Նոյեմբերի 23-ին, Գիորգոբայի օրը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում անցկացվեց երաժշտական երեկո։ Երեկոյին ելույթ ունեցան Վրաստանում ճանաչված օպերային մեներգիչներ Լեյլա Գոցիրիձեն, Գիա Գաբելիան, Թենգիզ Ջանգալիձեն, որոնց նվագակցում էր Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար եւ ռեժիսոր Վիտալի Քամալովը։
Համերգի ծրագրում հնչեցին արիաներ Ջ.Վերդիի, Դ.Պուչինիի, Դ.Բիզեի, Պ.Մասկանիի օպերաներից, նաեւ՝ Դ.Արաղիշվիլու ու Պ.Չայկովսկու ռոմանսները։ Միջոցառման կազմակերպիչ եւ վարող, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովի խոսքերով, երեկոյի նպատակը ոչ միայն հանդիսատեսին բավականություն պատճառելն էր, այլեւ երիտասարդ սերնդին ակադեմիական երգեցողության բարձր արհեստավարժ արվեստին ծանոթացնելը։ Նա հակիրճ ներկայացրեց համաշխարհային օպերային դասականի գլուխգործոցների՝ «Դոն Կառլոսի», «Տոսկայի», «Տորանդոտի», «Կարմենի» բովանդակությունը։ Երեկոյի ընթացքում այդ օպերաներից կատարվեցին առանձին արիաներ, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Հանդիսատեսին ռոմանսները ներկայացրեց Վերոնիկա Մանուկյան-Իաշվիլին։Հիմնական ծրագրի ավարտից հետո երեկույթի վարողը հանդիսատեսին ներկայացրեց Զ.Փալիաշվիլու անվան երաժշտական քոլեջի երգեցողության բաժնի ուսանող Հովհաննես Շահնազարյանին, ով Վ.Քամալովի նվագակցությամբ կատարեց մի շարք ստեղծագործություններ։
Դահլիճում ներկա «Ամագդարի» բարեգործական հիմնադրամի նախագահ Վախուշտի Քիզիղուրաշվիլին ընդգծեց ոչ միայն ստեղծագործական կողմը, այլեւ բարձր գնահատեց դրա նշանակությունը։ Նույն կարծիքը հայտնեցին նաեւ ճանաչված թբիլիսյան լուսանկարիչ Յուրի Մեչիտովը եւ հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը։
ԱՐՍԵՆ ԲԱՐԱԿԱԶՅԱՆ