Օգոստոսյան պայծառ առավոտվա անդորրը միանգամից խանգարվեց, երբ գյուղ մտան ինքնաթափ մեքենաները` ծանրաբեռ ու աղմկոտ: Գյուղացիները զարմացած հայացքներով ուղեկցեցին մեքենաների շարասյունը: Կառլեն Կոբալյանն «ընդունեց» մեքենաները, որոնց բեռը՝ ավազը, լցվեց փողոցը: Վարորդները «գրանցվեցին», եւ շարասյունն ուղղություն վերցրեց դեպի ավազահանք: Այստեղ նրանց սպասող Սամվել Անանիկյանն սկսեց շտապեցնել ավազ բարձողներին:
Շտապում ու շտապեցնում են Կառլենն ու Սամվելը: Բարեգործների եռյակին` Արթուր Իսոյանին, Անդրանիկ Մկոյանին եւ Արթուր Կոբալյանին խոսք են տվել գործին արագ թափ հաղորդել, կարճ ժամանակում հարթեցնել, խճապատել ու կարգի բերել գյուղամիջյան ճանապարհները, որոնց երկարությունը 10 կիլոմետրից ավելի է:Նախաձեռնողները սաթխացի երեք երիտասարդներն էին, ովքեր ապրում ու աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց հազար թելերով կապված են հայրենի գյուղի հետ, հեռվից ու մոտիկից մասնակից են լինում գյուղում կատարվող իրադարձություններին: Եվ նրանց մասնակցությունը միշտ գոհունակությամբ է ընդունվում համագյուղացիների կողմից: Արթուր Կոբալյանն ապրում եւ աշխատում է Խաբարովսկ քաղաքում: Նրա ղեկավարած շինարարական ֆիրմայում 300-ից ավելի շինարարներ են աշխատում: Եվ, որ պակաս կարեւոր չէ, նրանց մեծ մասը ջավախահայեր են: Ֆիրման իրականացնում է շինանյութերի արտադրություն, քաղաքացիական ու արդյունաբերական օբյեկտների, երկաթգծի շինարարություն:
Մոսկվայում է ապրում եւ աշխատում Արթուր Իսոյանը, ղեկավարում է հացամթերքների արտադրության միավորումներից մեկը, աշխատանքով ու կայուն վաստակով ապահովում մի քանի տասնյակ հայրենակիցների, օգնում նրանց շատ հարցերում:
Անդրանիկ Մկոյանի երկրորդ հայրենիքը Սալեխարդ քաղաքն է, որտեղ էլ նրա ղեկավարած շինարարական կազմակերպությունն է` աշխատանքային մեծ կոլեկտիվով, որի անդամների մեծ մասը նույնպես ջավախահայեր են:
Անգնահատելի էր նաեւ ծնունդով սաթխացի Մարտուն Մկոյանի մասնակցությունը գործին: Նրա ղեկավարած ձեռնարկության տեխնիկական միջոցները ապահովեցին բարեկարգման աշխատանքների որակյալ ու ժամանակին կատարումը:
Բարեգործները զգալի գումար ներդրեցին նաեւ Սաթխայի նորակառույց ծիսակատարությունների տան համար անհրաժեշտ սպասք ձեռք բերելու գործում: Նման բարերարությունը նորություն չէ Սաթխայում: Բարեգործությունը այս գյուղում արդեն սովորական երեւույթ է դառնում: Եվ գյուղը հպարտանում է իր զավակներով: Չէ՞ որ բարեգործությունը աստվածահաճո գործ է:
ԱՇՈՏ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Նինոծմինդայի շրջանային վարչության Սաթխայի տարածքային լիազոր