ԲՐԱՎՈ, ԱՆՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆ

Տպել

ՊԻԵՍ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ԴԱՍ ԴԱՌՆԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանակակից դրամատուրգ, երգիծաբան,Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի «Ճիչ» պիեսը արժանացել է ռեժիսորներից շատերի ուշադրությանը, ներկայացվել Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան, Գյումրիի՝ Վ.Աճեմյանի անվան, Երեւանի՝ Հայաստանի Թատերական գործիչների միության թատրոններում։

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան, Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գագիկ Մելքումյանի բեմադրությամբ պիեսը հանձնվեց նաեւ Թբիլիսիի հանդիսատեսի դատին։ «Ճիչ» մոնոդրամայի թբիլիսյան պրեմիերան տեղի ունեցավ մայրաքաղաքի «Թավիսուփալի թատրոնում», սեպտեմբերի 6-ին։
- Սա իմ երկրորդ հանդիպումն է Սամվել Խալաթյան թատերագրի հետ, ով, խոստովանեմ, շատ հոգեհարազատ է ինձ,- ասում է Գ.Մելքումյանը։- Դա զգացի արդեն նրա «Համբառնալուց 40 օր հետո» պիեսը բեմադրելիս։ Խալաթյանի գործերում ինձ գրավողը նախեւառաջ այսօրվա շունչն է, նրանցում մերօրյա կյանքի վառ արտացոլքը։ Կոնկրետ այս պիեսն ընտրվել է ոչ պատահական. հերոսուհու ճիչը կուզենայի՝ սթափման, խոհեմության կոչ եւ կյանքի օգտակար դաս դառնար մեր երիտասարդ աղջիկների համար…
Մինչ ներկայացման սկսվելը, սրահում շշուկ տարածվեց՝ գլխավոր դերակատարը Հայաստանից է…
Հանդիսասրահը առանձնակի հետաքրքրությամբ եւ, ինչու չէ, առանձնահատուկի ու անսովորի սպասումով դիմավորեց անծանոթ դերասանուհուն՝ բեմադրության միակ կերպար Սոնային մարմնավորող Անուշ Գալստյանին։
Դրամատուրգը՝ Վանաձորից, բեմադրիչը՝ Թբիլիսիից, դերակատարը՝ Երեւանից։ Այս միասնական ու դրանով հետաքրքիր նախագծի ծնունդն է բեմադրությունը, որի թեման մարդկության պես հին եւ, ցավոք, նրան բոլոր ժամանակներում ուղեկցող սովորական մի պատմություն է. ջահել աղջիկ, սեր, վստահություն, դառն հուսախաբություն, անառակ կյանքի ճահիճ, ամոթ ու զղջանք…  
Մեկ ժամից ավելի տեւող մոնոդրամայի ընթացքում՝ հանդիսատեսը դարձավ 24-ամյա դերասանուհու ու նրա հերոսուհու սրտակից-մտերիմը, վերապրեց նրա ճակատագիրը՝ զայրացավ, դատապարտեց, մերժեց ու խղճաց…
Անուշ-Սոնան ոչ թե դեր խաղաց, այլ անձնավորեց հոգեբանություն։
Առերեսում՝ այրող ու ցավեցնող անցյալի հետ, հույզերի վառ տեղատարափ, հուզական ու դրամատիկ լարված վիճակ եւ… ցավից ծնված հույս։
Հոգեմաքրման այս ճանապարհը դերասանուհին անցավ արժանապատվորեն, նա հավատաց հերոսուհուն եւ հավատացրեց մեզ՝ իր հոգեաշխարհի համոզիչ մեկնաբանությամբ։
Տեղին է նշելը, որ Անուշ Գալստյանը Երեւանի Մնջախաղի թատրոնին կից ստուդիայի ուսանողուհի է։ «Ճիչը» Անուշի դեբյուտն է դրամատիկական թատրոնում, խոսքային բեմարվեստում նրա առաջին դերը, ինչը, դատելով պահանջկոտ ու թատրոնից հասկացող թբիլիսյան հանդիսատեսի արձագանքից, հաջողությամբ պսակվեց։ Անշուշտ, դրան խորապես օգնեց դերասանուհու՝ մնջախաղի արտահայչալեզվին տիրապետելը, ըստ այդմ դրսեւորվող համոզիչ շարժումները, դիմախաղը, ժեստերը։ Մնում էր միայն այդ ամենին սազական խոսքարվեստ, ինչը հնչեց համարյա ըստ պահանջվածի եւ համահունչ։
Բեմադրության նկարչական ու երաժշտական ձեւավորումների հեղինակներն են Գագիկ Մելքումյանն ու Իշխան Ղարիբյանը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ