ԿԸՆՁԵՌՎԻ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տպել

ԹԱՄԱՐ ՍԱՆԻԿԻՁԵՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն Ախալցիխեում Սամցխե֊Ջավախեթիի համալսարանի դասախոսներին, տարածաշրջանի հանրակրթական ռեսուրս-կենտրոնների ղեկավարներին եւ հանրային դպրոցների տնօրեններին ներկայացրեց մանկավարժական գործունեություն սկսելու, մասնագիտական զարգացման եւ առաջընթացի ծրագրերը։

Շնորհանդեսին ներկա էին կրթության փոխնախարարներն ու ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ պաշտոնական առաջընթացի նոր սխեմայի մշակմանը մասնակցած փորձագետները։
Ինչպես նշեց Թամար Սանիկիձեն, մանկավարժը մասնագիտական զարգացման համար պիտի անցնի չորս փուլ եւ մոտ ապագայում մանկավարժությունը կդառնա ամենահեղինակավոր ու ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունը:
Նախարարը խոսեց նաեւ Կրթության նախարարության ապագա ծրագրերի եւ Վրաստանում առկա համալսարանների նշանակության մասին:
Հաշվի առնելով, որ տվյալ տարածաշրջանը հիմնականում բնակեցված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով, շեշտը դրվել է այն առավելությունների վրա, որոնք նրանց համար հասանելի կլինեն համակարգի բարեփոխման ընթացքում, նշել են Վրաստանի ԿԳՆ-ում: Մինչ այժմ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված չէր որակավորման քննությունները մայրենի լեզվով հանձնելու հնարավորություն, ինչը ազդում էր նրանց մասնագիտական գործունեության ու մոտիվացման վրա:
Իսկ այժմ մանկավարժների մասնագիտական զարգացման նոր քաղաքականության շրջանակում պարզեցվելու են վրացերենի ուսուցման հնարավորությունները այն տարածաշրջանների դպրոցներում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնություններ, ինչպես նաեւ ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվելու մասնագիտական վերաորակավորում անցնել մայրենի լեզվով: Նշվում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվելու երկու լեզուներին տիրապետող մանկավարժների համար: Բոլոր այս ծրագրերն սկսելու են գործել նոր ուսումնական տարվանից, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիի համալսարանում:
Հանդիպումն անցկացվեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում, որն ընթացավ հարց-պատասխան ձեւաչափով: Այս հանդիպումից հետո Վրաստանի կրթության նախարարն այցելեց Ադիգենիի շրջանի Առալ գյուղում կառուցվող դպրոցը: