Ջիմ Թորոսյա՜ն... 1926 թվականին ծնված եւ 40 օր առաջ, 86 տարեկան հասակում Երեւանում կյանքից հեռացած մեծ ճարտարապետ, որի անունը արդի ճարտարապետական աշխարհում ասոցիացվում է նշանավորի, մնայունի, արժեքի, դասի ու դպրոցի, խոշորագույնի հետ...
Ի ծնե ճարտարապետ, բայց նաեւ՝ ճարտարապետ- բանաստեղծ, ճարտարապետ-նկարիչ, կյանքը խորապես ճանաչող ու այդ կյանքը փիլիսոփայորեն ապրած իսկական արվեստագետ… մտավորական…
Եվ հիմա, երբ լրանում է նրա մահվան քառասուն օրը եւ մենք՝ վիրահայերս էլ, մի անգամ եւս ցավով ու ակնածանքով գլուխ ենք խոնարհում նրա թարմ հիշատակի առջեւ, հպարտանում իր հարուստ կենսագրությամբ, ակամա, մի ներքին մղումով կանգ ենք առնում նրա կենսագրության այն էջերի վրա, որոնք առնչվում են Վրաստանի ու վրացիների, վրացական մշակույթի ու ճարտարվեստի հետ… Իսկ այդ աղերսները քիչ չեն, եւ ամեն մեկը մի նոր հիմնաքար՝ հայ եւ վրաց ժողովուրդների բազմադարյա բարեկամության տաճարի... Դրանք ե՚ւ աշխատանքային, ե՚ւ ստեղծագործական, ե՚ւ ընկերային-բարեկամական կապեր են... Կապեր, որոնց մեջ կրկին անգամ ցոլանում է մեծանուն ակադեմիկոսի լուսեղեն կերպարն ու նրա սերը աշխարհի եւ մարդկանց հանդեպ։
Մենք հանդիպեցինք Ջիմ Թորոսյանի թբիլիսցի մտերիմներին ու բարեկամներին ու խնդրեցինք հակիրճ պատմել նրա մասին.
ԹԱՄԱԶ ԹԵՎԶԱՁԵ - Վրաստանի վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս
- Ջիմ Թորոսյանն իմ մտերիմ բարեկամն էր, ու ես շատ էի հպարտանում այդ բարեկամությամբ: Մահից մի տասն օր առաջ սովորականի պես զանգահարեցի նրան Երեւան՝ նոր տարին շնորհավորելու, նույնիսկ «հանդիմանելու» համար, որ չի իրականացնում իր՝ թբիլիսյան այցի մեր պայմանավորվածությունը: Հեռախոսազանգիս պատասխանեց կինը՝ Մարգոն՝ հայտնելով, որ Ջիմը ծանր հիվանդ է եւ ի վիճակի չէ հետս խոսել: Ասաց, որ բժիշկներն այլեւս հույս չեն տալիս: Տիկին Մարգոյի ասածներն ինձ ցնցեցին…
...Հիմա ես առավել մեծ հպարտւթյամբ եմ մտաբերում այն բազմաթիվ ու հիշարԺան հանդիպումները, որոնք ունեցել եմ Ջիմի հետ: Մենք ծանոթացել էինք դեռեւս 60 տարի առաջ՝ երկուսս էլ դեռ երիտասարդ ճարտարապետներ, եւ կարողացել էինք հիմնադրել երիտասարդ ճարտարապետների բաժանմունք՝ Վրաստանում ու Հայաստանում հաճախակի աշխատանքային, նաեւ բարեկամական փոխայցերի ու հանդիպումների նպատակով:
Մեզ հետագայում միացան նաեւ ավագ սերնդի ճարտարապետները, եւ մեր՝ վրացի ու հայ ճարտարապետներիս բարեկամությունը դարձավ բացառիկ օրինակ այլոց համար, արժանահիշատակ երեւույթ: Մեր բոլոր հանդիպումների սիրտն ու հոգին Ջիմ Թորոսյանն էր՝ իր ընկերների՝ Էդուարդ Պապինյանի, Էդուարդ Արեւշատյանի եւ մյուսների հետ: Ջիմը աչքի էր ընկնում բնածին համակրելիությամբ, ինտելեկտով ու ազնվականությամբ, որ ծնողներից էր փոխանցված նրան գեներով: Ակներեւ ու ակնառու էր նրա բազմակողմանի տաղանդը: Սրա փայլուն վկայությունն է թեկուզեւ հետեւյալ փաստը. անցյալ դարի 60-ական թվականներին ԽՍՀՄ ճարտարապետների միությունը որոշում էր կայացրել միութենական երկրներից մեկ ճարտարապետ գործուղել Իտալիա։ Դա Ջիմ Թորոսյանն էր, որն այն օրերին արդեն պաշտպանել էր իր թեկնածուական թեզը՝ հայտնի ճարտարապետ Կարո Հալաբյանի ղեկավարությամբ, եւ արդեն կենսագործել նախագծերից մի քանիսը: Ես նորություններ այդ շրջանում իմանում էի նրա ընտանիքի անդամներից կամ գործընկերներից։ Իմանալով, որ նա հաշվետու ցուցահանդես է ներկայացրել Երեւանում, գործընկերներիս հետ միասին անմիջապես որոշեցինք, որ նմանատիպ ցուցահանդես էլ այստեղ՝ Թբիլիսիում, անցկացնենք: Բոլորը միաձայն հայտնեցին աջակցություն ցուցաբերելու կամք: Հատկացվեց դահլիճ։ Դա Ռուսթավելի կինոթատրոնի մեծ սրահն էր՝ իր համապատասխան կահավորանքով: Ջիմը եկել էր իր տիկնոջ ու իր արվեստանոցի երիտասարդ աշխատակիցների հետ: Երեք օր տեւած ցուցահանդեսը հետաքրքրության մեծ ալիք էր փոթորկել Թբիլիսիում, իսկ Ջիմի հրաշալի զեկուցումը ու դահլիճի կողմից տրվող հարցերին նրա պատասխանները հիացրել էին բոլորին:
Այն օրերի մեր սերնդի ճարտարպետների բարեկամությունը մի բացառիկ գեղեցիկ ու հարուստ էջեր են մեր ժողովուրդների բարեկամության մատյանում։ Մենք հանդիպում էինք տարբեր քաղաքներում: Եվ ուր էլ գնում էինք, իմ ուշադրությունից երբեք էր վրիպում, թե այլ քաղաքներում էլ ինչ պատիվ ու հարգանք էին ցուցաբերում Ջիմի հանդեպ, ինչպես էին ցանկանում շփվել նրա հետ, լսել նրա խոսքը, զրուցել նրա հետ: Եվ այսպիսի վերաբերմունքը միանգամայն հիմնավոր էր, որովհետեւ Ջիմը, բացի իր մասնագիտական վարպետությունից, օժտված էր նաեւ հրաշալի մարդկային հատկություններով առինքնող էր, ջերմ, ուշադիր, զարգացած։ Ճարտարպետությունը նա հրաշալի զուգակցում էր երգի, պարի, բանաստեղծության, արձակի, նկարչության հետ: Նա նաեւ հիանալի հասարակական գործիչ էր ու հավուր պատշաճի գնահատված իր արժանիքների համար թե՚ պետության, թե՚ հանրության կողմից: Այս առումով նա երջանիկ մարդ էր իսկապես ու այս աշխարհից դժգոհ չգնաց: Գեղեցիկ էր եւ օջախը նրա: Կինը՝ Մարգո Մուրադյանը, աղջիկները՝ Նունեն ու Անահիտը, արժանավոր մարդիկ էին ու երջանկություն էին պարգեւում իրենց ամուսնուն ու հորը։ Երբ աղջիկներն ամուսնացան, Ջիմի ուրախությունը բազմապատկեցին եւ նրա սիրասուն թոռները: Այս առումով էլ նա բախտավոր մարդ էր:
Ֆիզիկապես մեզ հետ չէ այլեւս Ջիմ Թորոսյանը: Սակայն, մեզ հետ է նրա թողած հարուստ ժառանգությունը, որը հայ ազգային մշակույթի գանձերից է։ Նրա անունը հավերժ կգրանցվի հայրենի երկրի տարեգրության մատյանում:
Աստված լուսավորի Ջիմ Թորոսյանի հոգին:
ՎԱԽԹԱՆԳ ԴԱՎԻԹԱԻԱ - Ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսթավելու եւ Պետական մրցանակների դափնեկիր, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Խրուշչովյան ռեժիմի «անկումից» հետո, լայն ճանապարհ բացվեց մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական բացահայտումների, նրանց ստեղծագործական կապերի համար: Այս իրողության լավագույն վկայությունն է նաեւ հայ եւ վրացի ճարտարապետների գործնական ու բարեկամական կապերի զարգացումն ու խորացումը: Եվ այս կապերի կամուրջը Ջիմ Թորոսյանն էր:
Ջիմին մենք շատ հաճախ էինք հանդիպում, շատ են հուշերը՝ կապված նրա հետ։ Ու հիմա ուզում եմ մի քանի մեջբերում անել իմ օրագրային գրառումներից. Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում, այլուր…
1986թ. սեպտեմբերին «Պետշինում» նշանակված էր Հուշաղբյուր-խաչքարի քննարկման հարցը: Հուշաղբյուր-խաչքարը նվիրված էր Նոդար Դումբաձեին՝ Հայաստանի իշխանությունների ու գրողների կողմից: Այն պիտի տեղադրվեր «Մզիուրիում»: Նրա հեղինակը հայ նշանավոր ակադեմիկոս Ջիմ Թորոսյանն էր: Հուշաղբյուր-խաչքարը հայկական կարմիր տուֆից էր, 5 մետր բարձրությամբ։ Քննարկումը, իհարկե, ձեւական բնույթ էր կրում: Նախագիծը շատ տպավորիչ էր, իսկ խորհրդի անդամները՝ Ջիմի մտերիմները: Իմ հիշողության մեջ սա միակ քննարկումն էր, որտեղ հնչեցին միայն գովեստի ու դրվատանքի խոսքեր…Հայաստանի ղեկավարության հասցեին, գրողների եւ, ինչ խոսք՝ նախագծի հեղինակի: Դրանից հետո Ջիմին եւ Անահիտին՝ Ջիմի դստերը, որն այս տարի դերասանուհու որակավորմամբ ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը, ուղեկցեցի տիկին Նանուլիի մոտ, Նոդարենց տուն: Նա պիտի անպայման իր համաձայնությունը տար նախագծին: Բացի այդ, Ջիմն անպայման ուզում էր Նոդարի ընտանիքի հյուրը լինել: «Դեռ շատ երիտասարդ էի,- պատմում էր Ջիմը,- երբ ինձ հանձնարարեցին կերտել Մաշտոցի արձանը: Ինձ այնպիսի զգացողություն էր համակել, ասես ամբողջ ազգի բեռն էին դրել ուսերիս: Դրանից հետո շատ ջրեր հոսեցին: Հիմա էլ այդպիսի զգացողություն ունեմ: Նոդար Դումբաձեն հայերիս համար էլ այնպես հարազատ է ու սիրելի, ինչպես եւ վրացիների համար: Ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ լինելու մասնիկը այս սիրո խոստովանության»: Տիկին Նանուլին հիացավ նախագծով: Ասաց, որ ամեն կերպ կաջակցի դրա կենսագործմանը։
20011թվականի 18 հոկտեմբերի. Առավոտյան չվերթով Տեխնիկական համալսարանի ճարտարապետության եւ դիզայնի ֆակուլտետի դեկանը՝ Գոչա Միքիաշվիլին, ճարտարապետ Բեսո Տատիշվիլին ու ես իջանք Երեւան՝ մասնակցելու ճարտարապետության դպրոցների բակալավրային ու մագիստրոսական դիպլոմային նախագծերի միջազգային մրցույթին:
Նախորդ օրերին մի քանի անգամ հեռախոսազրույց էի ունեցել Ջիմի հետ: Չեմ թաքցնում, այս այցի պատճառներից մեկն էլ Ջիմի հետ հանդիպման մեծ ցանկությունն էր: Մի քանի տարի իրար չէինք տեսել: Ժամը 11-ին նշանակված ժամին դահլիճում հայտնվեց Ջիմը՝ ձեռնափայտով: Սիրտս մղկտաց։ Վերջին տարիներին խիստ նվազել էր նաեւ տեսողությունը:
Առաջինը, ում մասին նա հետաքրքրվեց, Թամազ Թեւզաձեն էր: Իր ամենամտերիմ բարեկամը: Հետո դեկանն ասաց, որ իրենց համալսարանը Ջիմին պարգեւատրել է իրենց բարձրագույն պարգեւով՝ Ոսկե մեդալով, նրա անունով կոչել լսարաններից մեկը, որտեղ կլինի նրա մշտական ցուցահանդեսը: Այդ օրը Ջիմը խոսեց հայ ու վրացի ճարտարապետների բացառիկ բարեկամական կապերի, մեր ֆակուլտետի մասին խոսեց, մեր հաջողությունների, պրոբլեմների մասին։ Հետո պարոն Գոչան հայտնեց, որ երեք օր առաջ ֆակուլտետի խորհուրդը Ջիմ Թորոսյանին ընտրել է մեր համալսարանի պատվավոր պրոֆեսոր եւ Թբիլիսիում ցուցահանդեսի հայտ ներկայացրել: Հետո մենք երկու ժամ դիտում էինք Երեւանի նոր քաղաքապետարանի շենքը:
Դա իսկապես Ջիմ Թորոսյանի գլուխգործոցն է։
ԳԻԳԱ ԲԱԹԻԱՇՎԻԼԻ - Ճարտարապետության միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, պրոֆեսոր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի
Վշտի ժամ է: Ցավալի է, որ այսուհետեւ ճարտարապետության մեր աշխարհը պիտի զարդարվի մեր համքարության փայլուն ներկայացուցիչ Ջիմ Թորոսյանի անունով միայն: Տխուր է, որ ոչ միայն մենք՝ ճարտարապետ մասնագետներս, այլեւ ողջ աշխարհն այլեւս չի վայելելու ճարտարապետական արվեստին կատարելապես տիրապետող մտավորականի կենդանի ներկայությունը, որը միշտ կանգնում էր իմ, քո, նրա, այն բոլորի կողքին, ովքեր աջակցության կարիք ունեին:
Իմ թանկագին գործընկեր: Մեր համքարության մեջ դու այնպիսի հիշատակ թողեցիր, որը այլեւս երբեք չի թողնի, որ դու սովորական մահկանացուի ճակատագիրն ունենաս...
Սիրտս այնպե՜ս է ցավում, որ քեզ դիմում եմ այս նամակով… հետմահու… Հավատացնում եմ՝ մինչեւ մահ-գերեզման քո նվիրյալ երկրպագուն կմնամ…
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ