Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ 46-ՐԴ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԸ

46-ՐԴ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԸ

Էլ.փոստ Տպել PDF

«Ամենից հաճախ ես դառնում եմ տուն - դեպի մեր գյուղը եւ մեր գետը, մեր տան դիմացի բլուրը… այնքան հրաշք ու դյութական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլրի մոտ…,»։ Հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի խոսքերն են սրանք՝ գրված հայրենի գյուղի՝ Գանձայի մասին, ուր նրա մահից 47 տարի անց՝ 1967-ին, հիմնադրվեց եւ ցայսօր մեծ շուքով տոնվում է նրա պոեզիայի օրը՝ արդեն 47-րդ անգամ։

Այս տարի արարողությունն սկսվեց առավոտյան ժամը 10-ին, Վահան Տերյանի տուն թանգարանի կողքին գտնվող մեծ քնարերգուի պապի կառուցած շքեղաշուք եկեղեցում՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ եւ Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանի ու հոգեւոր դասի մասնակցությամբ սկսվեց տոնական Սուրբ պատարագը։
Ապա՝ ժամը 12-ին հանդիսույթը շարունակվեց դաշտահանդեսով։
Տերյանական տոնահանդեսին  մասնակցում էին Վրաստանի մշակույթի փոխնախարար Մանանա Բերիկաշվիլին, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախարար Հերմինե Նաղադալյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Պետրոսյանը, Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,  Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքիի սակրեբուլոյի եւ վարչության նախագահներ Համլետ Մովսիսյանը եւ Էդուարդ Աղասարյանը։ Երեւանից ժամանել էին Մերուժան Տեր-Գուլանյանը, Հարություն Խաչատրյանը, Աշոտ Մելքոնյանը, Կարլեն Կարապետյանը, Գագիկ Աղաջանյանը, Տարոն Շագոյանը, Արմեն Հակոբյանը, Պավել Մարգարյանը, իսկ Թբիլիսիից ժամանել էր պատվիրակություն, որոնց թվում էին նաեւ վրաց մեծ գրող Նոդար Դուբաձեի դուստրը՝ Քեթի Դումբաձեն, Համաշխարհային հայկական կոնգրեսի վարչության անդամ Ռաֆիկ Աղաջանյանը եւ ուրիշներ։ 
Վերանորոգված եւ Վրաստանի ու Հայաստանի պետական դրոշներով զարդարված բեմահարթակին հյուրերը չէ, որ բազմած են. նրանք եկել են ըմբոշխնելու տերյանական պեզիայի հմայքը, շնչելու բանաստեղծի ծննդավայրի անապակ օդը։ Իսկ բեմահարթակին ասմունքողներն են, երգիչները, պարային համույթները։ Միայն պահ առ պահ, տերյանական քնարական գանձերը ներկայացնելու իրենց հիացմունքի խոսքը Տերյանի, նրան ծնած ժողովրդի, հայերի եւ վրացիների դարավոր մտերմության մասին են արտահայտում Հերմինե Նաղդալյանը, Մանանա Բերիկաշվիլին, Նինոծմինդայի շրջանի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Երեւանի «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Տերյանի տուն-թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը, բանաստեղծներ Հմայակ Գրիգորյանը, Սիլվա Սիփանուհին, որոնք հաջորդում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանի շնորհակալական խոսքին՝ հյուրերի ժամանման առթիվ։ Իսկ տոնահանդեսը հմտորեն էր վարում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը։
…Ընդամենը 23 տարեկան էր Վահան Տերյանը, երբ 1908թ. Թիֆլիսում լույս աշխարհ եկավ նրա առաջնեկ «Մթնշաղի անուրջները»։ Այստեղ, 1914-ին, Երաժշտական ընկերության դահլիճում է բանաստեղծը հանդես եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային հոդվածով։ Ու թե բանաստեղծը ափսոսանք էր հայտնել վրացերեն չիմանալու համար, այնուհանդերձ կյանքի վերջին տարիներին սկսել է սովորել վրացերեն եւ անթերի հայացրել ոչ միայն անմահ Շոթայի «Ընձենավորի», նախերգանքը, այլ նաեւ իր մտերիմ բարեկամ, անվանի վրաց բանաստեղծ Ակակի Ծերեթելու «Մի կինտո եմ դարդիման» կոլորիտային բանաստեղծությունը…
Ո՞վ գիտե, դեռ ինչքա՜ն հանճարեղ գործեր էր ստեղծելու հայ մեծ դասականը, եթե անբուժելի հիվանդությունը 1920 թվականին չկտրեր նրա կյանքի թելը...
Մեր հնագույն շարականների, սաղմոսների, միջնադարյան աննման տաղերգության, նախատերյանական ողջ դասական քնարերգության հավերժական խորհրդի գաղտնագիրն է անթեղված տերյանական պոեզիայի մեջ, որը եւ նրան Ավ.Իսահակյանի խոսքերով դարձնում է «հայ գրականության անզուգական տեղ բռնած, եւ իր բանաստեղծական ձեւն ու շկոլան ունեցող անհատական լիրիկ…»։
Տոնահանդեսին առանձին շուք են հաղորդում հայկական, վրացական ժողովրդական պարերը, տերյանական սիրերգության գանձերի հրաշալի ասմունքը, եռալեզու ընթացող միջոցառումը, որը հավասարապես հասկանալի է տոնախմբության ցանկացած մասնակցի։
Ավելացնենք նաեւ, որ գեղարվեստական բաժնում ներկայացված էին բացառապես տեղական ուժեր՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի, Գանձայի մշակույթի տան, Կաթնատուի գյուղական ակումբի, Նինոծմինդայի սուրբ Նինո մանկատան համույթները, Ախալքալաքիի Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները։
Մեր անմահ հայրենակից, համաշխարհային քնարերգության անդաստանում իր ուրույն տեղը բռնած Վահան Տերյանի հավերժական փառքը ունեցավ եւս մի շքեղ կիսակայարան, որը երկու տարի անց կհասցնի հրաշալի սիրերգակի ծննդյան 130-ամյակին։

ԱՐԱՔՍՅԱ ՍՆԽՉՅԱՆ
Մեր հատուկ թղթակից

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31