Օրերս երկրի երկու հազար հարյուրից ավելի դպրոցներում հնչեց ավարտական զանգը՝ նոր կյանքի սկիզբ կանխորոշելով բազում պատանի-պարմանուհիների համար:
Մայիսի 19-ին մայրաքաղաքի թիվ 103 հանրային դպրոցում տոնական մթնոլորտ էր տիրում։ Հայկական բաժանմունքը հյուրընկալել էր պատվարժան հյուրերի՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գեդեւան Փոփխաձեին եւ Ռուսլան Պողոսյանին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին, Վրաստանի կրթության ու գիտության նախարարի խորհրդական Գիորգի Սիգուային, Վրաստանի ԿԳ նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանին, հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ուսուցիչներ ու ծնողներ էին եկել՝ մասնակիցը դառնալու շրջանավարտների հրաժեշտի ցերեկույթի:
Լուսավոր ապագայի սպասելիքներով եւ բաժանման անսքող թախիծը աչքերում օրվա հերոսներ են հայտնվում դահլիճում՝ Սերգո Ավետիսով, Կլարա Առաքելյան, Մկրտիչ Շահդինարյան, Համիկ Առաքելյան, Ալեքսանդր Վարդանյան, Էլենա Հարությունյան, Արմինե Սնխչյան, Մարգարիտ Կարախանյան, Անժելա Թեյմուրազյան, Առլետա Մարգարովա:
Նրանք մեր օրերում աշխարհում լայն տարածում գտած հարավկորեական պարով սկսեցին իրենց բեմելը, այնուհետ միջոցառումը մինչեւ վերջ հմտորեն առաջնորդեցին Կլարա Առաքելյանը եւ Մկրտիչ Շահդինարյանը: Հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին եւ հոգատար դասղեկին նվիրված անկեղծ սիրո ու խոստովանության, բաժանման ափսոսանքի խոսքեր էին հնչում շրջանավարտների շուրթերից, որոնք զուգորդվում էին երգ ու պարով: Անսահման երախտագիտությամբ էին լցված վրաց հողին ու քաղաքամայր Թբիլիսիին վերաբերող կատարումները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց շրջանավարտների մանկությունն ու դպրոցական տարիները փաստող լուսանկարների տեսահոլովակը: «Քաղաքում» հեռուստասերիալի հերոս Մխոյի (Համիկ Առաքելյան), դպրոցական մանդատուրիների (Մկրտիչ Շահդինարյան, Սերգո Ավետիսով) կերպարները տիպիկ մարմնավորող հումորային տեսարանները ուրախ շունչ հաղորդեցին միջոցառմանը:
Շնորհավորական տպավորիչ ելույթներով հանդես եկան դպրոցի երկրորդ (ուսուցչուհի՝ Լուիզա Մուրադյան) եւ 9-րդ դասարանների աշակերտները (ուսուցչուհի՝ Գայանե Մխիթարյան):
Իր ողջույնի խոսքում տնօրեն Նանա Շենգելիձեն ընդգծեց, որ տարիների ընթացքում շրջանավարտները աչքի են ընկել գիտելիքների նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ եւ օրինակելի վարքով: Հուզիչ էին ինչպես դասղեկ Կարինա Օգանովայի, այնպես էլ կրթօջախի փոխտնօրեն Հասմիկ Պապիկյանի ելույթները, որոնք սաներին կոչ արեցին չերկնչել կյանքի անսպասելի մարտահրավերներից, այլ աշխատասիրությամբ ու իմացությամբ հաղթահարել դժվարությունները: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը համոզմունք հայտնեց, որ այս հրաշալի երիտասարդները, որոնք հայ եւ վրաց ժողովուրդների մշակույթների լիիրավ կրողն են, իրենց նման հազարավոր շրջանավարտների հետ միասին լրացնելու են Վրաստանի գալիքը կերտող բազմալեզու բանակի շարքերը: Սրտագին բարեմաղթանքներով, ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, առաջիկայում է’լ ավելի լուրջ ու կազմակերպված լինելու ցակությամբ հանդես եկավ Կարինե Մանուկյանը:
Միջոցառումը գեղեցկացրեց «Անի» պարային համույթի (ղեկավար՝ Անգելինա Նազարյան-Քոչյան) «Սասնա պարը»:
Եվ ողջ ընթացքում գոհացնող էր շրջանավարտների գրագետ մայրենիի եւ նույնքան գրագետ ու սահուն վրացերենի իմացությունը, ինչը մեկ անգամ եւս հավաստիացնում է, որ այս սերունդը, պահպանելով իր ազգային դիմագիծը, արդյունավետ կներգրավվի երկրի հասարակական, մշակութային, քաղաքական ու տնտեսական կյանքին՝ նպաստելով բազմամշակույթ Վրաստանի զարգացմանը:
Հիշարժան տոնը ավարտվեց, իսկ օրվա վառ ու լուսավոր զգացողությունները դեռ երկար են մնալու թե՛ շրջանավարտների, թե՛ հանդիսականների սրտերում:
ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վրաստանի ԿԳ նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող