Երեկոն, որ տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, հունվարի 18-ին, սպասված էր… Դա, տասնամյակների պատմությունն ուսած, գրական շրջաններին քաջածանոթ, Վրաստանի գրողների միության եւ «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության տարեգրքի հերթական՝ 2013 թվականի ժողովածուի շնորհանդեսն էր։
Նորընծա «Կամուրջ»-2013-ը, ինչպես միշտ, իր «Արձակ եւ չափածո էջեր» շարքում միավորել է Վրաստանի հայ գրական դաշտի ներկայացուցիչներին։ Եվ ոչ միայն նրանց։ Գրքի՝ «Օտարագիր, բայց ոչ օտար», «Մեր հայրենակիցները Հայաստանում եւ սփյուռքում», «Գրական միջօրեականներ» խորագրերի էջերում տեղ են գտել Հայաստանում, սփյուռքում ստեղծագործող եւ՝ Վրաստանի օտարագիր հայ հեղինակներ։Տարեցտարի իր բովանդակությունն ընդլայնող տարեգրքի վերջին համարը ունի «Դասական էջեր», «Գրականագիտություն», «Մանկական գրականություն», «Հրապարակագրություն», «Թերթելով «Կամուրջի» արխիվը», «Կամուրջի» հարցազրույցը», «Ուսունասիրություններ, հետազոտություններ» եւ այլ շարքեր։ Իսկ ավանդական՝ «Վրաց ժամանակակից արձակի եւ պոեզիայի վապետներ», «Թարգմանական էջեր» խորագրերի ներքո տեղ գտած հեղինակների միջոցով՝ ընթերցողը հաղորդակցվում է վրաց հեղինակներին։ Վերջին տարիների գրական առավել նշանակալի իրադարձությունները «Կամուրջ»-2013-ը վեր է հանել «Հայ գրատպությունը 500 տարեկան է», «Սայաթնովյան սրահ» խորագրերով։ «Գրքի ամենաողջունելի՝ «Առաջին անգամ «Կամուրջում» խորագիրը, այս անգամ եւս, իր գիրկն է ընդունել վիրահայ երիտասարդ ստեղծագործողին։
Այս ամենով հանդերձ, ի պատասխան հարցի, թե այսօր ո՞րն է տարեգրքի նպատակը, գրքի խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ, «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Բոստանջյանն առաջաբանում նշում է. «Վերջին տարիներին մեր խնդիրն է վիրահայոց առանցքի շուրջ համախմբել ամենայն հայոց գրականության ուժերը… Մեր խնդիրը նաեւ իսկական ընթերցող դաստիարակելն է…»։.
Երեկոն վարող Անահիտ Բոստանջյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ տարեգրքի անցած, հաճախ դժվարահարթ ճանապարհին եւ՝ այդ ճանապարհին որդեգրած՝ «հայ-վրաց գրականությունների երթեւեկը պահպանելու» նրա անշեղ հավատամքին, իր շնորհակալությունը բերեց գրքի հովանավորողներին։
Երեկոյին ներկա հյուրեր՝ ՎԳՄ-ի նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, գրող Ռեւազ Միշվելաձեն, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, գրող, նկարիչ Ռեզո Ադամիան, «Ցիսկարի» հանդեսի գլխավոր խմբագիր Բաղաթեր Արաբուլին, մանկավարժ Մանանա Կարապետյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտյոմ Կիրակոզովը եւ երեկոն իր օրհնությամբ եզրափակող, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իրենց շնորհավորական խոսքում, նշեցին «Կամուրջ» ալմանախի մեծագույն դերը՝ վիրահայ գրական ավանդների պահպանման, գրական նոր սերունդ աճեցնելու գործում եւ այդ ուղղությամբ՝ նրա ներկայիս խմբագիր Անահիտ Բոստանջյանի ներդրած վաստակը։
Երեկոյին ներկա էր Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ տիկնոջ եւ հնգամյա որդու՝ Ալեքսանդրի հետ։
ՎԳՄ-ի մրցանակային հանձնաժողովի որոշմամբ՝ Անահիտ Բոստանջյանին շնորհվեց Նիկո Նիկոլաձեի անվան մրցանակ՝ «Կամուրջ» տարեգրքի խմբագրման համար։
Երեկոն համեմվեց երաժիշտ-դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Եսայի Աբովյանի՝ Բուլախովի եւ Ֆոմինի ռոմանսների սեփական մշակումների, վիրահայ երգիչներ Աննա Պողոսովայի, Հենրիխ Պետրոսյանի ու Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի աշակերտներ Լիզա Թորոսյանի եւ Լիկա Մարգարյանի գեղարվեստական ելույթներով։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ