Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱԲԵԼՅԱՆՑԻՆԵՐԻ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Հոկտեմբերի 14-16-ը Հայաստանի Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում, Գրիբոյեդովի անվան ռուսական ակադեմիական թատրոնի շենքում: Այդ առիթով, Թբիլիսիում է գտնվում թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը, որը համաձայնեց պատասխանել թերթին հետաքրքրող հարցերին:

- Պարոն Շահվերդյան, ինչպե՞ս ծնվեց հյուրախաղերի գաղափարը:
- Ես դեռ անցած տարի էի մտածում Թբիլիսիում հյուրախաղեր կազմակերպել, քանի որ աբելյանցիները պարբերաբար եղել են հյուրախաղերով այստեղ։ Եվ հատկապես այն տարիներին, երբ ես ղեկավարում էի Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը: Մենք 6-7 անգամ եղել ենք Թբիլիսիում: (Վ.Շահվերդյանը 1996-2009 թթ. ղեկավարում էր Երեւանի Գ.Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական դրամատիկ թատրոնը։ խմբ.)։
- Ներկայիս հյուրախաղերն ի՞նչ առիթով են, եւ ինչո՞ւ հենց այս տարի:
- 1964 թվականն էր, երբ աբելյանցիներն առաջին անգամ եկան Թբիլիսի հյուրախաղերի: Ես շատ լավ հիշում եմ. դպրոցը դեռ չէի ավարտել. ծնողներիս խնդրեցի, որ խմբի հետ մեկնեմ, եւ նրանք ինձ Ժիրայր Կարապետյանին վստահեցին, նա այն ժամանակ Կիրովականի թատրոնի դերասան էր: (Ժ.Կարապետյանը արդեն 45 տարի է ադամյանցիների առաջատար ու վաստակաշատ դերասաններից է։ խմբ.)։ Այդպես ես առաջին անգամ եղա այստեղ: Փաստորեն, այս տարի այդ բարեկամության 50-ամյակն է: Հետո հաջորդեցին պատասխան հյուրախաղերը: Եվ արդեն պարբերաբար, 2-3 տարին մեկ, պարտադիր գալիս էինք, եւ իմ լավագույն բեմադրությունները մշտապես ներկայացվել են այստեղ: Ի դեպ, Հայաստանի եւ ոչ մի թատրոն այսքան երկարատեւ բարեկամություն չի ունեցել Թբիլիսիի հետ: Ամենաշատ հյուրախաղերով հենց մենք ենք ներկայացել:
- Երկու խոսք՝ Ձեր հյուրախաղային ներկայացումների մասին։
- Աբելյանցիները թբիլիսյան հանդիսատեսին կներկայանան վերջին շրջանի լավագույն ներկայացումներից երեքով՝ Վիլիամ Շեքսպիրի «Արքա Լիր», Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի», Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ»: Ներկայացումներում ընդգրկված է Աբելյանի անվան թատրոնի գրեթե ամբողջ կազմը, բոլորն էլ սրտատրոփ սպասում են, մեծ ոգեւորություն է այսօր թատրոնում:
- Ի՞նչ եք կարծում, այս 50 տարում ինչպե՞ս է փոխվել հանդիսատեսը:
- Ցավոք, մի ընդհանուր բացասական բան կա, ինչպես տեսնում եմ, դրանից զերծ չեն նաեւ թբիլիսյան թատրոնները: Անշուշտ, այսօր հանդիսատեսի պակաս կա: Առաջ եթե մենք ամսվա մեջ 25-26 ներկայացում էինք խաղում եւ գրեթե միշտ լեփ-լեցուն դահլիճներում, ապա հիմա ամսվա մեջ 8-10 ներկայացումը բարձր ցուցանիշ է համարվում: Եվ պատճառն ամենեւին որակը չէ: Խնդիրը սոցիալական է: Որակը չի տուժել, ընդհակառակը, ես կարող եմ վստահորեն ասել, որ այսօր տաղանդավոր երիտասարդներ կան թատրոններում, ովքեր գալիս են մեծ ոգեւորությամբ, սակայն մեկ-երկու տարի անց, հիասթափված հեռանում են։ Եթե տարիներ առաջ դերասանը թատրոնից հեռանում էր, որովհետեւ դերեր չէր ունենում, ապա հիմա հեռանում է սոցիալական վիճակից դրդված: Այսօր հանդիսատեսը միշտ չէ, որ կարող է իրեն թույլ տալ նույնիսկ նվազագույն գներով իրացնել վաճառվող տոմսերը:
- Ինչպիսի՞ն է թբիլիսյան հանդիսատեսը, նմա՞ն է վանաձորյան հանդիսատեսին:
- Նման է ջերմությամբ: Մեր ներկայացումները այստեղ մշտապես ընթացել են  շատ էմոցիոնալ մթնոլորտում եւ բուռն ծափերով ընդունվել հանդիսատեսի կողմից: Առհասարակ, աբելյանցիները շատ սիրված են Թբիլիսում, եւ ամեն  ինչ կանենք, որ ներկայիս հյուրախաղերը եւս նորմալ անցնեն, հանդիսատեսը գոհ մնա՝ ինչպես անցյալում: Ի դեպ, երբ ես հյուրախաղերի առաջարկով եկա Գրիբոյեդովի անվան թատրոն, գրիբոյեդովցիները ցանկություն հայտնեցին իրենք եւս հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում, եւ հոկտեմբերի 11-12-ին նրանք Երեւանում ներկայացնելու են Լեւ Տոլստոյի «Ձիու պատմությունը»՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ավթանդիլ Վարսեմաշվիլու բեմադրությամբ:

ԱՆՆԱ ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ

 
< Հոկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31