Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆ. «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԷՐ»

Էլ.փոստ Տպել PDF

Մենք արդեն հաղորդել ենք, որ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ կյանք բերվեց երկրի տարածաշրջանների ռազմավարական ու տնտեսական զարգացման համար «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի կենտրոն Ախալցիխեում։
Վրաստանի վարչապետը շնորհանդեսի շրջանակներում հանդիպում ունեցավ յոթ շրջանների մունիցիպալիտետների վարչությունների նախագահների, ինչպես նաեւ տարածաշրջանի գործարարների հետ:
Հանդիպման մասնակիցների թվում էր նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը:
Երկրի վարչապետի ելույթի եւ «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագծի մասին մենք խնդրեցինք պատմել Գագիկ Կարսլյանին։

- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են դրված Վրաստանի վարչապետի այդ նախագծում:
- Թող հայտնի լինի մեր քաղաքացիներին, որ ներկայումս, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, մեկնարկել է երկրի տարածաշրջանների ռազմավարական եւ տնտեսական զարգացման «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստան» նախագիծը: Նրանում նախատեսվում են Վրաստանի տարածաշրջանների տնտեսական առաջընթացի, նոր արտադրությունների գործարկման, մարդկանց աշխատատեղերով ապահովելու եւ բնակչության նյութական վիճակի բարելավման խնդիրները: Ախալցիխեում կայացած հանդիպմանն էլ հիմնականում շոշափվեցին այդ հարցերը: Նշվեցին նաեւ Նինոծմինդայի շրջանում նախատեսվող հիմնական բարեփոխումներն ու տեղաշարժերը:

- Առավելապես ո՞ր ուղղությունների վրա կենտրոնացվեց գլխավոր ուշադրությունը:
- Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի զարգացման համար նշվեցին երեք հիմնական ուղղություններ: Դրանք են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը: Լուրջ խոսակցություն գնաց նաեւ միջին եւ փոքր բիզնեսի զարգացման հարցերի շուրջ:
- Այնքանով, որքանով Նինոծմինդան առավելապես գյուղատնտեսական շրջան է, բնականաբար, կարեւոր նշանակություն է տրվելու այդ ճյուղի զարգացմանը:
- Անպայման: Ինչպես եւ սպասվում էր, լեռնային մեր շրջանը եւս կառավարության ուշադրության կենտրոնում է: Նախատեսվում է մելորիացիոն համակարգի ընդլայնում ու բարեփոխում, դաշտավարական աշխատանքների տեխնիկական վերազինում արտադրության մեջ, մշակաբույսերի բարձրբերքատու սորտերի արմատավորում եւ այլ համալիր միջոցառումների կիրառում, դրա հիման վրա՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության աննախադեպ աճ, հատկապես մսի, կաթի, կարտոֆիլի եւ այլ պարենամթերքների արտադրության ծավալի մեծացում:
- Խնդիրը ոչ միայն գյուղմթերքների ավելացումն է, այլեւ դրանց իրացումը: Այդ մասին միջոցներ ձեռնարկվո՞ւմ են պետական վերադաս մարմիններում:
- Այդ հարցերը եւս մեր մտահոգության առարկան են: Հենց պետական մարմինների առջեւ հարց է հարուցվել անհրաժեշտ պայմաններ ստեղծել Նինոծմինդայում արտադրվող գյուղատնտեսական մթերքների, առավելապես տեղում կարտոֆիլի իրացման համար: Լիահույս ենք, որ առաջիկայում այդ ուղղությամբ կլինեն դրական լուրջ տեղաշարժեր:
- Միջին եւ փոքր բիզնեսի զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ կան շրջանում:
- Այս հարցին վերաբերող ավելի մեծ հնարավորություններ կան, անհամեմատ նպաստավոր պայմաններ: Առաջին հերթին, նկատի ունեմ պանրագործությունը: Տեղերում գործում են շատ թե քիչ կատարյալ պանրի գործարաններ, արտադրվում են պանիրների շատ տեսակներ, որոնք հայտնի են շրջանի, երկրի ու նրա սահմաններից դուրս: Մեզանում մեծ տեղ ու նշանակություն է տրվում մեղրի արտադրությանը, որը նույնպես մեծ համբավ է վայելում: Պարենամթերքների արտադրության ուրիշ էլի շատ ձեռնարկություններ կարելի է ստեղծել:
- Ուրիշ ի՞նչ տեղական ռեսուրսներ ունենք, որոնք կարելի է գործողության մեջ դնել:
- Ունենք ոչ մեծամասշտաբ հանքեր ու հանածոներ, ունենք նաեւ բնական ոչ քիչ հարստություններ: Շրջանում գործում են շինանյութերի մի շարք արտադրություններ (բազալտի արտադրամասեր, շենքերի կառուցման տարաբնույթ շինանյութեր եւ այլն): Մեզանում առկա են այլեւայլ ոչ մետաղային հանքային պաշարներ (պեռլիտ, կաոլին), որոնց օգտագործումը ապագայի հարց է:
Շրջանում առկա ջրային ռեսուրսների բազայի վրա կարելի է կառուցել տարբեր հզորության հիդրոկայաններ, ստեղծել տարբեր նշանակության ջրամբարներ եւ այլն: Մարդ ակամայից մտածում է, թե մեզանում չօգտագործված ինչքան շատ ռեսուրսներ կան, որոնք դեռեւս մնում են «ինքնին իր» եւ ասպարեզից հեռու են: Ըստ երեւույթին, դրանք թողնված են գալիք սերունդներին:
- Իրոք որ, եթե խորանանք իրերի բուն վիճակի մեջ, շատ ռեսուրսներ կարող ենք կյանքի կոչել: Դրանք էլ կլինեն բնակչության նյութական ապահովվածության օժանդակ պայմաններից:
- Այո, այդպիսի հնարավորություններ ունենք։ Եվ դրանց մասին խոսեց մեզ հետ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, միայն մեզ մնում է տոն տալ մարդկանց նախաձեռնություններին, խրախուսել, օգնել, որպեսզի ասպարեզ հանվեն մեր հնարավորությունները, ճանապարհ հարթել դրանց զարգացման համար: Մի՞թե չի կարելի գործածել մեր հարուստ քաղցրահամ ջրային ռեսուրսները, գյուղատնտեսական արտադրանքի թափոնները, բնական այլեւայլ հնարավորությունները:
- Մեր շրջանը նաեւ զբոսաշրջության հիանալի վայր է…
- Անշուշտ: Մեր շրջանն իր Փարվանա լճով, մի շարք այլ գեղատեսիլ վայրերով, գեղեցիկ ու գրավիչ սարերով մենք համեմատում ենք Ալպյան լեռների երկրների հետ, բայց դեռեւս հեռու ենք այն հրապուրանքից, որ զբոսաշրջիկները տածում են Եվրոպայի այլ տարածաշրջանների նկատմամբ: Ունենք շատ տեսարժան վայրեր, գեղեցիկ բնություն, ձմռանը մարզական ձեւերի զարգացման լայն հնարավորություններ, եւ այլն, եւ այլն։ Բայց ցավոք, դրանք էլ լրիվությամբ չեն օգտագործվում: Մեր տարածաշրջանում ստեղծվում է ազգային զբոսավայր, դրանում շահագրգռված են նաեւ եվրոպական առանձին երկրներ, սակայն գործը դանդաղ է առաջ գնում: Վարչապետի ելույթից հասկացանք, որ մեզ պետք է հաջողվի մոտ ապագայում այն գործողության մեջ դնել, վերածել իսկական զբոսաշրջության վայրի:
Կանենք ամեն ինչ, որ նախանշված բոլոր ծրագրերը ժամանակին իրագործվեն, նպաստեն բնակչության բարեկեցության զարգացմանը

Հարցազրույցը վարեց

ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31