ՏՈՆԱՀԱՆԴԵՍ, ՈՐԻ ԹԱԳԱԿԻՐԸ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳՐՈՂՆ ԷՐ

Տպել

Փետրվարի 17֊ին, Վրաստանի գրողների տանը տեղի ունեցավ վիրահայ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հայ֊վրացական գրական կապերի նվիրյալ մշակ, «Վրաց մշակույթի դեսպան» կոչման ասպետ, բազմաթիվ պարգեւների ու մրցանակների դափնեկիր Անահիտ Բոստանջյանի ծննդյան 65 եւ գրական գործունեության 40-ամյակներին նվիրված մեծարման երեկոն։ Այն կազմակերպել էր Վրաստանի գրողների ստեղծագործական միությունը։ Հանդիսույթին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանի գրական աշխարհի հայտնի դեմքեր, գրական ության, մշակույթի եւ արվեստի երկրպագուներ։

Միջոցառումը, իր գեղեցիկ միտվածությամբ, մի էջ եւս ավելացրեց հայ-վրաց շարունակական բարեկամության հին ու բարի մատյանին։
Երեկոն բացվեց վրաց անվանի բանաստեղծ Մաղվալա Գոնաշվիլու ողջույնի խոսքով, որտեղ մասնավորապես ասվեց հետեւյալը. «Այսօր առանձնահատուկ օր է Վրաստանի Գրողների տանը, քանզի այս օրը յուրահատուկ սիրո օր է։ Ժողովուրդների միջեւ անկեղծ բարեկամության եւ անկեղծ սիրո օր։ Օրն է մի տիկնոջ, ով արդեն 40 տարի ծառայում է իրեն թանկ ու սիրելի վրաց եւ հայ ժողովուրդներին։ Երկրպագում է երկու հող ու ջրի եւ աղոթում է այդ հող ու ջրերի համար՝ իր բանաստեղծություններով, իր թարգմանություններով, իր լրագրողական գործունեությամբ։ Եվ եթե մարդիկ ուզում են, որ երկիրը լինի խաղաղ, բարձր ու մարդկային հարաբերությունները լինեն գեղեցիկ, Անահիտ Բոստանջյանի նման մարդկանց պետք է ասել, որ երկար ապրեն եւ իրենցով գեղեցկացնեն մեր գոյությունը, սերը, բարեկամությունը…»։
Ապա՝ խոսքը փոխանցվեց Վրաստանի գրողների միության նախագահ Ռեվազ Միշվելաձեին։
«Թանկագին հայ գործընկերներ, ներկաներ, այս տունը մեր ընդհանուր տունն է,- ասաց Միշվելաձեն։ - Ցավոք, այսօր պակաս է հեռուստատեսությամբ հնչում ժողովուրդների բարեկամության մասին, հայ ու վրաց ժողովուրդների նախնիներ Հայոսի ու Քարթլոսի մասին։ Ժողովուրդներ, ովքեր, հաճախ, համատեղ են դիմակայել ու հաղթել պատմության արհավիրքները… Ի ամրապնդում մեր բարեկամության կամուրջի՝ այսպես միասին, եղբայրաբար անցել եւ անցնում ենք մեր երկար ճանապարհը։ Եվ ուրախ եմ, որ վրաց գրականությանը ծառայող տիկնոջ հոբելյանը միասին ենք նշում։ Անահիտ Բոստանջյանի կողմից թարգմանվել է 40 գիրք, այդ թվում նաեւ իմ գիրքը։ Եվ ահա, վրաց ու հայ գրականությունների եւ նրանց միջեւ գրական կապերի ամրապնդմանը ներդրած բացառիկ ավանդի համար՝ Ա.Բոստանջյանին տրվում է Անա Կալանդաձեի անվան գրական մրցանակ»։ Ռեվազ Միշվելաձեն չմոռացավ նշել, որ Անահիտը հայերեն է թարգմանել Ա.Կալանդաձեի՝ «Սխվա Սաքարթվելո սադ արիս» («Էլ որտե՞ղ կա այլ Վրաստան») հայտնի բանաստեղծությունը։
Բարձր մրցանակի հետ՝ հոբելյարին հանձնվեց նաեւ դրամական պարգեւ։ Ու, իհարկե, նրան հղվեցին բազում բարեմաղթանքներ, որոնց միջով, կարմիր թելի պես անցավ եւ ուրվագծվեց Վրաստանի ու Հայաստանի գրողների միությունների անդամ Անահիտ Բոստանջյան բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի, «Կամուրջ» տարեգրքի խմբագրի, լրագրողի, շուրջ չորս տասնյակ սեփական եւ թարգմանական գրքերի հեղինակի ստեղծագործական դիմանկարը։
Դիմելով Հոբելյարին՝ Վրաստանի ժողովրդական բանաստեղծ, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Ջանսուղ Չարկվիանին իր խոսքում նշեց, որ ուրախ է իր շնորհավորանքը հղելու՝ «Սիրով լեցուն մարդու, սիրով լեցուն այն թարգմանչին, ով գնում է Իսահակյանի, Գալակտիոնիի եւ այլ մեծերի ճանապարհով»։
Ապա հավաքվածներին ընթերցվեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝ հոբելյարին հղված շնորհավորական ուղերձը ընթերցեց տիկին Մաղվալան։
Նշված ուղերձներում գնահատվում է Անահիտ Բոստանջյանի՝ երկու ժողովուրդների հոգեւոր միասնությանը նպաստող բարձր գործին մատուցած ծառայությունը։
Կիսելով պարոն Միշվելաձեի՝ ժողովուրդների բարեկամության թեման հաճախակի արծարծելու մասին գաղափարը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց Բոստանջյանի՝ «Երկու ժողովուրդների միջեւ մշակույթի դեսպան լինելու եւ այդով՝ հայ ու վրաց ընթերցողին միմյանց ազգային մշակույթներին հաղորդակից դարձնելու գործում ունեցած ավանդը»։
Սրբազանը, ի շնորհակալություն՝ հայ֊վրաց գրական կապերի ամրապնդման գործում ունեցած դերակատարման, հուշանվերներ հանձնեց Անահիտ Բոստանջյանին եւ Մաղվալա Գոնաշվիլուն։
Բանաստեղծ, «Ցիսկարի» հանդեսի խմբագիր Բաղաթեր Արաբուլին՝ իր գնահատական խոսքն ավարտեց Ա.Բոստանջյանի՝ վրացերեն թարգմանված «Վրացական պար» բանաստեղծության ընթերցումով։
«Մենք ունենք երկու՝ Վրաստան եւ պատմական Հայաստան հայրենիքներ, եւ մեր սիրով հզորացնում ենք նաեւ մեր Վրաստան հայրենիքը։ Մեր բարեկամությունը ամուր է՝ մեր մարդկային բարեկամությամբ։ Մեզ իրարից բաժանում չի լինի, որովհետեւ կան Ա.Բոստանջյանի, Մ.Գոնաշվիլու, Ջ.Չարկվիանու, Ռ.Միշվելաձեի նման մարդիկ»,֊ ասաց «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը։
Բանաստեղծուհի Մզիա Խեթագուրին հոբելյարի գործունեությունը համեմատեց լուսավոր ամպի, որն արեւի շող է Վրաստանի եւ Հայաստանի համար։
Բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը բարձր գնահատեց Ա.Բոստանջյանի՝ այսօր խիստ դժվարին՝ հրատարակչական գործունեությունը եւ նրան փոխանցեց Վրաստանում հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի շնորհավորանքը։
Պրոֆեսոր Էմմա Ախտյանի խոսքում հոբելյարը վեր հանվեց՝ իբրեւ իր գործին զարմանալիորեն նվիրված, կախարդական ուժով լի, գործունյա մի կին։
Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանի բնորոշմամբ՝ Ա.Բոստանջյանի անսպառ էներգիայի աղբյուրը իր ծննդավայր Թբիլիսին է ու թբիլիսցի լինելը…
Մանկավարժ, Վրաստանի գիտության եւ կրթության նախարարության դեպարտամենտի նախկին պետ, պատմաբան Նորայր Բաղդասարյանը ներկաներին հիշեցրեց նաեւ Ա.Բոստանջյանի՝ երիտասարդ ստեղծագործողներին ընդառաջելու եւ հովանավորելու շնորհակալ աշխատանքը։
Հայտնի բանաստեղծ֊թարգմանիչ Կամիլա Կորինտելլին շնորհավորեց եւ ընթերցեց Ա.Բոստանջյանի՝ իր կողմից ռուսերեն թարգմանված բանաստեղծությունը։
Հոբելյարին ջերմ շնորհավորանքներ բերեցին բանաստեղծ֊քանդակագործ Բադրի Քութաթելաձեն, գրող֊գեղանկարիչ Ռեզո Ադամիան, «Ինտելեկտ» հրատարակչության տնօրեն Կախմեգ Կուդավան։
Իրեն համար անսովոր իրադարձության մասին՝ Անահիտ Բոստանջյանը խոսեց հուզմունքով. «Այս իրողությունն ինձ համար նշանակում է, որ, մեկ անգամ եւս, պետք է խոնարհումս բերեմ վրաց գրողների, վրաց հասարակայնության գնահատանքին… Այսօրվա ջերմությունն ինձ, նորից ու նորից, պարտադրում է լինել շնորհակալ՝ բարության համար, լինել շնորհակալ՝ վրաց պոեզիայի թագուհի Անա Կալանդաձե բանաստեղծի անվան մրցանակի համար… Վրաց ժողովրդից ստանալ այս մրցանակը ինձ համար ե՚ւ պատիվ է, ե՚ւ պատասխանատվություն… Ուրախ եմ, որ այսօր այստեղ են երկու քրիստոնյա ժողովուրդների՝ իմ՝ հայ ազգի եւ ինձ նույնքան սիրելի վրաց ժողովրդի ներկայացուցիչները։ Ինձ համար սա սիրո օր է, ուրախության օր …»։ Թե՚ հոբելյարի, թե՚ մյուս ելույթներում արժեւորվեց նաեւ ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանի կարեւոր դերը հայ-վրաց գրական փոխկապերի զարգացման գործում։
Երեկոյի բարեկամական մթնոլորտին մեծապես նպաստեցին վրաց էստրադայի կենդանի լեգենդ, երգչուհի Իրմա Սոխաձեի, Վրաստանի վաստակավոր դերասան Զուրաբ Կաբեշավիձեի եւ անվանի կոմպոզիտոր Վաժա Ազարաշվիլու՝ Ա.Բոստանջյանի պատվին կատարած երգերը, Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի դերասան եւ երգիչ Հենրիխ Պետրոսյանի, հայկական Սբ. Էջմիածին եկեղեցուն կից «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի (գեղ.ղեկ.՝ Մարիամ Ագուլյան), ասմունքող Լիզա Թորոսյանի (ընթերցեց տատի՝ Ա.Բոստանջյանի բանաստեղծությունը), դերասան, բանաստեղծ Նիկա Քվրիվիշվիլու՝ հոբելյարի հայերեն ու վրացերեն հնչեցրած գեղարվեստական ելույթները։
«Վրաստան» թերթի խմբագրակազմը, միանալով շնորհավորանքներին, երկար կյանք եւ ստեղծագործական բեղմնավոր ուղի է մաղթում իր գործընկեր, առաքման եւ բաժանորդագրության ծառայության ղեկավար Անահիտ Բոստանջյանին։

ՋՈԻԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ