Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Քաղաքականություն ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Էլ.փոստ Տպել PDF

Այսպիսով երկրում օրեցօր նոր թափ ու ծավալ է ստանում նախագահական քարոզարշավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արդեն հայտ է ներկայացրել նախագահության շուրջ 30 թեկնածու։ Կողմնակիցների (26 հազար 530) անհրաժեշտ ստորագրահավաքից բացի, թեկնածուները ձեռնամուխ են եղել իրենց նախընտրական ծրագրերի քարոզչությանը։

Այսպես, երկրի տարբեր երկրամասերում բնակչության հետ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների ու պատասխանատու անձանց հետ հանդիպումներ է անցկացնում կառավարող «Վրացական երազանք» կոալցիայից նախագահության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին։ Նրա նախընտրական ծրագիրը, որոշակի ճշգրտումներով հիմնականում ընդգրկում է բոլոր այն խոստումները, որոնք դեռեւս անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին առաջարկում էր «Վրացական երազանք» կոալիցիան։
Նախորդ իշխանության կողմից իրականացված բարեփոխումները, առաջիկայում իրականացվելիք, հիմնականում սոցիալական բնույթի փոփոխությունները այն հիմնական թեմաներն են, որոնց վրա հիմնված է «Միասնական ազգային շարժման» կողմից նախագահության թեկնածու առաջադրված Դավիթ Բաքրաձեի քարոզարշավը։
«Ժողովրդավարական շարժման» նախագահության թեկնածու Նինո Բուրջանաձեն, իր նախընտրական ծրագրում սոցիալական թեմաներից բացի, շեշտը դնում է նաեւ երկրի արտաքին քաղաքական կուրսի ճշգրտման եւ երկրում արդարության վերականգնման վրա։
«Քրիստոնեա-ժողովրդավարական շարժման» լիդեր Գիորգի Թարգամաձեն փորձում է ընտրողների համակրանքը շահել այնպիսի «հրատապ» թեմայի արծարծմամբ, ինչպիսին միասեռ ամուսնության արգելումն է։ Ավելին, նրա նախաձեռնությամբ, քրիստոնեա-ժողովրդավարները նույնիսկ այդ պահանջով ստորագրահավաքի արշավ են անցկացնում։
Շարունակում է իրեն հավատարիմ մնալ Լեյբորիստական կուսակցության լիդեր Շալվա Նաթելաշվիլին։ Նրա մոտ փոխվել է միայն քննադատության օբյեկտը, մնացած հարցերում նույն բարձրագոչ հայտարարություններն են եւ նույնիսկ ամենամիամիտ ընտրողի համար հասկանալի, անիրականանալի, անիրատեսական խոստումները։
Նախագահության անկախ թեկնածու Նեստան Կիրթաձեի, ինչպես նաեւ մինչեւ այդ հինգ անգամ նախագահական ընտրություններին մասնակից Քարթլոս Ղարիբաշվիլու քննադատության առարկան ներկայիս եւ նախկին ղեկավարությունն է, տրված խոստումներն էլ, մեղմ ասած, իրենց անիրատեսությամբ, որոշակի զարմանք են հարուցում։
Սակայն, ըստ իս, գլխավորը դա չէ։ Ըստ երեւույթին, նախագահության բոլոր թեկնածուներն իրենց քարոզարշավի հիմքում ընդունել են այն հանգամանքը, որ ընտրողների մեծամասնությունը, ինչպես առաջներում, կրկին համոզված է, որ երկրի նախագահից շատ բան է կախված։ Սակայն չպետք է մոռանալ մի նշանակալի հանգամանք. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնությամբ դեռեւս անցյալ տարի իրականացված սահմանադրական փոփոխությունների համաձայն, այս տարվա հոկտեմբերի 27-ին նշանակված ընտրություններից հետո երկրի նախագահը զրկվում է արտաքին եւ ներքին քաղաքականությունը ղեկավարելու, այն կառավարելու իրավունքից։ Նա մնում է երկրի ղեկավար, երկրի միասնության եւ ազգային անկախության երաշխիք, որը սահմանադրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում ապահովում է պետական տարբեր մարմինների գործառույթները։ Նա շարունակում է մնալ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը, եւ Վրաստանը ներկայացնելու է արտաքին հարաբերություններում։ Թեպետ, ինչպես նշվեց, նա զրկվում է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա էական ազդեցություն գործելու հնարավորությունից։ Նրա այդ իրավասությունները փոխանցվում են կառավարության ղեկավարին, որն էլ, փաստորեն, կանխագծելու է երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վեկտորը։
Ելնելով վերոնշյալից, ուղղակի զարմանք են պատճառում նախագահության առանձին թեկնածուների կողմից բարձրաձայնվող առանձին խոստումները։ Դժվար է հավատալ, որ թեկնածուները, իրենք չեն ընկալում ստեղծված հակասությունը, սակայն, եթե հասկանում են եւ դա անում են գիտակցաբար, ապա, չեմ կարծում, որ նման նախագահը երկրին կարող է օգտավետ լինել։

 
< Օգոստոս 2013 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31