ԵՐԲ ԲԱ՚ԽՏՆ Է ՔԵԶ ԳՏՆՈՒՄ…

Տպել

Դժվար է ասել՝ լա՞վ է դա, թե՞ վատ, բայց կա մի օրինաչափություն. յուրաքանչյուր դար հաստատվում է՝ կենսահայացքի ու բարքերի նոր ըմբռնումներով։ Իրենն է մեզ թելադրում նաեւ այսօրը։ Արժեքների վերաիմաստավորման իր համակարգում՝ երրորդ հազարամյակը պահանջում է նախ՝ ուսում-մասնագիտացում-աշխատանքային կարգավիճակ, ապա՝ ընտանիքի ստեղծում։ Այդ պահանջը դրվում է նաեւ կանանց…

Իսկ մենք, անսպասելի, մեր փնտրումներում, հանդիպեցինք Քրիստինե Անանյանին, ով չէր «ենթարկվել» հազարամյակի պահանջին…
Բոլոր դպրոցական շրջանավարտների նման՝ 17 տարեկան պարմանուհին պատրաստվում էր դառնալ ուսանող, բայց, իրեն իսկ համար անսպասելի՝ ընդունեց Միխայիլի ամուսնության առաջարկությունը։ Նրանք, այդ ժամանակ, սոսկ ընդհանուր ծանոթներ էին։ Շուտով տեղի ունեցան ամուսնական գեղեցիկ ու ավանդական իրադարձությունները՝ նշանդրեք, հարսանիք…
Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժին՝ Քրիստինեն ընդունվեց ամուսնությունից հետո միայն եւ այժմ՝ երրորդ կուրսի ուսանող է, իսկ Միխայիլը վարում է սեփական խանութը։
Երիտասարդ զույգի հարսանիքից մեկ տարի անց՝ ծնվեց սպասված առաջնեկը՝ Էլիզաբեթը։ Փոքրիկն այժմ մեկ տարեկան է, եւ ծնողներն անհամբեր սպասում ու պատրաստվում են իրենց երկրորդ՝ բժիշկների հավաստիացումով՝ արու զավակի ծնունդին, մանչուկն ուր որ է աշխարհ կգա…
- Երբեք չէի հավատա, որ կարող էի ամուսնանալ առանց սիրո, սիրահարության, ռոմանտիկայի եւ՝ լինել այսքան երջանիկ,- խոստովանում է Քրիստինեն։ - Իհարկե, կյանքի դեղատոմսեր չեն տրվում, բայց, թող աղջիկները նկատի ունենան ու ձեռքից բաց չթողնեն նախախնամության անակնկալները։ Եթե հանդիպել ես քո կեսին, սերը հետո էլ կգա…
- Իսկ ինչպե՞ս գիտակցեցիր կամ զգացիր, որ հանդիպել ես՝ քեզ համար կանխորոշված քո կեսին։
- Ես, պարզապես, վստահեցի ներքին ձայնիս, որը զարմանալի հստակ ասում էր՝ «Սա քո բախտն Է…»։ Իմ փորձով համոզվեցի՝ չնախատեսված, պատահական ամուսնությունն էլ, կարող է անսխալ լինել…
- Գիտես, Քրիստինե, քո դեպքը հիշեցրեց Բանաստեղծի տողերը՝
«Եվ թեպետ բախտ ենք, բախտ ենք մենք փնտրում, Բայց բա՚խտը, բա՚խտը, բա՚խտն է մեզ գտնում…»։
- Երեւի թե, այո, դա այդպես է…
- Հիմա դու, քսան տարեկանում, ե՚ւ ուսանող ես, ե՚ւ ամուսին, ե՚ւ մայր, դա նշանակում է՝ համալսարանական լարված առօրյա, անհամար պարտականություններ, անքուն գիշերներ, նաեւ՝ սկեսուր, սկեսրայր, ավանդական ընտանիք… Չե՞ս զղջում՝ այդքան երիտասարդ տարիքում, ընտանեկան նման լուծ կրելուդ համար…
- (Մեղավոր ժտում է¤ անկեղծ ասած, ունեցել եմ զղջման պահեր, բայց հետո էլ՝ զղջացել ու շատ մեղավոր եմ ինձ զգացել ա՚յդ զղջման համար… Դժվարանում եմ նույնիսկ մտովի պատկերացնել կյանքս՝ առանց մայրության, ընտանեկան, ամուսնական հոգսերի, իմ երջանկությունը հենց դա է ու՝ շնորհակալ եմ Աստծոն…
- Հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը։
- Ինչպես չհավատամ, երբ ինչ խնդրել եմ՝ կատարել է։ Հավատս անսասան է։ Իմիջիայլոց, նույնիսկ չեմ կարող հիշել՝ ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ, որ «Հայր մերը» նախ՝ սովորեցի վրացերեն, հետո՝ հայերեն…
- Դու եւ ամուսինդ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր փոքրիկների ապագան։
- Նախ ասեմ՝ երազում ենք երրորդ զավակն ունենալ, մեր փոքրիկներին ուզում ենք կնքել Էջմիածին քաղաքում։ Բոլոր ծնողների նման՝ նրանց տեսնում ենք՝ առողջ, գեղեցիկ, բարձրագույն կրթությամբ, հաջողակ ու, մարդկայնորեն, ճշմարիտ քրիստոնյաներ…
- Դու ունես ռուսական կրթություն, ամուսինդ՝ հայկական, ո՞րն եք ընտրելու զավակների համար։
- Մեր ընտանիքում խոսում ենք հայերեն, շնորհակալ եմ սկեսուրիս, ով, բացի ընտանիքում ինձ սատար լինելուց, նաեւ հայերեն է ինձ սովորեցնում։ Կարծում եմ՝ մեր զավակները կավարտեն հայկական դպրոց, բայց անպայման կտիրապետեն վրացերեն լեզվին, առանց որի՝ նրանք մեր երկրում կարող է եւ կարիերայում չհասնեն մեծ հաջողության, լավ կգիտենան նաեւ ռուսերենը, անգլերենը…
- Ի՞նչ կմաղթեք կանանց՝ Մարտի ութի առթիվ։
- Թող բոլոր աղջիկները, բոլոր կանայք իրենց կողքին ունենան հուսալի, ազնիվ ամուսիններ՝ ինչպես, ի դեպ, իմ ամուսինն է, իսկ մայրիկներին ու տատիկներին՝ առողջություն, թող միշտ ուրախանան իրենց զավակների երջանկությամբ եւ՝ նոր զավակների ու թոռների ծնունդներով…
- Մեր եւ թերթի ընթերցողների անունից՝ մենք եւս շնորհավորում ենք քեզ եւ բոլոր կանանց գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ