Բարեկամներ են միշտ եղել ու կան հայ ու վրացի ժողովուրդները։ Եվ պատմության քառուղիներում՝ օրհասական պահերին միշտ աջակցել են իրար ու սատարել, ուրախ պահերին՝ միմյանցով հրճվել- խնդացել։ Ասել է, միմյանց պատմությունները հյուսել են փոխսիրո, փոխըմբռնումի, հարկ եղած դեպքում, փոխզիջումի հենքի վրա։ Եվ այս ճշմարտությունը ավելի, քան որեւէ այլ տեղ, մշակույթում, գրականության մեջ է դրսեւորվել։ Ու դա՝ դեռեւս Յ.Ցուրտավելու, Լ.Մրովելու, Եղիշեի, Բյուզանդի ժամանակներից… Նրանք դարեր շարունակ իրենց գրականությունները համալրել-հարստացրել են փոխադարձ բարձրարժեք թարգմանություններով, փոխայցելություններով, հանդիպումներով, միմյանց ներկայացնող ու արժեւորող, միմյանց նվիրված գրքերի հրատարկություններով… Հետեւաբար իրենց սիրո եւ բարեկամության ոսկեմատյանը անընդհատ զարդարել գեղեցիկ նոր էջերով։ Այս ամենի փայլուն ապացույցն են բարեկամական կապերը հատկապես հայ ու վրացի մեծերի միջեւ։ Վկա՝ Սունդուկյանի եւ Ծերեթելու, Տիցիանի եւ Չարենցի, Գամսախուրդիայի եւ Իսահակյանի, Գրիշաշվիլու եւ Թումանյանի կապերը… վերջին տասնամյակում ընդլայնվող ու իր խորքերում զարգացումի առողջ սերմեր պարունակող կապերը հայ եւ վրացի գրողների միջեւ։
ՀԳՄ եւ ՎԳՄ նախագահներ Լեւոն Անանյանի եւ Մաղվալա Գոնաշվիլու եռանդուն ու բարեշահ փոխհամագործակցության շնորհիվ մեր գրական հարաբերությունները թեւակոխել են աննախադեպ արժեքավոր, բեղուն շրջան։ Հրատարակվել են հայ ու վրաց չափածոյի եւ արձակի անթոլոգիաները, կայացել են հայ գրականության օրեր Վրաստանում, վրաց գրականության օրեր՝ Հայաստանում, եղել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ… Ու, եթե ժամանակին Ծերեթելին է ձոնել բանաստեղծություն Սունդուկյանին կամ Գրիգոլ Ռոբաքիձեն է հայաստանյան այցելությամբ հիացած (1929թ.) գրել իր նշանավոր «Հայաստան» էսսեն, ապա այսօր էլ հայ գրողներն են գրում Վրաստանի մասին ու վրացիները՝ Հայաստանի։ Եվ անձամբ իրենք նախագահները, որոնք կազմում են այս շղթայի գլխավոր օղակը։