Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆՈԴԱՐ ԽԱԴՈՒՐԻ. «ԴԱՐԻԱԼԻ ԿԻՐՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԲԱՑՎԻ ՄՈՏ ՕՐԵՐՍ»

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, Ռազմավիրական ճանապարհը, որը կապում է Վրաստանը եւ Ռուսաստանը, փակ է մայիսի 17-ից, երբ Ղազբեգի լեռան հյուսիսարեւմտյան լանջից իջել է Դեւդորաք սառցադաշտի մի մասը:

Դրա հետեւանքով գոյացել է վիթխարի սելավահոսք, որն իջել է Դարիալի կիրճ՝ փակելով Թերեք գետի հունը եւ քանդելով Ռազմավիրական ճանապարհի մի մասը։ Դրա վրա առաջացրել են քարի եւ հողի վիթխարի կուտակումներ, ջրածածկ է եղել նաեւ ճանապարհի մի մասը: Տարերքի հետեւանքների վերացման եւ որոնողական աշխատանքներին, որոնք կատարվում են Դարիալի կիրճում, միացել է Վրաստանի մի շարք գերատեսչությունների շուրջ 200 ներկայացուցիչ։
Հունիսի 10-ին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հերթական ճեպասուլիսում, անդրադառնալով Ռազմավիրական ճանապարհի մաքրման աշխատանքներին, առանձնակի ընդգծեց Վրաստանը Ռուսաստանին միացնող ճանապարհի բացման անհրաժեշտությունը, որը Դարիալի կիրճում արգելափակված է մայիսի կեսին տեղի ունեցած սելավահոսքի պատճառով:
«Լարս» անցակետի փակվելուց առաջ, Վրաստանից Ռուսաստան արտահանումը գրանցվել էր 150 մլն լարիի (մոտավորապես՝ 84,5 մլն դոլար) չափով: Պարզ է, որ այժմ արտահանումն այդ ուղղությամբ դադարեցված է, եւ հարկավոր է գտնել այլ ճանապարհներ: Մինչդեռ ակներեւ է, որ, ապրանքները Թբիլիսիից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան տեղափոխելու դեպքում, մեծանում է ինչպես տարածությունը, այնպես էլ ծախսերը: Նույնը տեղի կունենա, եթե ապրանքները տեղափոխվեն ծովով»,- հայտարարեց Նոդար Խադուրին: Նրա խոսքով, Վրաստանով տարանցման ծախսերը մեծանում են նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի համար:
«Կարող եմ ասել, որ ճանապարհն արդեն մաքրված է, եւ այժմ աշխատանքներ են կատարվում, որպեսզի ժամանակավոր հուսալի ճանապարհ բացվի խոշոր բեռնատարների համար»,- նշեց Խադուրին:
Ֆինանսների նախարարի խոսքերով, Ռազմավիրական ճանապարհի վերականգնման համար առանձնացվել է յոթ միլիոն լարի։ Առաջին փուլում ծրագրված են աշխատանքներ, որոնք ապահովելու են ավտոտրանսպորտի երթեւեկության վերականգնումը, իսկ երկրորդ փուլում կիրականացվեն վնասված ճանապարհահատվածների վերանորոգումները։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարությունը մեկ շաբաթ առաջ խոստացել էր ամենամոտ ժամանակներս Դարիալի կիրճում ժամանակավոր ճանապարհ բացել Ռուսաստանի ուղղությամբ, բայց հունիսի 6-ին, ռադարների կողմից լեռնային ապարների գրանցված տատանումներից հետո, կիրճից տարհանվել էին հատուկ տեխնիկան եւ աշխատողները, որոնք մաքրում էին մայրուղին: Մասնագետների խոսքով, նախազգուշական միջոցներ էին ձեռնարկվել նոր սելավահոսքերի սպառնալիքի պատճառով:
Վրաստանի իշխանությունները խոստացել են, որ Վերին Լարսի փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները կավարտվեն հունիսի 14-15-ին: Այս մասին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ ասաց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե ինչ փուլում է ավտոճանապահի վերականգնման ընթացքը: Բեգլարյանը տեղեկացրեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Վրաստանի համապատասխան պաշտոնյաների հետ: «Նրանք խոստացել էին, որ այսօր ճանապարհը կբացվի, բայց քանի որ այնտեղ անձրեւային եղանակ էր, հոսքը նորից փակել էր ճանապարհը: Հիմա վերջնաժամկետ են տվել հունիսի 14-15-ը: Կարող եմ ասել, որ այս ժամկետն էլ վերջնական չէ, քանի որ եղանակային անբարենպաստ պայմաններ են: Բայց  հույս ունենք, որ ճանապարհը կբացվի մինչ նշված ժամկետը»,- ասաց նա:

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Հունիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30