Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՑ. «ԱՄԵՆ ՕՐ ԺԱՄԸ 22-ԻՆ՝ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ»

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՑ. «ԱՄԵՆ ՕՐ ԺԱՄԸ 22-ԻՆ՝ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ»

Էլ.փոստ Տպել PDF

Ինչպես արդեն հաղորդել ենք, վրացական հեռուստաասպարեզում սկսել է գործել նոր TV-3 հեռուստաընկերությունը։ Ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Բայբուրթը տեղեկացրել էր, հեռուստաալիքը ոչ վրացալեզու հեռուստադիտողների համար նախատեսում է ռուսերեն հաղորդաշար։
Մենք հանդիպում ունեցանք TV-3 հեռուստաալիքի ամենօրյա ռուսալեզու լրատվական «Իտոգի» հաղորդման եւ շաբաթական «Իտոգի նեդելի» վերլուծական հաղորդաշարի հաղորդավար ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՑԻ հետ։

- Ինչո՞վ էր պայմանավորված TV-3 հեռուստաալիքում ռուսալեզու լրատվական ծառայության հիմնումը։
- Վերջին ժամանակներում, Վրաստանի բնակչության մի մասի համար ծագել էր լրատվական որոշակի վակուում։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է ազգային փոքրամասնություններին։ Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի երկրամասերի շատ բնակիչներ, ցավոք, առայժմ բավարար չափով չեն տիրապետում պետական լեզվին։  Քիչ չեն նաեւ այնպիսիները Վրաստանի մյուս տարածաշրջաններում, այդ թվում՝ նաեւ Թբիլիսիում, ովքեր դժվարությամբ են ընկալում վրաց լեզվով մատուցվող տեղեկատվությունները։ Սակայն, նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են եւ իրավասու են, ինչպես ընդունված է ասել, նախնական աղբյուրից ստանալ տեղեկատվություն երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ըստ իս, դա լրիվությամբ արդարացի պահանջ է։ Ճիշտ է, մենք գիտենք, որ երկրի հայազգի բնակիչները հանրային հեռուստատեսության 2-րդ ալիքով դիտում են կարճաժամկետ հայերեն հաղորդումներ, գիտենք նաեւ, որ տեղերում ուշադրությամբ ընթերցում են «Վրաստան» թերթը, այնուամենայնիվ, մենք ստեղծելով TV-3֊ի ռուսալեզու հաղորդաշարը, բնականաբար նկատի ենք ունեցել նաեւ այն հանգամանքը, որ երկար տարիներ ռուսաց լեզուն մեր տարածաշրջանում եղել եւ շարունակում է մնալ ազգամիջյան հաղորդակցության լեզու։
- Իրադարձությունների լուսաբանման առանձին փաստերին կտրվե՞ն, արդյոք, գերադասություններ, կլինե՞ն թեմաներ, որոնք առանձնակի շեշտադրված լինեն։
- Ինչ խոսք, մենք կփորձենք լուսաբանել բոլոր այն նշանակալի իրադարձությունները, որոնք տեղի կունենան Վրաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Մեր նպատակն է հիմնել ոչ միայն ռուսալեզու լրատվական հավելված, այլ լիարժեք տեղեկատվական ծառայություն։ Բնականաբար, երկրի համար նշանակալի բոլոր իրադարձությունները կհայտնվեն մեր տեսախցիկների կիզակետում։ Միաժամանակ, անտարակուսելիորեն մենք առանձնակի ուշադրություն կհատկացնենք նաեւ տարածաշրջանային նախագծերին, այն հաշվով, որպեսզի անմիջականորեն այդ երկրամասերում հոծաբնակ ազգային փոքրամասնությունները լրիվությամբ տեղեկություն ունենան այն ամենի մասին, ինչն ուղղակիորեն վերաբերում է իրենց։
- Իսկ ինչո՞ւ ռուսալեզու լրատվական ծրագրի ստեղծման գաղափարը ծագեց հիմա, ներկա փուլում։
- Ըստ էության, այդ հարցը ինձ չէ, որ պետք է հասցեագրվի։ Վրաստանում ռուսալեզու հաղորդումների վերսկսման թեման վաղուց է, ինչ դրված է օրակարգում։ Գտնում եմ, չեմ սխալվում իմ ենթադրություններում, եթե ասեմ, որ հաշվարկային ելակետը դարձավ «ՊԻԿ» հեռուստաալիքի փակումը։ Ուղղակի, սկսած 2012 թվականի աշնանից՝ երկիրը կարգավորում էր ներքաղաքական սուր հարցերը եւ այլ թեմաներով զբաղվելու հնարավորություն չուներ։ Բոլոր դեպքերում, ուրախ եմ, որ TV-3 հեռուստաալիքի նոր ղեկավարությունը առաջինը կատարեց այս քայլը։ Ըստ իս, դա արդարացի եւ ճիշտ որոշում է։ 21-րդ դարն է, եւ տեղեկատվությունը բոլոր մարդկանց համար պետք է լինի մատչելի։ Ուստի, ողջունում եմ ռուսալեզու ծառայության հիմնումը եւ հուսով եմ, որ սա միայն սկիզբն է, առաջիկայում այն շատ ավելի հետաքրքիր կլինի։
- Որքանով տեղեկացված ենք, արդեն փետրվարի 3-ին՝ երկուշաբթի օրը, եթեր կհեռարձակվի անդրանիկ հաղորդումը։ Ինչպե՞ս է ընթանում հաղորդման նախապատրաստությունը։
- Բավականին բարդ է, եւ դա բնական է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հաղորդման պատրաստումը միշտ զգայական գործընթաց է, վիճում ենք, ցանկանում, որ ամեն ինչ իդեալական լինի։ Բարեբախտաբար, մեզ հաջողվեց հավաքել իսկական արհեստավարժների թիմ։ Ուստի գտնում եմ, որ, ինչպես ասում են, բացասական անակնկալներ չեն լինի։ Բնականաբար, առօրյա հաղորդումները պահանջում են մշտական ճշտգրտումներ եւ որոշակի ժամանակի ընթացքում մենք «թափ ենք հավաքելու»։ Թեպետ մեր հեռուստադիտորդներին ցանկանում եմ վստահեցնել, որ միշտ կաշխատենք ոգեւորությամբ եւ անձնվիրաբար։
- Դուք ասացիք, որ TV-3-ի ռուսալեզու ծառայությունում կարողացաք հավաքել արհեստավարժների։ Ստացվում է, որ Վրաստանում ռուսալեզու ժուռնալիստիկան դեռ «չի մահացե՞լ»։
- Միանշանակ ոչ։ Գիտեմ, որ կայուն է եւ հայալեզու լրագրողների թիվը մեր երկրում։ Իսկ մեզ մոտ իսկական արհեստավարժներ են աշխատում։ Այդ մարդիկ հեռուստատեսությունում եւ համաշխարհային ԶԼՄ-ում աշխատելու մեծ որձ ունեն։ Ուստի, Վրաստանում ռուսալեզու ժուռնալիստիկայի ներկայի ու ապագայի հարցում բավականին լավատես ենք։ Իմիջիայլոց, հաճելիորեն զարմացել էի ռուսալեզու երիտասարդ լրագրողներով, ում դուք անպայման կտեսնեք մեր եթերում։
- Հաջողություններ ենք մաղթում ձեր այդ նշանակալի եւ պատասխանատու աշխատանքում։
- Շնորհակալություն։ Նաեւ օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել մեր հեռուստադիտողներին։ Ձեզ բոլորիդ ամեն օր, ժամը 22։00-ին, թարմ նորությունների հաղորդաշարով սպասում ենք հեռուստաէկրանների մոտ։

Հարցազրույցը վարեց
ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 
< Փետրվար 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28