Լույս է տեսել թբիլիսցի հայտնի մանկավարժ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ Խաժակ Եփրիկյանի «Պատմվածքներ» գիրքը։ Նոր գրքից մեր առջեւ կանգնում է մարդը՝ իր պատմական դրամատիկ ճակատագրով, իր ներկայիս ձգտումներով ու լավագույն վաղվա մշտնջենական սպասումներով։
Այդ տեսակետից, Եփրիկյան հեղինակն ունի ստեղծագործական մի ուրույն երջանկություն, որը, կարծում ենք, բխում է, նախեւառաջ, նրա մասնագիտությունից. մանկավարժի եւ գրողի կերպարները, տանջանքի ու տառապանքի գողգոթան անցնելիս, չեն կորցնում կյանքի անաղարտ հավատը, ավելին, հոգեպես կոփվում ու գտնում են նրա նույնչափ անաղարտ հանգրվանները։ Դա, ասես, զուտ մանկավարժի պատգամն է սերունդներին։ Հենց նման ընկալումով է Խ.Եփրիկյանը հյուսել իր նորընծա ժողովածուն։ Անդրադառնանք այդ պատմվածքներից մի քանիսին։Ընդամենը երկու էջի սահմաններում է հեղինակը ամփոփել «Գնչուն» պատմվածքը։ Սպիտակաթեւ ու գեղեցիկ աղավնու՝ բնության չքնաղ ու անմեղ արարածի եւ մենակյաց բանտարկյալի միջեւ հոգու անորսալի թելերով ստեղծված կապը, հուզիչ մի պատմություն է եւ, իր դրամատիկ ավարտով, ասես, լինի բնության արարածին վերուստ սահմանված հավատարմության ու անշահախնդիր սիրո սթափեցնող կոչ։
1915-ի արյունոտ օրեր, ժամանակների թոհուբոհ, բախտի անիվին ենթակա հայ մարդու ազնիվ ակունքների որոնում՝ անակնկալ խութերով պատած աշխարհի ճանապարհներին,- այս մղձավանջով է անցնում «Արտակ պապի հուշատետրը» պատմվածքի հերոսը։ Հեղինակի գեղեցիկ հնարանքն է, անշուշտ, մեր ժողովրդի ողբերգության էջերը՝ հետնորդներին Արտակ պապի հուշատետրով փոխանցելը։ Իր Գյուլլի մայրիկի հետ մեկտեղ պապի անունը ժառանգած Արտակ թոռը, «Երկար թափառումներից հետո, հանգրվան է գտնում Ջավախքի գետափնյա մի գեղատեսիլ, փոքրիկ գյուղում»։
Մարդասիրության, հայրենասիրության, սիրո, բնության եւ մարդու փոխկապակցվածության մեկնաբանություններով եւ իրենց խոհա-փիլիսոփայական խորքով, Եփրիկյանի պատմվածքներն աղերսվում են ժողովրդական մտածողությանը ու նաեւ մեր ավանդական պատմվածքի հետ, սակայն ներկայանում են նոր իմաստով ու բովանդակությամբ։ Եվ այս դեպքում, առանցքայինը հեղինակի լավատեսությունն է, հանուն լուսավոր կյանքի մաքառման խրախուսանքն ու քարոզը։
Եփրիկյանի ստեղծագործական տեսադաշտում արձագանք է գտել մեր հինավուրց գրականության արդեն ակունքներից սկիզբ առած պանդխտության թեման, որն այսօր կոչվում է «արտագնա աշխատանք» ու մեր կյանքի վերջին տասնամյակների տխուր տեղաշարժերից մեկն է։ Արտասահմանի ճամփան բռնած զավակների ու նրանց ծերունի հոր խեղված ճակատագրի գեղարվեստական արձագանքն է ահա ժողովածուի «Ամեն անգամ ջուրը ավազ չի բերում» պատմվածքը։
Գրքում հոգեկերտման գույները զարմանալի դիպուկությամբ ներդաշնակվում են բնության հետ։ Սեղմ, բայց տարողունակ ոճին հետամուտ, հեղինակի մոտ ինքնանպատակ չէ նաեւ բնությունը։ Այն հաճախ, ընդամենը մեկ-երկու բառով ու միշտ տեղին, համադրված է հերոսի հուզահոգեբանական վիճակին ու նրա անհրաժեշտ բաղկացուցիչն է։ Բերենք մեկ օրինակ՝ «Եվ մի ամպամած, տխուր երեկո, թողած տուն ու տեղ, բնավեր եղած թռչնի նման, շատերի հետ բռնում է գաղթի ճանապարհը…»։ Որքան ճիշտ եւ անփոխարինելի են ընտրված բնության տվյալ երանգները ակամա գաղթի ճանապարհը բռնած մարդու դրամատիկ հոգեվիճակը փոխանցելու համար։
Ողջունելով այս գիրքը՝ որպես վիրահայ գրականությանը սատարող իրողություն, մաղթենք նրան բարի երթ՝ հայապահպանման ճանապարհին։
Գիրքը հրատարակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի միջնորդությամբ եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նյութական աջակցությամբ, Խաժակ Եփրիկյան գրող-մանկավարժի ծննդյան 90-ամյակի առթիվ։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ