Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՐՏՈՆՅԱԼ ԱԳՐՈՎԱՐԿԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾԵԼ

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնությամբ գործարկված արտոնյալ ագրովարկերի նախագիծն այս տարի նշանակալի ազդեցություն գործեց ինչպես գյուղատնտեսական աշխատանքների իրականացման, այնպես էլ՝ աճեցրած բերքի թե’ որակական, թե’ քանակական ցուցանիշերի վրա։ Արտոնյալ ագրովարկերից տարվա ընթացքում օգտվեցին հազարավոր ֆերմերներ, եւ ստացված միջոցները նրանց թույլ տվեցին ժամանակին ու բարձր որակով կատարել աշխատանքները։ Այդ հանգամանքը Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը թույլ է տալիս հուսալ, որ առաջիկա ժամանակներում երկիրը հնարավորություն կունենա դառնալ առանձին մշակաբույսերի արտահանող։
Գյուղատնտեսության ոլորտում կատարված փոփոխությունների հնարավոր արդյունքների եւ առաջիկա ծրագրերի հարցով, մենք դիմեցինք Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Դավիթ Շերվաշիձեին։

- Սակավահող ֆերմերների օգնությունը ի՞նչ հնարավորություններ ընձեռեց գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, եւ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին ոլորտում։
- Միանգամից ասեմ, որ Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ իրականացված գյուղատնտեսության օգնության գարնանային ծրագիրը մի քանի ուղղությամբ դրական ազդեցություն ունեցավ։ Նախ՝ ցուցաբերած օգնությունը մարդկանց մոտ վստահություն առաջացրեց, որ կառավարությունը հոգում է իրենց մասին։ Սկսվեց գյուղից հեռացած մարդկանց վերադարձման գործընթացը։ Երկրորդ առավելությունը տնտեսական գործոնն է։ Ֆերմերներին օգնությունը հնարավորություն տվեց հիմնել տնտեսական բազա, որը հետագայում կարող է նպաստել տնտեսության ամրապնդմանը։ Ֆերմերներին ցուցաբերած օգնությունը թույլ տվեց նկատելիորեն ավելացնել ստացված բերքի քանակը։ Բավական է նշել, որ առանձին մշակաբույսերի, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, ճակնդեղի եւ այլնի բերքատվությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Ընդլայնվեցին նաեւ ցանքատարածությունները։ Բավական է նշել, որ այս տարի միայն սխտորի համար հատկացվել է 4500 հեկտար հողատարածք։
Դրական գործոնների թվում կարելի է դասել այն, որ պետությունը դադարեց միջամտել առանձին ֆերմերական տնտեսությունների գործունեությանը։ Մեզ հաջողվեց հասնել այն բանին, որ այդ ոլորտում գլխավոր սուբյեկտը ֆերմերն է, ով ստացավ գործունեության լիակատար ազատություն։ Այդ քաղաքականության դրական ազդեցությունն առանձնակի իրեն զգացնել տվեց խաղողագործության եւ գինեգործության ոլորտում։ Արդյունքը՝ ինչպես խաղողի, այնպես էլ գինու արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է։ Բնականաբար, դրան նպաստեց նաեւ ռուսական շուկայի մատչելիության մակարդակի ավելացումը։
- Նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի, արտոնյալ ագրովարկերի նախագծից փաստորեն օգտվել են երկրի բոլոր տարածաշրջաններում։ Կոնկրետ ի՞նչ կասեիք Սամցխե-Ջավախեթիի վերաբերյալ։
- Միանգամից նշեմ, որ, վերոնշյալ նախագծի շրջանակներում, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում տրվել է 152 վարկ։ Նախագծի երկրորդ եւ երրորդ բաղադրիչներով հատկացվել է 1.796.900 լարի։ Այդ գումարից երրորդ բաղադրիչի տեսքով տրվել է 934 հազար լարի, իսկ երկրորդով՝ 862.900 լարի։ Ինչ վերաբերում է առաջին բաղադրիչին, որը նախատեսում է առանց տոկոսի ապրանքային վարկերի հանձնում, փաստորեն, ապառիկ բնույթ է կրում եւ առանձին հաշվարկման ենթակա չէ։
- Եկեք կոնկրետացնենք երկրորդ եւ երրորդ բաղադրիչներով տրված վարկերի թեման, ինչի՞ համար եւ որքա՞ն է տրվել։
- Խնդրեմ։ Արտոնյալ ագրովարկերի նախագծի երկրորդ բաղադրիչով, որը նախատեսում է առավելագույնս 8 տոկոսով միջին եւ խոշոր ֆերմերների վարկերի շնորհում, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում տրվել է 142 վարկ։ Դրանից 112-ը շնորհվել է անասնապահության, 13-ը՝ բանջարաբուծության, 4-ը՝ մեղվաբուծության, 5-ը՝ ձկնաբուծության, 5-ը՝ խառը տնտեսական գործունեության եւ մեկական՝ ջերմոցային տնտեսության, հատիկայինների արտադրության ու ոչխարաբուծության համար։ Բնականաբար, յուրաքանչյուր ուղղության հաշվով տրված վարկի չափը պայմանավորված է ինչպես տնտեսության իրական վիճակից, այնպես էլ՝ հնարավորություններից։
Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին, որը նախատեսում է առավելագույնս 3 տոկոսադրույքով գյուղատնտեսական արտադրությունների ֆինանսավորմանը, ապա Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում այդ բաղադրիչի սպասարկումից օգտվել է 10 սուբյեկտ։ Չորսը ստացած գումարն ուղղել են կաթի վերամշակման արտադրությանը, երեքը՝ անասնապահության զարգացմանը։ Այդ բաղադրիչով մեկական վարկ տրվել է ձկնաբուծության, ոչխարաբուծության եւ խառը տնտեսական գործունեությանը։
- Վերջերս բարձրացվեց գյուղական կոոպերատիվների կազմավորման հարցը։ Նախարարության ծրագրում նշվել էր, որ գյուղական կոոպերատիվների նպատակը նոր աշխատատեղերի  ստեղծումն է, գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելը, գյուղմթերքների արտադրության ավելացումը եւ դրա արտահանման ներուժը։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։
- Իրոք, նախարարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ։ Գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիան հայտարարել է, որ անկախ գործարարի կարգավիճակից, կոոպերատիվներում միավորված ֆերմերները պետությունից կստանան գրանտ, որը հարկադրված չի լինի։ Պետությունը հնարավորինս կաջակցի նման միավորումների կազմավորմանը։ Ֆինանսների նախարարությունն արդեն պատրաստել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ ուղղումներ հարկային օրենսգրքում, ըստ որի, կոոպերատիվներին կշնորհվեն առանձին արտոնություններ։
Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներում Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական ծառայությունների եւ տարածաշրջաններում տեղական վարչության ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն բնակիչների հետ իրականացվելիք փոփոխությունների պարզաբանման եւ կոոպերատիվների առավելության վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու նպատակով։ Հիշեցնեմ, որ գյուղական կոոպերատիվների զարգացման համար Եվրամիությունը հատկացրել է 40 միլիոն եվրո։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

 
< Նոյեմբեր 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30