Նրա հյուրընկալ տունը յուրովի կիրառական արվեստի թանգարան է հիշեցնում։ Դժվար է պատկերացնել, որ այդ տանը ներկայացված հավաքածուի առյուծի բաժինը մի մարդու ստեղծագործության արգասիքն է։ Եվ ահա մենք զրուցում ենք խեցեգործ, թբիլիսահայության լավագույն ներկայացուցիչներից մեկի, Լեւոն Օսիպովի հետ, նրա անհագուրդ ստեղծագործական վերելքների, զարմանալի աշխատասիրության ու ոգեւորության աղբյուրների մասին։
֊ Նախ մի քանի խոսք Ձեր մասին։- Արդարության առջեւ չեմ մեղանչի, եթե ասեմ, որ ինձ համարում եմ բնիկ թբիլիսցի։ Պապս ու ապուպապս ծնվել ու մեծացել են Քուռ գետի ափին տարածված աշխարհի այս հիասքանչ քաղաքում։ Այստեղ, Հավլաբարում է ծնվել նաեւ ձեր խոնարհ ծառան։ Սովորել եմ հարեւանությամբ, Էլիայի թաղամասում գտնվող թիվ 86 դպրոցում։ Մանկուց սիրել եմ նկարել։ Որքան ինձ հիշում եմ, միշտ մատիտն ու թղթապանակը ինձանից անբաժան են եղել։ Այնպես որ, բուհի ընտրության հարցում էլ այլընտրանք չի եղել՝ ընդունվեցի Երեւանի թատերական գեղարվեստական ինստիտուտի ճարտարապետության եւ քանդակագործության ֆակուլտետ։
֊ Ձեր ընտանիքում որեւէ մեկը զբաղվե՞լ է կիրառական արվեստով։
- Ոչ, մայրս՝ Մարիա Օսիպովան (Խալաթյան¤, մասնագիտությամբ մանկավարժ էր, հիանալի նկարում էր, տաղանդավոր անձնավորություն էր։ 46 տարի աշխատել էր դպրոցում, արժանացել վաստակավոր մանկավարժի կոչման։ Նկարչության առաջին դասերը նրանից եմ ստացել։ Հայրս՝ Սուրեն Օսիպովը, 68 տարի աշխատեց Օրջոնիկիձեի անվան մեքենաշինական գործարանում՝ շարքային բանվորից հասնելով արտադրամասի պետի պաշտոնին։
Ինչ վերաբերում է ամուսնությանս, ապա, դա տեղի ունեցավ ուսանողության տարիներին։ Ընդ որում, շատ հետաքրքիր ձեւով։ Դեռեւս 9-րդ դասարանում բարեկամացա մի աղջկա, Անժելա Պետրոսյանի հետ։ Հայրս ասաց, ինչ բարեկամության ժամանակ է,, ամուսնացիր։ Ու ամուսնացա։
Եվ ահա արդեն 55 տարի միասին ապրում ենք։
Անժելան նույնպես մանկավարժ է, շուրջ 25 տարի դասավանդում է ռուսաց լեզու եւ գրականություն։ Ունենք երկու զավակ՝ որդուս՝ Կարենին, եւ դուստր՝ Մարինային, որը նույնպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է։ Եվ, ամենակարեւորը, ունեմ վեց թոռ։
- Բայցեւայնպես, ինչպե՞ս սկսեցիք խեցեգործությունը։
- Դպրոցն ավարտելուց հետո մեկնեցի Երեւան, այն հույսով, որ որպես հայ ինձ այնտեղ ընդունվելը ավելի դյուրին կլիներ, սակայն պարզվեց, որ ընդունելությանը հանձնելու էի հատուկ առարկաներ՝ նկարչություն, քանդակագործություն եւ գեղանկարչություն։ Իսկ ես դրան պատրաստ չէի։ Մի խոսքով, հուսահատվել էի, կորցրել ուսանող դառնալու հույսը։ Վատ տրամադրությամբ էի վերադառնում ինստիտուտից, անցնելով կիսաբաց դռներով, ինչ֊որ շենքի կողքով, տեսա, որ դա արհեստանոց է։ Բաց դռներից երեւաց մի հիանալի քանդակ։ Մոռանալով իմ հիմնախնդիրների մասին, կանգ առա, նայում էի… Մոտեցավ վարպետը, որը այդ ժամանակ մի հսկա արծիվ էր ծեփում եւ հետաքրքրվեց։ Ասացի, որ շատ եմ ցանկանում սովորել քանդակագործություն, սակայն հատուկ քննությունների համար պատրաստ չեմ։ Նա տվեց թուղթ ու մատիտ եւ առաջարկեց նկարել իր գործը՝ արծիվը։ Երբ նկարեցի, նա առաջարկեց հաջորդ օրը ժամը տասին գալ պարապմունքի։
Այն ժամանակ ես չգիտեի, թե ում հետ եմ հանդիպել։ Բնականաբար, առավոտյան արհեստանոցում էի։ Վարպետը տվեց մի կտոր կավ եւ առաջարկեց ծեփել պատկերած արծիվը։ Շատ զարմացավ, երբ իմացավ, որ մինչ այդ դրանով երբեք չեմ զբաղվել եւ առաջարկեց իր մոտ պարապել նկարչություն, գեղանկարչություն եւ քանդակագործություն։ Ամեն օր, երկու ամիս շարունակ, մինչեւ ընդունելության քննությունները, հաճախում էի արհեստանոց։
֊ Եվ ո՞վ էր այդ վարպետը։
- Դրանում բախտս բերեց, հավանաբար օգնեց իմ պահապան հրեշտակը՝ այդ վարպետը ճանաչված հայ քանդակագործ Երվանդ Քոչարն էր, Երեւանի կայարանի հրապարակում կանգնեցված Սասունցի Դավթի քանդակի հեղինակը։ Բնականաբար, այդ անունն ինձ ծանոթ էր։ Այսպիսով, պատահաբար ինձ բախտ վիճակվեց ծանոթանալու մեծ վարպետի հետ։
֊ Իրոք, Ձեր բախտը բերել է։
- Երբ ինստիտուտի ընդունելության հանձնաժողովում իմացան, թե ում մոտ եմ պարապում, կարեկցանքով ասացին, որ բուհ ընդունվել չեմ կարողանա, քանզի թատերական գեղարվեստական ինստիտուտի ռեկտոր Արամ Սարգսյանն ու Երվանդ Քոչարը անհաշտ մրցակիցներ էին։ Երկուսն էլ տաղանդավոր նկարիչներ են եւ ստեղծագործող մարդկանց միջեւ մրցակցությունը սովորական երեւույթ է։ Իմանալով այդ մասին, վարպետը, բառացիորեն ձեռքս բռնելով՝ տարավ ռեկտորի մոտ։ Քոչարն ասաց. «Ես այս տղայի համար օգնություն չեմ խնդրում, ուղղակի նրան պետք չէ խանգարել»։ Եվ ես առանց որեւէ հիմնախնդրի դարձա ուսանող։
- Ինչպե՞ս անցան Ձեր ուսանողական տարիները։
- Այդ տարիներին ձանձրանալու ժամանակ չկար։ Բուհում իրենց դերասանական ունակություններն էին հղկում թատրոնի եւ կինոյի ապագա աստղերը։ Ինստիտուտում հաճախակի էի հանդիպում Արմեն Ջիգարխանյանին, թատրոնի եւ կինոյի ապագա մյուս աստղերին։
- Ե՞րբ հասկացաք, որ խեցեգործությունը Ձեր տարերքն է։
- Չորս տարի քանդակագործություն էի սովորում։ Մեր բուհում բացվեց խեցեգործության ֆակուլտետ եւ պարզ էր, որ խեցեգործությունը լայն հեռանկար ունեցող արվեստ է։ Բացի այդ, քանդակագործության համար պահանջվում է մեծ տարածք, փոքր ու հարմարավետ արհեստանոցով չես բավարարվի, իսկ կավագործության համար նման պայմանները պարտադիր չեն։ Շատ համեստ էինք ապրում եւ պերճաշուք արհեստանոց ունենալու մասին երազանքը եթերային էր, եւ ես որոշեցի փոխել մասնագիտությունս եւ ընտերցի խեցեգործությունը։
Ինչպես գիտեք, նկարչությունը ազատ մասնագիտություն է, այնպես որ, բուհն ավարտելուց հետո ոչ մի նշանակում չեղավ։ Չնայած, դեռեւս ուսանողության տարիներին մասնակցում էի Մոսկվայում եւ Լենինգրադում անցկացվող ցուցահանդեսներին։ Բանն այն էր, որ խեցեգործության ֆատուլտետը բացարձակապես նորույթ էր երեւանյան բուհի համար։ Իմ գործերը յուրօրինակությամբ էին աչքի ընկնում, կատարման առանձնահատկությամբ։ Գլխավոր մասնագիտական ուղղությունը ռելիեֆային ու քանդակագործական գեղարվեստական խեցեգործությունն էր։ Այնպես որ, ոչ թե աշխատանքն էր ինձ որոնում, այլ ես՝ նրան։ Սոչիում կանգնած է 14 հարկանի «Մոսկվա» հյուրանոցը, այն լրիվությամբ ես եմ ձեւավորել, սկսած շենքի ճակատից մինչեւ համարների ձեւավորումը։ Թբիլիսիի մետրո «Իսանի» կայարանում տեղակայված «Թամար թագուհու որսը» պաննոն եւս ձեւավորվել է իմ կողմից։ Կիեւում ձեւավորեցի «Բարեկամություն» հյուրանոցը…
- Ձեր ոգեւորության աղբյուրը ո՞րն էր։ Չէ՞ որ լարված աշխատանքի պայմաններում շատ դժվար է պահպանել ստեղծագործական կայծը։
- Հետաքրքիր հարց է։ Ես ինքս ոգեւորվող անձնավորություն եմ, բազում մտքեր են ծագում, եւ ցանկանում եմ դրանք մարմնավորել։ Երբեմն օրերով արհեստանոցից դուրս չեմ եկել։
Բնականաբար, գուցե շատերին դուր չի եկել իմ անուշադրությունը, սակայն, երբ սկսում եմ աշխատել, ամեն ինչ մոռանում եմ։ Պետք չէ մոռանալ նաեւ գործի նյութական բաղադրիչը՝ հոնորարները։ Արհեստանոցս բավականին մեծ է, մոտ 250 քառ. մետր, այն ինձ տվել է բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության խորհրդային ժամանակներում գործող նախարարությունը, որպեսզի ուսանողներն այնտեղ անցնեն գործնական պրակտիկա։ Պոլիտեխնիկական ինստիտուտում գործում էր խեցեգործության տեխնոլոգիայի ֆակուլտետը, որտեղ ես դասավանդում էի տեխնոլոգիական ողջ գործընթացը։ Բացի այդ, դասախոսություններ էի կարդում ճարտարապետական ֆակուլտետի ուսանողների համար։ Այսօր էլ ես շարունակում եմ առնչվել երիտասարդների հետ, նրանց սովորեցնում մասնագիտական նրբություններին։ Ներկայումս Վրաստանի հայկական մի շարք հասարակական կազմակերպությունների մոտ ծագել է Վրաստանի տարածաշրջաններում խեցեգործության դասընթացներ ներդնելու ցանկությունը։ Երեխաներին խեցեգործություն դասավանդող ուսուցիչների հետ վարժանքներ եմ անցկացնում։
- Ձեր գործերով առի՞թ ունեցել եք լինել արտասահմանում։
- Ե՚վ այո, ե՚ւ ոչ։ Եթե հաշվի առնենք այն, որ իմ կերտած յուրաքանչյուր գործը իմ անկապտելի մասն է, ապա շրջանցել եմ ողջ աշխարհը։ Շատ հաճախ իմ պատրաստած հուշանվերները մեր պաշտոնական պատվիրակությունների հետ ուղեւորվել են աշխարհի տարբեր երկրներ։ Օրինակ, իմ պատրաստած խեցե սկահակը այսօր էլ դրված է Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի նստավայրում, ես այն անձամբ նվիրել եմ Ռաուլ Կաստրոյին՝ նրա կրտսեր եղբորը, երբ նա այցելեց իմ արհեստանոց։ Եվս՝ մի օրինակ։ Չեխիայի կրթության նախարարի համար պատրաստեցի գարեջրի գավաթների մի ամբողջ հավաքածու։
- Վերջերս անցկացվեց Ձեր անհատական ցուցահանդեսը։ Եթե գաղտնիք չէ, ո՞վ էր կազմակերպիչը։
- Կազմակերպիչներն էին Վրաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի նկարիչների միության եւ Վրաստանի նկարիչների միության հետ միասին Վիրահայոց թեմի Առաջնորդարանի աջակցությամբ։ Ցուցահանդեսը բացվեց «Հայարտուն» մշակութային կենտրոնում։
- Ի՞նչ կմաղթեիք երիտասարդ սերնդին։ Ձեր կարծիքով, շնորհալիներ կա՞ն։
- Անկասկած։ Ի հայտ է գալիս թբիլիսյան նկարիչների նոր սերունդ եւ հուսով եմ, որ նրանք իրենց խեցեգործական աշխատանքներով կնվաճեն ողջ աշխարհը։
ՆԱՏԱԼՅԱ ՍԱԽՆՈ