ԽՈՋԻՎԱՆՔԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԵՎ ԳՐՔԻ ՏՈՆԸ

Տպել

Փետրվարի 19-ին, Մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, եւ Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ, դեռեւս 2008 թվականից այդ օրը նշվում է նաեւ որպես գրքի նվիրատվության օր։

Այդ օրը, Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում հավաքվել էին վիրահայ հոգեւոր եւ աշխարհիկ դասի ներկայացուցիչներ՝ խնկարկելու Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակը՝ ի նշանավորումն նրա ծննդյան օրվա։

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Սամվել քահանա Թորոսյանի ձեռամբ անցկացված Ոգեկոչման կարգին եւ իրենց աղոթքը բարձրացրին առ Բարձրյալ։ Հավարտ արարողության, քարոզի իր խոսքում Վազգեն Սրբազանը 20-րդ դարի ազգային ու անգերազանցելի, մեծագույն գործիչ անվանեց Հովհ.Թումանյանին, կարեւորեց ու կոչեց Պանթեոնի պահապան հրեշտակներին՝ թբիլիսահայերին, մնայուն կերպով խնամել Խոջիվանքն ու խոնարհում բերել Մեծաց շիրիմներին։ Սրբազան հայրն իր օրհնությունը բերեց Թբիլիսիի քաղապետարանին, որ հովանովորն ու խնամատարն է Պանթեոնի, ինչպես նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությանը, որի տրամադրած միջոցների շնորհիվ եւս պահպանվում է այս հոգեւոր ու գեղեցիկ անկյունը։
Շնորհավորելով ներկաներին բարի ու ուսանելի տոնի առիթով, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ցավով նշեց, որ սպասում էր հանդիպել առավել հոծ բազմության եւ մասնավորապես, դպրոցականների ու մանկավարժների, որոնցից թերեւս յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի Պանթեոն այցելությունն ու սերը գրքի հանդեպ, ասաց նաեւ, որ երիտասարդությունը կտրվել է գրքից ու հեռացել ընթերցանությունից, կոչ անելով սիրել գիրքը։
Բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը շեշտեց, որ պատահականություն չէ հենց Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը հռչակել Գրքի նվիրատվության օր, գրքի տոն. «…որովհետեւ գիրքը մասունք ու սրբություն է, մեր ուժն ու զենքը եւ մտավոր հարստության ամենակենսունակ աղբյուրը, հետեւաբար այդ օրը Թումանյանին մեր խոնարհումը բերելու ամենաճշմարիտ միջոցը»։ Որպես խորհրդանիշ, բանաստեղծուհին ընթերցեց Մայրենի լեզվին նվիրած իր անտիպ բանաստեղծությունը, որից հետո, ավանդաբար, ներկաներին նվիրեց վերջերս հրատարակված իր գրքերը՝ «Կամուրջ» տարեգրքի հերթական համարը, Վալերի Հունանյանցի «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն»՝ հայերեն իր թարգմանությամբ, ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցի բանաստեղծական ժողովածուն, Մ.Բուլգակովի «Զոյկայի բնակարանը»՝ Լեւոն Մութաֆյանի հայերեն թարգմանությամբ եւ այլ գրքեր։
Հանդիսույթի ավարտին, «Հայարտուն» կենտրոնի ասմունքի խմբակի (Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասան Սամվել Էլբակյան) սաները հատվածներ ընթերցեցին Հովհ.Թումանյանի եւ հայ այլ դասականների բանաստեղծություններից եւ պոեմներից։
Միջոցառման ներկաների թվում էին «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը, վիրահայ նկարիչ Գիորգի Մանոյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադեւոսյանը, բազմավաստակ մանկավարժ Ռոզա Զոհրաբյանը եւ այլք։

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ