Շարունակում ենք ներկայացնել հատվածներ «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերենով եւ ռուսերենով ուղեցույցի՝ մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների մասին պատումնաշարից:
ՍԻՈՆԻԻ ԵԿԵՂԵՑԻ. Սիոնիի փողոց 4
Դարերի ընթացքում Սիոնին ենթարկվել է փլուզումների` կիսելով իր քաղաքի դաժան ճակատագիրը: 1226 թվականին Խորեզմի ժառանգորդ Ջալալ Էդ-Դինը մեծ զորքով ներխուժում է Վրաստան եւ գրավում Թբիլիսին: Նա հրամայում է գցել տաճարի գմբեթը, որպեսզի այդտեղից հետեւի քաղաքի հրդեհմանը եւ սրբապատկերները պղծել չցանկացող քրիստոնյաների տվայտանքերին: Դահիճներն անմիջապես գլխատում էին նմաններին եւ մարմինները գցում Քուռ գետը: Այդպես, «պատժվում» է հարյուր հազար վրացի նահատակ: Սրան հաջորդում է ուժեղ երկրաշարժը, որի ժամանակ պիղծ շահի վրանը վայր է ընկնում Սիոնիի տաճարի բարձունքից:
Սիոնիի եկեղեցում պահպանվում է Վրաստանի ամենազորեղ սրբությունը՝ Սուրբ Նինոյի խաչը, որ պատրաստված է խաղողի որթի երկու կտորներից եւ, ինչպես ավանդույթն է ասում, հյուսված՝ Վրաստանի լուսավորչուհու գիսակներից: 1752 թվականին խաչը տարվել է Ռուսաստան, ուր պահվել է Նիժգորոդի նահանգի Լիսկովո գյուղում, եւ միայն 1801 թվականին վերադարձվել է Վրաստան:
ԲՈԶԱՐՋՅԱՆՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ Ճոնկաձե 12
Ճոնկաձե փողոցի ձախ կողմում, ծխախոտի հայտնի արդյունաբերող Բոզարջյանցի հանդիսավոր ու վեհասքանչ առանձնատունն է (XX դարի սկիզբ, ճարտարապետ՝ Օհանջանով): Շենքը մոդեռն ոճի թերեւս ամենահետաքրքիր կառույցներից մեկն է: Նախասրահը պատված է սալիկներով: Կառույցի ճարտարապետական ողջ հանգույցը նույն ոճում է, եւ դա առավել հետաքրքիր է դարձնում այն: Տունը զարդարում է կամարը՝ կառուցված խոշոր, բաց մոխրագույն քարից: Նրա վրա իջնում է քանդականախշ քարե ճաղաշարքով պատշգամբը: Եվ նույնիսկ 1915 թվականին, Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված մրցույթում, եղբայրներ Բոզարջյանցների եռահարկ առանձնատունը շենքի լավագույն ճակատային մասի համար արժանացել է ճարտարապետական հատուկ մրցանակի:
Քաղաքային առօրյայում առանձնատունն առ այսօր անվանում են «Մադամ Բոզարջյանցի տուն»: Ինչու՞ մադամ, որովհետեւ հարուստ կոմերսանտները, սնանկացման դեպքում, ֆինանսական եւ այլ անախորժություններից ու կորուստներից խուսափելու համար, իրենց այդ կերպ էին ապահովում՝ անշարժ գույքը գրանցելով իրենց տիկնանց ու կամ տան այլ անդամների վրա, որպեսզի վատթարագույն դեպքում գույքը մնար ընտանիքում: Բոլշեւիկների գալուց հետո, այս հնարամտությունն այլեւս դադարում է գործել: Առանձնատունը բռնագրավվում է, եւ մադամին տրվում է սենյակներից միայն երկուսը: Տանը հայտնվում են նոր բնակիչներ, դրանց թվում՝ Լավրենտի Բերիան:
Ի դեպ, հենց Բոզարջյանցի առաձնատանն են նկարահանել գեղարվեստական հայտնի ֆիլմերի շատ դրվագներ, այդ թվում եւ՝ «Գարնան 17 ակնթարթ»-ի եւ «Դաթա Թութաշխիա»-ի:
ՍՈԼՈԼԱԿԻ
Սոլոլակին Թբիլիսիի էկոլոգիապես մաքուր թաղամասերից մեկն է: Այն սկսվում է Ազատության հրապարակից եւ բարձրանում մինչեւ Սուրբ Դավիթ լեռան ստորոտը: Ըստ ավանդության, արաբական գերիշխանության օրոք, Բուսաբանական այգու ջրման նպատակով, այստեղ կառուցվել կամ վերականգնվել է ակվեդուկ՝ ջրամատույց (կամուրջ, ուր ինքնահոսի միջոցով ջուր է մատակարարվում), որն արաբերենով կոչվում է Սուլուլախ:
Այս տարածքը հնուց ի վեր ապահովված է եղել ջրամատակարարմամբ ու ծածկված՝ այգիներով: Այգու կտորներն առ այսօր տեղ-տեղ պահպանվել են եւ հատկապես տների բակերում: Նույնիսկ Վախուշտի Բագրատիոնու քարտեզի վրա Սոլոլակիի տեղում այգիներ են պատկերված:
Թաղամասի կառուցումը սկսվել է XIX դարում: Մինչեւ XX դարի 20-ական թվականները Սոլոլակին համարվել է ամենահեղինակավոր, բարեկարգ եւ Թբիլիսիի «եվրոպամետ» թաղամասը: Այստեղ հիմնականում ապրել են քաղաքի ճանաչված մարդիկ, նաեւ խոշոր արդյունաբերողներ ու վաստակաշատ մտավորականներ:
Սուզվելով Սոլոլակիի փողոցների մեջ՝ հասկանում ես, թե ինչու Թբիլիսին սկսեցին կոչել «Կովկասյան Փարիզ»: Այստեղ եզակիորեն հանդարտ մթնոլորտ էր՝ չնայած լեզուների իշխող բազմազանության ու XIX-XX դարերի սահմանագծի կոսմոպոլիտ ճարտարապետության ու ոճի: Այդ տարիների թբիլիսյան տներն իրենց շքեղությամբ ու որակով գրեթե չէին զիջում եվրոպական մոդեռնին. քմահաճ տանտերերն իրենց տների շինարարության մեջ ներգրավում էին քաղաքի ու արտերկրի լավագույն ճարտարապետներին: XIX դարի ավարտին, Սոլոլակին ամենահեղինակավոր թաղամասերից էր, որը բարեկարգված էր մեծավ մասամբ բուրժուազիայի պերճաշուք առանձնատներով եւ մոդեռն ոճի եկամտաբեր շինություններով:
Հարկ է նշել, որ ժամանակակից Սոլոլակին գրեթե նույն տեսքն ունի, ինչ վաղեմի անցյալում. որոշ տների հանդիսավոր նախամուտքերում դեռեւս պահպանվել են մարմարե մանրակտորներով շարված հատակները, ուր դեռ հնարավոր է ընթերցել լատինական մակագրությունը՝ SALVE (ողջունում եմ քեզ) եւ կամ նախկին տանտիրոջ անունը: Թաղամասի հնաբնակները լավ հիշում են տեղի պաշտոնյաների, խոշոր արդյունաբերողների, բանկիրների ու վաճառականների անունները, ում պատկանում էին այդ շքեղ կառույցները:
...Անցնելով թաղամասի փողոցներով՝ հիրավի համոզվում ես, որ առջեւդ հին Թբիլիսին է, եւ հասկանում ես, որ այդ «հինը», երբ խոսքը գնում է մանավանդ Թբիլիսիի մասին, վերաբերում է նրա ոճին, նրան, ինչ կրկին հառնել գիտի՝ ի հեճուկս վերակառուցումների ու փոփոխությունների: Ու հենց այս պատմական կառույցներն են, որ Թբիլիսիի ճակատագրի մասին առավել պատկերավոր են խոսում, քան պատմության ցանկացած դասագիրք:
(Շարունակելի)
Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ