Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Խորագիրը վարում է «Վրաստան» թերթի իրավական հարցերի փորձագետ ԻՐԻՆԵ ՂԼՈՆՏԻՆ։

Ընտանեկան հարաբերությունները բարդ են, դրանք կախված են մարդու ներքնաշխարհից, անձնական զգացմունքներից, սեռական կյանքից եւ այլն։ Ընտանիքի անդամների միջեւ առկա հարաբերությունները միայն համատեղ, միասին ապրող մարդկանց հարաբերություն չէ, դրա անդամները միմյանց հետ առնչվում են ոչ միայն կենցաղային հիմնախնդիրներով ու հարցերով, այլեւ այդ հարաբերությունները յուրաքանչյուրի համար ներկայացնում են որոշակի իրավաբանական արդյունքներ, ինչը, բնականաբար, պահանջում է իրավական կարգավորում։

Ո՞րն է ընտանիքի կազմավորման հիմքը։ Պարտադի՞ր է, արդյոք, պետական մարմնում ամուսնության ձեւակերպումը եւ, եթե պարտադիր է, ապա երիտասարդներին քանի տարեկանից է թույլատրվում ամուսնանալ։ Գոյություն ունի՞ արդյոք, ամուսնական տարիքի նվազեցման օրինական հիմնավորում։ Ամուսինների միջեւ ամուսնությունը հանգեցնո՞ւմ է, արդյոք, օրինական իրավասությունների։ Ի՞նչը կարելի է համարել ամուսնության խանգարիչ հանգամանք։ Ահա այն հիմնական հարցերը, որոնք վերաբերում են ընտանիք ստեղծելուն եւ, որոնք առանձնակի են հետաքրքրում թերթի ընթերցողներին։
Ամուսնությունը տղամարդու եւ կնոջ կամավոր միությունն է, որի նպատակն է ընտանիքի կազմավորումը։ Ամուսնությունն ընտանիքի կազմավորման գլխավոր, թեպետ, ոչ միակ հիմքն է։ Ընտանիքը հնարավոր է՝ կազմավորվի չամուսնացած կնոջ կողմից երեխա ծնելիս, երեխային որդեգրելիս եւ օրենքով նախատեսված իրավաբանական այլ փաստերի առկայության դեպքում։
Դեռեւս 1944 թվականի հուլիսի 8-ից գործող օրենսդրության համաձայն, Վրաստանի քաղաքացիների օրինական իրավասությունները ձեւակերպվում էին պետական համապատասխան մարմնում ամուսնության գրանցմամբ։ Ներկա դրությամբ նման մարմինը Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտի հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ քաղաքացիական ռեեստրի գործակալության տարածքային ծառայությունն է։

Ընթերցել...
 

«ՍԵԼԵՆԱՍՏՐԱ»՝ ՄԻՔԱՅԵԼ ԱՆԱՆՈՎԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ընթացիկ տարվա հուլիսին թբիլիսյան «Դավիթ» հրատարակչության կողմից լույս ընծայվեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ, ռուսալեզու գրականագետների «Արիոն» պուշկինյան ընկերության անդամ Միքայել Անանովի բանաստեղծական «Սելենաստրա» նոր ժողովածուն։

Ժողովածուում ներկայացված, վերջին 14 տարիներին գրված գործերը բազմաբնույթ են՝ ինչպես ժանրով, այնպես էլ թեմատիկայով։ Դրանում տեղ են գտել սոնատներ, բանաստեղծություններ եւ բազադներ, երգեր, հուշագրություններ, թարգմանություններ անգլիական, հայկական, լեհական եւ վրացական գրականությունից, փիլիսոփայական֊կրոնական սոնետներ, քնարերգական քառյակներ, ճանաչված ժամանակակիցների վերաբերյալ կատակ֊շարժեր։
Բանաստեղծական գործերից բացի, ժողովածուում ներկայացված է հեղինակի հեքիաթի հիման վրա գրված մանկական պիեսը։
Ժողովածուի խմբագիրն է Միխայիլ Այդինովը, իսկ գրքի «Անուշիկի հանելուկները» մասը, որտեղ այբբենական կարգով ներկայացված են հանելուկներ կենդանիների մասին, խմբագրել է Մոսկվայի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Ֆեդոտովը։

 

ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԸ

altՎրաց մեծ գրող Նոդար Դումբաձեն ծնվել է 1928 թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, մեծացել Արեւմտյան Վրաստանի Գուրիայի երկրամասի Խիդոսանի գյուղում,  տատ ու պապի ընտանիքում։
Ավարտելով դպրոցը՝ նա ընդունվել է Թբիլիսիի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որն ավարտել է 1950 թվականին։ 1957-ից սկսել է զբաղվել գրական գործունեությամբ, գրել է բազմաթիվ պատմվածքներ եւ վեպեր, դրանց թվում «Կուկարաչան», «Ես, տատիկը, Իլիկոն ու Իլարիոնը», «Հավերժության օրենքը» եւ այլն։

Ցավալի է, բայց փաստ, որ մեր թվարկության 20-րդ դարը մարդկության պատմության մեջ նշանավորվեց որպես համատարած հանցագործությունների մի այնպիսի ժամանակաշրջան, որի մասին, եթե կենդանի լիներ Դանեմարքայի սեւազգեստ թագաժառանգ Համլետը, ակամայից կբացականչեր. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ես ուղղեմ»։

Ավա՜ղ, այդ դարի դառը մղձավանջում անցան վրաց ականավոր գրող եւ հասարակական գործիչ Նոդար Դումբաձեի (1928-1984) մանկա-պատանեկան տարիները, տարիներ, որոնք չէին կարող աննկատ անցնել նրբազգաց պատանու կողքով, եւ պատահական չէ, որ դեռ վաղ հասակից սկսեց գրել իր ընկալումների, կյանքի երեւույթների եւ իրեն հոգեհարազատ մարդկանց մասին, գրել ոչ այնպես, ինչպես թելադրում էր ժամանակը, այլ սեփական խղճի եւ պատեհ զգացման թելադրանքով։ Ձեւի առումով էլ չնմանվեց իր գրչակից ընկերներին։ Նրա ստեղծագործությունները գաղափարա-թեմատիկ առումով արտահայտվում էին երկխոսությունների շնորհիվ։ Այդ է պատճառը, որ մեծ հումանիստի վեպերն ու պատմվածքները հեշտ էին ենթարկվում բեմականացմանը։

Ընթերցել...
 

ԴԱՎԻԹ ՍԵՐԳԵՅԵՆԿՈ. «ՄԱՍՆԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԿԱ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԱՍՊԱՐԵԶ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

alt

- Ընդհանուր ապահովագրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ Փետրվարից պետությունն ապահովագրել է շուրջ 2 միլիոն մարդ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նախագծի հաջողությունը։ Սոցիալական ծառայությունների գործակալությունը, որքանո՞վ է կատարում իր  պարտականությունները։
- Ինչպե՞ս ցույց է տալիս մեր մոնիտորինգը, նախագիծն իրականացվում է մեծ հաջողությամբ եւ առաջին հերթին դիմողների համար։ Արդեն գրեթե 50 հազար մարդ օգտվել է շտապ ստացիոնար կամ ամբուլատորային օգնությունից։ 1,3 միլիոն մարդ գրանցվել է առաջին օգնության օբյեկտներում։
Ինչպես հայտնի է, ապահովագրության առաջին փուլը նախատեսում էր միայն խորհրդատվություն բժշկի մոտ եւ շտապ օգնություն։ Գլխավոր բարդությունը քաղաքացիներին իրազեկելն էր եւ այդ առումով եղան մեծ թվով հիմնախնդիրներ, բայց ասենք, որ դրանք բոլորը ժամանակին լուծվեցին։
Այդ գործընթացում դրական դեր խաղացին նաեւ բուժհիմնարկները։ Հիվանդների ճնշող մեծամասնությունը գոհ մնաց ցույց տրված սպասարկումներից, թեեւ, իհարկե, հասարակության ակնկալումներն ավելի մեծ են պետության իրական հնարավորություններից։
Ես կարծում եմ, որ ակնկալումները կարդարանան արդեն ծրագրի երկրորդ փուլում, որն սկսվեց հուլիսին։

Ընթերցել...
 

ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

«ՑԱՎԴ ՏԱՆԵՄ», ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՑ ՎԱՐՈՐԴԻ ԵՎ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՍԻՆalt

Երբեւէ լսե՞լ եք, որ ոստիկանը, երթեւեկության կանոնների համար տուգանելու հետ միասին, նաեւ պարգեւատրի։ Իրականում այդպես էլ է պատահում։ Վարորդը տեղի ունեցածը ապացուցեց՝ սոցիալական ցանցում հրապարակած լուսանկարով, որտեղ պատկերված են վրացի վարորդն ու հայաստանցի ոստիկանը։
M-1 Georgia֊ի եւ շիդոկանի (արեւելյան մարտարվեստ¤ ֆեդերացիայի ղեկավար Իոսեբ Կոբերիձեն Թբիլիսիում լույս ընծայվող «Կվիրիս պալիտրա» թերթի միջոցով պատմեց Հայաստանում իր հետ տեղի ունեցածի մասին։ Սա այն Իոսեբ Կոբերիձեն է, որը մարզական աշխարհում հայտնի է «Մարտ առանց կանոնների» մրցաշարերից։ Ժամանակին եղել է աշխարհի չեմպիոն (սիրողական¤, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն (պրոֆեսիոնալ¤ եւ արժանացել է սեւ գոտու 5 դանին։ Նա 2004 թվականին Վրաստանում անցկացված, լայն արձագանք առաջացրած «Մարտ առանց կանոններիի» կազմակերպիչն էր, մասնակիցը եւ մեկնաբանը։ Այն ժամանակ Վրաստան-Ռուսաստան մրցամարտն ավարտվեց վրաց մարզիկների հաղթանակով։
- Հայաստան էի հրավիրվել միջազգային մրցաշարում մրցավարության համար։ Հարեւան երկրում հաճախ եմ լինում, շատերի հետ բարեկամական հարաբերություններ ունեմ։ Դրանից առաջ, Երեւանում եղել էի երեք տարի առաջ, իսկ հիմա շաբաթական երկու անգամ առնվազն լինում եմ Հայաստանում։ Իմ վերջին այցելությունների հետ է կապված տեղի ունեցածը, երբ ոստիկանը եւ տուգանեց ու, միաժամանակ, պարգեւատրեց՝ նվեր տվեց։ Հավանաբար, ավագ սերնդի մարդիկ էլ չեն կարողանա թեկուզ մի դեպք պատմել ոստիկան-միլիցիոների նման վարմունքի մասին։ Անհավատալի է…

Ընթերցել...
 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ

Հուլիսի 4-ին, «Օրենսդրական տեղեկատու» կայքում հրապարակվելուց հետո, ուժի մեջ մտան Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

 Խորհրդարանի հավանությանն արժանացած եւ արդեն օրենքի ուժ ստացած փոփոխությունների համաձայն, Վրաստանում 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար աշխատանքային օրը, շաբաթական հինգ աշխատանքային օրում չպետք է գերազանցի 40 ժամը, 16֊ից մինչեւ 18 տարեկանների համար՝ 36 ժամը, 14 տարեկանից բարձր տարիք ունեցողների համար՝ 24 ժամը։ Արտաժամյա աշխատանքի համար վճարումը իրականացվելու է ըստ աշխատաժամերի։ Գործատուի եւ աշխատողի միջեւ պայմանավորվածության դեպքում, արտաժամյա աշխատանքը կարող է փոխհատուցվել լրացուցիչ արձակուրդով։
Արտաժամյա է համարվում ցանկացած աշխատանքը, որը աշխատողը կատարում է գործատուի համաձայնությամբ, եւ որի տեւողությունը շաբաթվա հինգ աշխատանքային օրերին գերազանցում է 40 ժամը։
Արտաժամյա է համարվում նաեւ տոնական օրերին կատարած աշխատանքը։

Ընթերցել...
 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՎԵՐՆԱՏՈՒՆ-9» ՏԱՐԵԳԻՐՔԸ

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում՝ հայ գրչության 500-ամյակին նվիրված «Վերնատուն»-9 տարեգրքի շնորհանդեսն առանձնացավ նախորդներից իր բազմամարդ մթնոլորտով։

Ողջունելով մայրաքաղաքի, նաեւ Վրաստանի Ջավախեթիի տարածաշրջանից հյուրընկալած «Վերնատուն» միության անդամներին եւ շնորհանդեսին ներկա մյուս հյուրերին՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գ.Սնխչյանը ներկաներին հիշեցրեց 1997 թվականին ստեղծված մշակութային օջախի թե՚ լավ, թե՚ վատ օրերը, գոյության 16 տարիների ընթացքում՝ ձեռքբերումները։ Գրքի 37 հեղինակների շարքում Գ.Սնխչյանն առանձնակի ողջունեց նոր, երիտասարդ հեղինակներին։
«Վերնատուն»-9-ի լույս ընծայումը շնորհավորեցին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, երեւանաբնակ, վիրահայ բանաստեղծ Միքայել Ախտյանը, բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, բանաստեղծ, նկարիչ Գեւորգ Հայասան։ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւս շնորհավորեց ներկաներին՝ գրքի շնորհանդեսի ու այդ օրը նշվող եկեղեցական «Վարդավառ» տոնի առիթներով, արժեւորելով տարեգրքի դերակատարումը իբրեւ սերունդների հոգեւոր զարգացման ազդակ։

Ընթերցել...
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԵՂՈՐԱՅՔԻ ԹԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Ինչպես հայտնի է, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Վրաստանում դեղորայքը չափազանց թանկ է եւ պետական ապահովագրման պետական ծրագիրը չի կարողանում լուծել այդ հիմնախնդիրը։

Երիտասարդ ֆինանսիստների եւ գործարարների ասոցիացիայի նախագահ Նոդար Ճիճինաձեի խոսքերով՝ երկրի ապահովագրային եւ դեղագործական շուկաները չի կարելի քննարկել համատեղ եւ միակ բանը, որ կարող է նվազեցնել դեղորայքի գները, մրցակցային միջավայրի ստեղծումն է։ Սակայն, նրա կարծիքով, այդ ուղղությամբ երկրում դեռեւս ոչինչ չի փոխվել  եւ մինչեւ այժմ դեղագործական շուկայում աշխատում են այն ընկերությունները, որ աշխատել են նախկինում։
«Եթե վերջին ժամանակներս դեղորայքի գները չնչին չափով նվազել են, ապա դա ավելի շուտ բիզնեսի բարի կամքի դրսեւորում է, ուրիշ ոչինչ»,- հայտարարել է Ճիճինաձեն։ Նրա խոսքերով՝ երկու տարի առաջ Ասոցիացիան իրականացրել է ուսումնասիրություն, եւ այն ցույց տվեց, որ դեղագործական ընկերությունները դեղամիջոցները վաճառում են 100 տոկոս շահով։
Վերջին ուսումնասիրությունը տվյալ շուկայում անցկացվեց 2012 թվականի հունիսին, «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության կողմից։ Պարզվեց, որ գների նվազեցումը վերաբերել է առավել կարեւոր դեղորայքի 27 տոկոսին եւ էժան «գեներիկ» դեղամիջոցների 21 տոկոսին։ Նույն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վրացական դեղագործական ընկերություններում հավելարժեքը կազմում է 102 տոկոս, այն ժամանակ, երբ, օրինակ, Իտալիայում դա 49 տոկոս է, Հունգարիայում՝ 27։ Դա վկայում է, որ վրացական ընկերություններն աշխատում են շատ բարձր շահույթի ուղղությամբ։ Դեղամիջոցների գների նվազերման մասին խոսում են նաեւ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարները։ Դեղագործական ճյուղի փորձագետ Թինա Թուրձելաձեի կարծիքով, վերջին ժամանակներս դեղորայքի գների կապակցությամբ զգալի փոփոխություններ չեն կատարվել եւ ընկերությունների շահույթի նորման նույնպես մնացել է անփոփոխ։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
Ավելի Հոդվածներ...
Page 32 of 53
< Օգոստոս 2020 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31