ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ԵՍ ՇԱՏ ԹԵԼԵՐՈՎ ԵՄ ԿԱՊՎԱԾ ԹԲԻԼԻՍԻԻՆ»

Տպել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողներին («Վրաստան», 24 մայիսի), Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավարը՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի եւ երեւանցի դերասանների մասնակցությամբ, Գրիբոյեդովի անվան թատրոնում բեմադրեց Շեքսպիրի «Լիր արքա» պիեսը։ Տարբեր երկրների թատերախմբերի հետ համագործակցված աշխատանքում՝ ղազանչյանական ներկայացումները բնորոշվում են համապարփակ, խորքային մոտեցումներով, հաճախ՝ վերաիմաստավորված գաղափարական լուծումներով։ Այդ յուրօրինակ մոտեցման շնորհիվ, Թբիլիսյան հանդիսատեսի կողմից եւս մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Շեքսպիրյան հանրահայտ «Լիր արքա» ողբերգությունը։
Ներկայացումից հետո մենք զրուցեցինք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հետ։

- Պարոն Ղազանչյան, կկարողանա՞ք ասել, թե որերորդ անգամ եք լինում Թբիլիսիում։
- Չէ՚, հաշիվը կորցրել եմ։ Շատ հաճախ եմ լինում եւ, իրոք, հաշիվը կորցրել եմ… Դե, ներկայացումով, երեւի՝ վեց֊յոթ անգամ, բեմադրությամբ՝ երկրորդ անգամ։ Առաջին բեմադրությունը Ռուսթավելու թատրոնում արեցի, գրիբոյեդովցիների հետ բեմադրությունը երկրորդն է։ Թատերական, հատկապես՝ շեքսպիրյան, փառատոներին մասնակցությամբ՝ մի վեց-յոթ անգամ։ Ոչ աշխատանքային, հենց այնպես՝ շա՜տ-շատ անգամ։ Մի խոսքով, «շատ թելերով ես կապված եմ Թբիլիսիին»։
- Եվ դա զուտ ստեղծագործակա՞ն կապ է…
- Ոչ, դա ուսանողական տարիներից է գալիս ու առնչվում ուսանողական ընկերուհուս հետ. նա թբիլիսցի էր…
- Գանք թատրոնին։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է այսօր պահանջված Շեքսպիրի «Լիր արքան»։
- Ես կարծում եմ՝ այն մեկնաբանությունը, որով մենք փորձեցինք հանդես գալ, շատ արդիական է։ Այսօր մեր աչքի առաջ փլուզվում են երկրներ, տեղի են ունենում հեղափոխություններ, սկսում են գերիշխել անարխիան, անիշխանությունը, եւ, իմ կարծիքով այսօրվա տեսանկյունից, եթե փոքր-ինչ ուշադիր դիտարկենք Լիրի արարքը, ով պետությունը տոնական տորթի պես բաժանեց մասերի ու նվիրեց իր աղջիկներին, դարձյալ հանգում ենք այն եզրակացության, որ չի կարելի այդպես թեթեւսոլիկ վարվել պետության հետ, որ իշխանության հետ, ընդհանրապես, նման կատակներ չեն անում… Եվ ե’ս այն բեմադրիչներից չեմ, որ հակված եմ արդարացնելու Լիրին, աստվածացնելու նրան, ու, կարծում եմ, արդյունքում՝ Լիր արքան ստացավ ա’յն, ինչին նա արժանի էր…
- 90-ականների հանդիսատես-թատրոն կապի խզման ճգնաժամային օրերից հետո, այսօր Թբիլիսիում Ռուսթավելու, Մարջանիշվիլու ու էլի մի 2-3 թատրոնների տոմս ճարելը, պատկերացրեք՝ պրոբլեմ է, ինչպե՞ս է այդ խնդիրը Հայաստանում։
- Հայաստանում տենդենցը դրական է, հանդիսատեսը սկսում է կապվել թատրոնի հետ, եւ կարծում եմ, որ զարգացումը առավել քան խոստումնալից է։
- Դուք համատեղ ներկայացումներ եք բեմադրել Ռոբերտ Ստուրուայի հետ, բեմադրեցիք նաեւ գրիբոյեդովցիների հետ, նման ներկայացում ձեռնարկվո՞ւմ է, արդյոք, ադամյանցիների հետ, եւ հույս ունենա՞նք, որ այդ ներկայացումը կկարողանանք դիտել մեր Թբիլիսիի հայկական թատրոնում։
- Ես հենց այս օրերին Թբիլիսիի հայկական թատրոնում աշխատում ենք Կարինե Խոդիկյանի (արձակագիր, դրամատուրգ, «Դրամատուրգիա» գրական հանդեսի խմբագիր, ով, ի դեպ, ծնվել եւ մեծացել է Ախալքալաքիում), «Սիրային քառանկյունի» պիեսի բեմադրության վրա։ Դե, իհարկե, այսօր այդ բեմին չի կարելի խաղալ, քանի որ շենքը վթարային է ու ձեր երկրի համապատասխան երկրաբանա-սեյսմիկ ծառայությունների կողմից արգելք է դրված։ Բայց, հույս ունեմ՝ մոտ ապագայում այդ պրոբլեմը լուծում կստանա։ Ըստ էության, լուծումն արդեն ընթացքում է, որովհետեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերջին այցը (մայիսի 20-21) լուրջ խթան էր այդ ուղղությամբ։ Ընդ որում, թատրոնի հարցը բանակցության սեղանին դրված կարեւորագուն հարցերից մեկն էր։ Որոշ տեղային շինարարական միջամտությունների, խոսքս ոչ կապիտալ վերանորոգման, այլ ճաքերի, պատերը ամրացնելու եւ նման վերափոխումների մասին է, կարծում եմ՝ շենքը կշնչի ու կշարունակի իր աշխատանքը։ Դա, ըստ ամենայնի, մեկ տարվա ընթացքում պետք է, որ լուծվի։
- Բեմարվեստի ճանաչված եւ սիրված անունների՝ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի ու դերասանուհի Գալյա Նովենցի որդին՝ Հակոբ Ղազանչանը, շատերի կարծիքով, իր բեմադրման ոճով նման չէ հորը, համամի՞տ եք ասվածին։
- Կարծում եմ՝ այս դեպքում, ընդհանրապես, սխալ էլ կլինի, եթե զավակը նմանվի հորը։ Երբ մտնում ես մշակույթի ասպարեզ, դու պետք է անհատականություն լինես, ուզես այդ, թե չուզես, լինես մեծ կամ ոչ մեծ անհատականություն։ Դա միեւնույն է։ Եվ, իբրեւ անհատականություն, մշակույթ, առավել եւս, ռեժիսուրայի բնագավառ պետք է մտնես քո սեփական տեսանկյունով։ Այստեղ, ի դեպ, խնդրին պետք է նայել ոչ թե այն իմաստով, թե ես՝ ռեժիսորս, իմ առաջադրած տվյալ տեսանկյունով հատուկ նպատակ եմ դրել հակառակվել։ Ո՚չ, ուղղակի ես այդպես եմ մտածում, ես այդպե’ս եմ տեսնում թատրոնը, ու ինքը՝ Երվանդ Ղազանչյանը, ողջունում է նման մոտեցումը։
- Դե՚, ինչ, մնում է Ձեզ մաղթել ամենայն բարին, շնորհակալություն՝ հետաքրքիր զրույցի համար։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ