում իր պոետական խոսքի ճարճատող խարույկում:
Իր անկեղծության մեջ բանաստեղծուհին… մորեմերկ է: Եվ հատկապես այդ պահերին տեսնում ենք նրա հոգու յոթներանգ ծիածանները: Նա համարձակ բարձրացնում է իր հոգու վարագույրը եւ նորին մեծություն պոեզիա հասկացողներին ասում. «Ես այսպիսին եմ, տեսեք` ինչքան հմայիչ-գեղեցիկ եմ: Բայց ես խեղճ ու խոնարհ չեմ, կարող եմ եւ ատել-վանել` նույնիսկ սիրուս պահերին»:
Այո՚, բանաստեղծուհու ոգին ճախրում է անսահման ազատության մեջ, եւ ոչինչ չի կարող բռնանալ նրա քաղաքացիական, պոետական այդ կարգավիճակի վրա: Այսպիսին է նրա պոեզիան` ազատ, անկաշկանդ եւ զերծ ամեն տեսակի պայմանականություններից: Նաեւ` տողերի հանգ ու վանկից, նրանց կարճ ու երկար լինելու հոգսերից: Արաքսյա Սնխչյանի պոեզիայում ամեն ինչ ենթարկված է գաղափարի տրամաբանությանը, ծով հույզերի ու շքեղ պատկերների թելադրանքին:
Քանի որ ոճ ասվածը իսկապես հենց ինքը՝ մարդն է, երիտասարդ բանաստեղծուհին, ասես հատու վրձնահարվածներով, նկարում է իրեն` համարձակ, գեղեցիկ, անխնա:
Զարմանք են հարուցում նրա մտքի անսպասելի շրջադարձերը: Այս տեսակետից խորապես խորհրդանշական է «Ուրեմն արի» բանաստեղծությունը: Այդ ստեղծագործությունը կնոջ հոգու անվերծանելի գաղտնարանների ու նաեւ նրա հակասական էության մի իսկական հանրագիտարան է, կանացի սիրո յուրօրինակ գորդյան հանգույց, այրամարդուն դաս տվող եւ ոչ բոլորին հասանելի մի խրթին փիլիսոփայություն:
Արաքսյայի բանաստեղծությունների լեյտմոտիվը սերն է, որի համեմատությամբ, մյուս մոտիվները մի տեսակ գունատ-դալուկ են դեռեւս: Թեմատիկայի հարստացման առումով անելիքները շատ են: Իհարկե, սա դեռ ճանապարհի սկիզբն է, խոստումնալից սկիզբ` թարմ հովերով եւ նոր խոսք ասելու հանդգնությամբ: Կարեւորն այն է, որ Արաքսն ընտրել է դեպի բարձունք տանող սեփական ուղին: Նա դեռ կասի իր խոսքը, եւ հուսանք՝ կհարթի իր արահետը մեր գրականության մեջ: Մաղթենք, որ Արաքսյա Սնխչյանի բանաստեղծական նորատունկ պարտեզում բուրավետ ծաղիկներ ու վարդեր աճեն: Ոգու անսահման ազատությունից ծնված հրաշք ծաղիկներ:

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լրագրող, բանաստեղծ
ք.Երեւան