Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԹԲԻԼԻՍԻՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

«ՀԱՅԱՐՏՈՒՆԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՎՐԱՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՑՔԻՆ

Բազմամյա բարեկամի, առավել եւս ստեղծագործական առումով տաղանդավոր գործընկերոջ կորուստը կրկնակի ցավ է պատճառում։ Հենց այդ թեման էր այն գլխավոր գաղափարը, որ հնչեց օրերս «Հայարտուն» մշակութային կենտրոնում Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունեցողների խոսքերում։ Ջիմ Թորոսյանի մահվան լուրն այնպես էր հուզել նրանց, որ իրենց ցավակցությունը հայտնելու համար անմիջապես ծագեց Վրաստանի հայկական պաշտոնական հաստատությունների հետ կապվելու նախաձեռնությունը։ Միջոցառմանը նախորդեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից մատուցած սգո պատարագը, որի ընթացքում գոհունակություն արտահայտվեց վրաց ճարտարապետների հասցեով, ովքեր ուղղակի կամ անուղղակի իմաստով  պահպանում են վրաց-հայկական բարեկամության ավանդական կամուրջը։

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ մտավորականների միության Թբիլիսիի բաժանմունքի ղեկավար  Ենոք Թադեւոսյանը։ Նա լսարանին ներկայացրեց վրաց նշանավոր ճարտարապետներ, ակադեմիկոսներ Թամազ Թեւզաձեին, Դավիթ Աբուլաձեին, Վախթանգ Դավիթաիային, Գիգի Բաթիաշվիլուն, Պավլե Ձինձիբաձեին, պրոֆեսորներ Վլադիմիր Ցինցաձեին, Բեսո Տատիշվիլուն, Գոչա Միքիաշվիլուն, Շոթա Միկիտաձեին։ Վախթանգ Դավիթաիան հուզմունքով պատմեց Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ հայ գործընկերների հետ իր սերնդի ճարտարապետների ծագած բարեկամության մասին։
Իր հայ բարեկամին ջերմ խոսքերով հիշեց նաեւ Թամազ Թեւզաձեն։ Չնայած ծանր փորձություններին, տեսողության լրիվ կորստին, նա ժպիտը դեմքին հիշում էր այն տարիները, երբ իրենք՝ Վրաստանի երիտասարդ ճարտարապետներն իրենց խորհրդաժողովին հրավիրեցին հայ երիտասարդ ճարտարապետներին եւ կարճ ժամանակ անց՝ փոխադարձ հրավեր ստացան։
«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը լսարանին պատմեց մի քանի տարի Երեւանում իր աշխատանքի մասին հիշողությունները, երբ նա մի քանի անգամ հանդիպում է ունեցել ճարտարապետի հետ։
«Հայարտան» տնօրեն Լեւոն Չիդիլյանը խորին երախտագիտություն հայտնեց վրաց ճարտարապետների ցուցաբերած ջերմության եւ ի փառս մշակույթի զարգացման նման հանդիպումների անցկացման պատրաստակամության համար։
Ելույթ ունեցողների կողմից բազմիցս ընդգծվեց, որ ճարտարապետական դետալների անգերազանցելի վարպետը, տաղանդավոր նկարիչը, որի հետ չի կարող համեմատվել համակարգչային գրաֆիկայի ոչ մի վարպետը, հիանալի հռետոր եւ մտավորականը յուրովի իրեն էր մերձեցնում տարբեր երկրների իր նման ինտելեկտուալներին։

ԱՐՏԵՄ ԿԻՐԱԿՈԶՈՎ

 

Հիշատակի երեկոյի անցկացումից հետո «Վրաստանի» խմբագրությունը ստացավ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի նամակը, որտեղ, մասնավորապես, ասված է.
- Հայաստանի հասարակությունը չափազանց հուզված է «Վրաստան» թերթում տպագրված ջերմ հոդվածի, «Հայարտան» կենտրոնում մեր շատ սիրելի ուսուցչի՝ ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի հիշատակի ու հարգանքի օրվան նվիրված գեղեցիկ հավաքի համար, որտեղ ներկա են գտնվել Ջ.Թորոսյանին այնքան հարազատ վրաց հանրահայտ ճարտարապետ գործընկերներ Թամազ Թեւզաձեն, Վախթանգ Դավիթաիան, Գիգի Բաթիաշվիլին, Դավիթ Աբուլաձեն,Պավլե Ձինձիբաձեն, Վլադիմիր Ցինցաձեն, Բեսո Տատիշվիլին, Գոչա Միքիաշվիլին, Շոթա Միկիտաձեն, որոնց նա հիշում էր մինչեւ իր կյանքի վերջը, մի առանձին սիրով նրանց մեջ տեսնելով իր համախոհներին, նվիրված ընկերներին, որոնց նկատմամբ բացառիկ հարգանք ուներ նրանց ստեղծագործական սկզբունքների եւ մարդկային բարձրագույն հատկանիշների համար։
Իր այդ զգացմունքները նա յուրաքանչյուր առիթով փոխանցում էր մեզ՝ իր կրտսեր գործընկերներին, երիտասարդ ճարտարապետներին։ Չափազանց ծանր էր տանում վերջին քսան տարում հայտնի պատճառներով հետխորհրդային երկրների՝ ճարտարապետների, մասնավորապես Վրաստանի ճարտարապետների հետ հետզհետե նվազող մտերմության միտումը, եւ պատգամում չկորցնել կապը վրաց ճարտարապետների հետ, օգտագործել յուրաքանչյուր առիթ վերականգնելու եւ սերտացնելու մտերմական, ընկերական ջերմ հարաբերությունները։
Մեծ ջերմությամբ էր հիշում Վրաստանը, Թիֆլիսը, իր ընկերներին՝ վրաց ականավոր ճարտարապետներ Թամազ Թեւզաձեին, Գիգի Բաթիաշվիլուն, Վախթանգ Դավիթաիային եւ մյուսներին, որոնց հետ իր ստեղծագործական, բարեկամական մտերիմ հարաբերությունները շատ բարձր էր գնահատում։
Հայաստանի ճարտարապետական հասարակությունը, ճարտարապետների միության վարչության անդամները իրենց երախտագիտությունն են հայտնում հիշատակի օրվա կազմակերպիչներին ու մասնակիցներին, վրաց ճարտարապետներին՝ իրենց չափազանց մարդկային ու ազնվական վերաբերմունքի համար։

Խորին հարգանքներով՝ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ

 
< Մարտ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31