Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՌՈԲԵՐՏ ՀՈՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՆՄՈՌԱՑ ԾԱՓՆ Է…»

ՌՈԲԵՐՏ ՀՈՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՆՄՈՌԱՑ ԾԱՓՆ Է…»

Էլ.փոստ Տպել PDF

1959 թվական։ Գարուն։ Թիֆլիսի բազմամյա ակումբներից մեկում, օպերետային ինքնագործ թատրոնի ղեկավար Վահրամ Գամազյանի՝ «Աշուղ Ղարիբ» ներկայացման փորձերից մեկին ներկա, 22-ամյա գեղեցիկ երիտասարդը խնդրեց իրեն թույլ տալ՝ փորձելու Գամազյանի ընտրած երիտասարդի կողմից ոչ մի կերպ չհաղթահարվող դրվագի խաղը…

Հաջորդ օրը, Գամազյանի նամակով, նա ներկայանում է Թբիլիսիի Ստ.Շահումյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ Վահրամ Եղշատյանին, ով երիտասարդին ներկայացնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Ֆերդինանդ Բժիկյանին։ Փորձված ռեժիսորը, առինքնող արտաքինով երիտասարդի արտասանությունից եւ նրա՝ իր հարցերին տրված  պատասխաններից գոհացած, փորձնական ժամկետով, նրան ընդունում է թատրոն։ Սա տեղի ունեցավ ուղիղ 55 տարի առաջ։
Այդ երիտասարդն այսօր Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի հանրաճանաչ եւ սիրված դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովաննիսյանն էր։
77-ամյա դերասանն այսօր հպարտությամբ է նայում իր 55 տարիների բեմական կյանքի բեղմնավոր ճանապարհին, որը նրան բերել է ճանաչում եւ սեր՝ թե՚ Վրաստանում, թե՚ Հայաստանում։  
Առավել քան շքեղ է Ռ.Հովհաննիսյանի բեմական ուղու հետագիծը։ 200֊ից ավելի կերպարներ։
… Բարխուդար, Գիժ Դանել, Արութին Զիմզիմով, Օսեփ, Հոպոպյանց, Արշակ, Արմեն, Նացարքեքիա, Շոշիա… Դիմախաղի ընդունված շտամպերից բացարձակ զերծ այս կերպարները մարդկային տեսակ ու խառնվածք էին։ Իրենց ձայներանգով, միմիկայով ու ժեստերով կենդանի մարդիկ, իսկ բեմին՝ կյանքի պարզ շարունակությունը… Բազմերանգ այդ հարթագիծը ներառում է դրվագներ նաեւ վրաց կինեմատոգրաֆիայի հետ համատեղ աշխատանքից։ Ռոբերտ Հովհաննիսյանին նկատում եւ էպիզոդիկ դերերում հրավիրում են այն օրերի վավերագրական կինոյի վարպետներ Կոլյա Սանիշվիլին, Նինո Մճեդլիձեն, նա Նիկա Կվիժինաձեի հրավերով նկարահանված է «Ստալին» հեռուստասերիալում՝ լեգենդար հեղափոխական Կամոյի հոր՝ Արշակ Տեր-Պետրոսյանի դերակատարումով։
Ի նշանավորում իր բեմական կյանքի 55-ամյակի՝ խնդրենք Վրաստանի վաստակավոր արտիստին՝ կիսվել մեր ընթերցողի հետ իր ուսանելի հուշերով։
- Երբ բեմում հանդիսատեսը տեսնում է Ձեզ, Ձեր ստեղծած կերպարները, նա համարյա թե պոկվում է առօրյա տաղտուկից եւ հայտնվում է այն աշխարհում, որ կոչվում է Ռոբերտ Հովհաննիսյանի ստեղծած աշխարհ… Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում։
- Չգիտեմ… (մանկան պես ժպտում է)։ Գիտեմ միայն, որ փորձել եմ՝ չդավաճանել ինքս ինձ ու լինել անխարդախ, ազնիվ, չխաբել ո՚չ ինձ, ո’չ հավատով ինձ նայող հանդիսատեսին…
- Դուք նաեւ նկարում եք եւ Ձեր գործերով մասնակցում վիրահայ գեղանկարիչների ցուցահանդեսներին։ Ո՞րն է առավել հագեցնողը՝ բե՞մը, թե՞ վրձինը…
- Գիտե՞ք, դժվար է առավելություն տալ մեկին։ Երեւի թե բոլորիս էլ բնորոշ է տեսնելն ու զգալը… Ոմանք բավարարվում են ա՚յդ իսկ պահով, ոմանք էլ փորձում են՝ տեսածն ու զգացածը նաեւ դիտորդի ուրախությունն ու տխրությունը դարձնել։ Երբ դա հաջողվում է, դու հաճելիորեն սպառված ես…
- Հիշողություն, որ ամբողջ կյանքում Ձեզ հետ կլինի։
- Հանդիսատեսին դեռեւս անծանոթ սկսնակ դերասան էի։ «Օթելլոյով» Թբիլիսի հյուրախաղերի էր եկել Վահրամ Փափազյանը։ Ներկայացումից ընդամենը մեկ ժամ առաջ. ինձ ասացին, որ պետք է փոխարինեմ Կասիոյի դերում ի սկզբանե ամրացված ու անսպասելի հիվանդացած, Վրաստանի վաստակավոր արտիստ Ռաֆայել Պապովյանին։ Բեմ մտնելուց առաջ՝ մոտեցա իր մուտքին կանգնած Վարպետին եւ խնդրեցի՝ «Վարպետ, օրհնեք ինձ…»։ Փափազյանը գորովանքով նայեց անակնկալից տագնապած ու շփոթված դեմքիս եւ համոզիչ տոնով ասաց. «…Չվախենաս թահլիճեն, մա՚նչս, քնա’ համարձակ… Քեզմե լավ թերասանի մա՚րը… օրհնյալ ես, փալես»…
-  Ձեր բեղմնավոր ճանապարհի համար՝ ո՞ւմ եք պարտական, եղե՞լ է մեկը, որ դժվարին պահին ձեռք մեկներ Ձեզ։
- Առաջին քայլերս անելիս՝ մեծագույն խոչընդոտներից մեկն իմ ստացած ռուսական կրթությունն էր։  Հայ քերականությունն ունի՝ «շեշտ», «բութ», «տրամաբանական շեշտ»… ո՞ւմ դարդն էր կտրել ինձ սովորեցնել այդ կամ ո՞վ ուներ դրա ժամանակը… Եւ չէի էլ վիրավորվում, երբ այդ խնդրով դիմելիս, ձեռք չէին մեկնում։
Ինձ ուղղորդողը՝ իմ սահմաններ չունեցող սերն էր դեպի բեմարվեստը եւ, երեւի թե, իմ՝ հանուն այդ սիրո բոլոր խոչընդոտները հաղթահարելու անկոտրում նպատակասլացությունը…
- Ձեր սերնդի ո՞ր հատկանիշը կուզենայիք տեսնել ժամանակակից երիտասարդության մեջ։
- Ես չեմ ասի, թե այսօրվա սերունդը պակաս է սիրում թատրոնը, բայց…, ցավոք, նրանց մոտ քիչ է անդադրում որոնումը, ինքնամոռաց նվիրվածությունը եւ, որ շատ է զարմացնում՝ չկա կարգապահության ներքին պահանջ, առանց որի չես հասնի նպատակակետի։ Պակաս է քո իսկ աշխատանքով ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու ձգտումը, որ ճանապարհն է ճշմարիտ արվեստի։
 - Որտե՞ղ է, ըստ Ձեզ,  Ձեր հաջողության գաղտնիքը։
 - Երեւի թե՝ ա՚յն պահերի մեջ, երբ գամվում եմ ամեն մի գեղեցկության առջեւ՝ կին լինի, բնության գողտրիկ անկյուն, մեր կոմիսիոն խանութներում ծվարած արվեստի նմուշ, թե՝ մարդկային բարի արարք…
- Այսօր, Ձեր բեմական կյանքի հարթակին նայելիս՝ ի՞նչ զգացում է պաշարում՝ անցածի ափսոսա՞նք. հպարտությու՞ն…
- Ես նայում եմ անցյալին բավարարված, որովհետեւ ստացել եմ արտիստին նախասահմանված ամենամեծ վարձատրությունը՝ հանդիսատեսի ինքնամոռաց ծափը…
 - Քաջառողջություն Ձեզ։ Շնորհակալություն՝ հարցազույցի համար։

Զրուցեց ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ

 
< Ապրիլ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30