Ինչպես արդեն հաղորդել ենք, այս տարի մանկավարժների հավաստագրման քննություններն աչքի ընկան բավականին ցածր արդյունավետությամբ։ Բավական է նշել, որ միայն տարրական մակարդակի ուսուցիչների 93,5 տոկոսը չկարողացավ հաղթահարել իմացության նվազագույն մակարդակը։
Վերոնշյալի, ինչպես նաեւ հավաստագրման քննությունների ծրագրման ու անցկացման, կազմակերպչական եւ քննական թեստերի պատրաստման գործում թույլ տրված որոշ բացթողումների հաշվառմամբ, ծագեց ենթադրություն, ըստ որի, հավաստագրման քննությունները հնարավոր է վերացվեն, թեպետ այդ ենթադրությունը կտրականապես հերքվեց քննությունների ազգային կենտրոնի կողմից։ Վերոնշյալ ենթադրությունը չհաստատեցին նաեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունում։ Ավելին, կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեի հայտարարությամբ, ուսուցիչների հավաստագրումը չի կարող լինել գնահատման միակ միջոցը։Հիշեցնենք, որ ուսուցիչների հավաստագրման քննություններն առաջին անգամ անցկացվեցին 2010 թվականի ամռանը։ Այն ժամանակ, կրթության եւ գիտության նախաձեռնությամբ մշակված եւ խորհրդարանի կողմից ընդունված օրենքի համաձայն, 2014 թվականի համար բոլոր ուսուցիչները պետք է անցնեն հավաստագրում, հակառակ դեպքում, նրանք որպես ուսուցիչներ չեն աշխատի։
«Առկա սխեման շատ վատ էր ծրագրված, եթե հետեւեինք դրան, ապա 2015 թվականի համար ուսուցիչների լուրջ պակասորդ կունենայինք, ինչը կհանգեցներ դպրոցների փակման։ Դրա ակնհայտ վկայությունը այս տարվա հավաստագրման քննություններն են։ Հաշվի առնելով դա՝ մշակեցինք հիմնադրույթ, որով փոխարինելու ենք ուսուցիչների հավաստագրման գործընթացը։ Գնահատման համակարգը, որը մտադիր ենք ներդնել, կլինի բազմաբնույթ։ Մոտ օրերս ձեռնամուխ կլինենք այդ համակարգի քննարկմանը»,- հայտարարեց Թամար Սանիկիձեն։
Կրթության նախարարի հավաստմամբ, հավաստագրման քննություններն անպայմանորեն ձեւափոխվելու են, եւ ներդրվելու է համալիր գնահատում։ «Մոտ ժամանակներս Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված հետազոտություններ կանցկացնենք, ըստ որի, մշակելու ենք այլընտրանքային մոդելը։ Թեպետ հետազոտությունը, որը անցկացնում է քննությունների ազգային կենտրոնը, կլինի վերջնական, եւ սխեման, որը մենք կառաջարկենք մանկավարժներին, բոլորի համար կլինի պարտադիր։ Բոլոր մանկավարժներին կընձեռենք զարգացման հավասար հնարավորություններ»,- ընդգծեց նախարարը։
Պարզաբանումների համար, թե ինչպես է իրականացվելու ուսուցիչների գիտելիքների գնահատումը, եւ ինչ նորամուծություններ են ներդրվելու այդ գործընթացում, մենք դիմեցինք քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլուն։
«Միանգամից ասեմ, որ հավաստագրման քննությունների վերացման վերաբերյալ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։ Օրենքի այն կետը, ըստ որի, 2014 թվականին բոլոր ուսուցիչները պետք է հավաստագրված լինեն, մնում է անփոփոխ։ Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2010 թվականից հետո ուսուցիչների հավաստագրման քննությունների երկու բաղադրիչները հաջողությամբ հանձնել է ընդամենը 12 տոկոսը, ապա ստացվում է, որ ներկայումս գործող մանկավարժների 88 տոկոսը հնարավոր է մնա առանց աշխատանքի։
Ուղղակի ակնհայտ դարձավ հավաստագրման քննությունների մոդելի անարդյունավետությունը, եւ դրանում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը, թեպետ մենք նախօրոք նշում էինք, որ վերոնշյալ օրենքում սահմանված ժամկետները անիրատեսական էին»,- ասաց քննությունների ազգային կենտրոնի ղեկավարը։
Ի պատասխան այն հարցին, թե կրթության ու գիտության նախարարությունը եւ քննությունների ազգային կենտրոնը ի՞նչ են ձեռնարկելու ստեղծված իրավիճակի կարգավորման համար, Մայա Միմինոշվիլին հայտարարեց. «Միանգամից նշեմ, որ միայն տեսական գիտելիքների գնահատումը մենք երբեք բավարար չենք համարել։ Տվյալ պարագայում առանձնակի նշանակություն ունի մանկավարժի պրակտիիկ իմացությունը, թե ինչպես է նա կարողանում դասավանդելիք առարկան հասցնել աշակերտներին, թեպետ հենց այդ կարեւոր բաղադրիչը մինչ օրս մնում էր գնահատման ոլորտից դուրս։
Մենք ծրագրում ենք թեստավորմանն ու հարցազրույցին ավելացնել երրորդ բաղադրիչը՝ գործնական իմացության մակարդակի ստուգումը։ Մենք այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որ ուսուցիչները գնահատվեն՝ ելնելով պրակտիկ գործունեությունից։ Թեպետ ուսուցիչների ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական գնահատման մեթոդների, մանկավարժների մասնագիտական զարգացման արդյունավետության դրույթի մշակումն ու ներդրումը լրիվությամբ կրթության եւ գիտության նախարարության իրավասությունն է»,- հայտարարեց Մայա Միմինոշվիլին։
Քննությունների ազգային կենտրոնի ղեկավարն անդրադարձավ նաեւ ընթացիկ տարվա աշնանը հանրային դպրոցներում ավարտական դասարանների աշակերտների ատեստացիոն քննությունների արդյունքներին։
Ինչպես հայտնի է, ավարտական ութ քննությունների հանձնումը բաժանվեց երկու փուլի եւ աշակերտներին տրվեց ընթացիկ տարվա աշնանը եւ հաջորդ տարվա գարնանը չորսական քննությունների հանձնմամբ, հասունության վկայական ստանալու հնարավորություն։
Թեպետ նշենք, որ նորամուծության անդրանիկ փորձարկումն իրեն այնքան էլ չարդարացրեց։ Ընթացիկ տարվա աշնանային ավարտական քննություններին աշակերտների 33 տոկոսը չհաղթահարեց իմացության նվազագույն մակարդակը։ Դա առանձնապես զգալի էր ֆիզիկայի քննության ժամանակ, որի ընթացքում մասնակիցների շուրջ 15 տոկոսը չկարողացավ հաղթահարել նվազագույն իմացության մակարդակը։ Մյուս առարկաների հարցում, մասնավորապես՝ աշխարհագրության քննությունից, կտրվեցին աշակերտների 7 տոկոսը, կենսաբանությունից՝ 5, քիմիայից՝ 6 տոկոսը։ Թեպետ, օրենքը նախատեսում է նաեւ որոշակի արտոնություն. այն աշակերտները, ովքեր վերոնշյալ առարկաներից թեկուզ մեկը չեն հանձնել, հնարավորություն ունեն մյուս չորս առարկաների հետ, այն վերահանձնել մայիսին։
«Այն, որ աշակերտների 15 տոկոսը չի հաղթահարել ֆիզիկայի իմացության նվազագույն մակարդակը, ըստ իս, աղետալի չէ, թեպետ, ինչ խոսք, շատ ավելի լավ կլիներ, եթե բոլորը կարողանային քննությունը հաջողությամբ հանձնել։ Սակայն, ներկայումս առավել նշանակալի է, թե ֆիզիկայի եւ, ընդհանրապես, մյուս առարկաների ուսուցիչները կոնկրետ ինչ են ձեռնարկում իրավիճակի կարգավորման համար։ Իսկ այն, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի կատարումն անհրաժեշտություն է, ակնհայտ է»,- հայտարարեց Մայա Միմինոշվիլին։
Նա հավելեց, որ տվյալ պարագայում հարցը բարդանում է նաեւ նրանով, որ այս տարվա տվյալները հնարավոր չէ համեմատել նախորդ տարիների, մասնավորապես՝ անցյալ տարվա տվյալների հետ։ «Ցավոք, համեմատել չենք կարող, քանի որ անցյալ տարի աշակերտների համար գլխավորը երեք առարկաների քննություններին 5,2 միավորի հաղթահարումն էր։ Չափորոշիչներն այլ էին, պակաս էր նաեւ իմացության մակարդակը»,- ասաց նա։
Քննությունների ազգային կենտրոնի տնօրենի խոսքերով, շատ հարցերի պատասխանը կհստակեցվի հաջորդ տարվա գարնանը, երբ շրջանվարտները կներկայանան ավարտական հերթական քննություններին։
Հիշեցնենք, որ ավարտական քննություններն այսպես կոչված ԿԱՏ-ի, այն է՝ համակարգչային թեստավորման միջոցով, առաջին անգամ անցկացվեցին 2011 թվականին։ Այն ժամանակ դպրոցները ավարտական քննություններն անցկացրին ինքնուրույն, առանց քննությունների ազգային կենտրոնի միջամտության։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ