Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԻՐԶՈԵՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԻՐԶՈԵՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Թբիլիսցի խեցեգործ, գեղանկարիչ Գարեգին Միրզոեւի այցետոմսից.
Ծնվել է 1935-ին, Թբիլիսիում, ավարտել՝ մայրաքաղաքի Գեղարվեստի ակադեմիայի խեցեգործության բաժինը, զուգահեռաբար զբաղվել գեղանկարչությամբ։ 1967-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է։ 1962-ից մասնակցել է համամիութենական ցուցահանդեսների։ Աշխատանքները գտնվում են Վրաստանի Պետական պատկերասրահներում, Վրաստանի եւ արտասահմանյան մասնավոր հավաքածուներում։
Պապը՝ Եգոր Միրզոեւը, եղել է Թիֆլիսի նշանավոր շինարար-ինժեներներից մեկը, քաղաքի մի շարք հետաքրքիր կառույցների շինարար։ Հայրը՝Վրաստանի վաստակավոր գեղանկարիչ Գրիգոր Միրզոեւը, նշանակալի դեր է կատարել Վրաստանի նկարիչների միության ստեղծման գործում։

79-ամյա գեղանկարիչը,1978-ի անդրանիկ անհատական ցուցահանդեսից 36 տարիների ընդհատումից հետո, այս օրերին  Վրաստանի հայ նկարիչների միության եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Կենտրոնի պատկերասրահում կերպարվեստի սիրահարների դատին հանձնեց իր հին ու նոր խեցեգործական եւ յուղաներկ աշխատանքները։
Ընդգծելով վարպետի վրձնարվեստի առանձնահատկությունը՝ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը մասնավորապես արժեւորեց նրա խեցեգործության պլաստիկան, իսկ յուղաներկում՝ գույնի կատարյալ զգացողությունը… Եվ չկարողացավ չընդգծել՝ «Կան նկարիչներ, որ անընդհատ ուզում են նման անձնասրահներով լինել հանրության ուշադրության կենտրոնում, իսկ ծերունազարդ գեղանկարիչը, իրեն հատուկ բացառիկ համեստությամբ, երկար թախանձանքից հետո միայն համաձայնեց ցուցահանդեսին…»։  
Իսկ ի՞նչ էր նշանակում աներեւույթ ու անբացատրելի, բայց եւ անժխտելի փաստը՝ բոլորի կողմից զգացած ջերմությունը, որ տարածվում էր սրահում կտավներից… Այդ մասին ներկաների մեկնաբանությունները տարբեր էին։ Ոմանց կարծիքով, սրահի խաղաղ ու տաք մթնոլորտի աղբյուրը բարձրաճաշակ, բարձրարվեստ կտավներն էին… ոմանք էլ՝ գեղանկարչի գործերից բխող դրական այդ լիցքը վերագրում էին նաեւ նրա էքստրասենսային կարողությամբ օժտվածությանը… Առանձնակի արձագանքի արժանացավ «Լամպը» գեղանկարը, որն իր հնագույն բույրերով ու տարածող լույսով, ասես, ծերունազարդ հեղինակի խորհրդանիշը լինի…
Անձամբ իր՝ Գարեգին Միրզոեւ արվեստագետի համար, կարեւորը դիտորդին Գեղեցկությունը փոխանցելն է՝ «եթե իմ խեցեգործությամբ ես ուզում եմ Գեղեցիկն արտահայտել տեխնիկայի, գտնված ձեւի միջոցով, իսկ յուղաներկում՝ նույնչափ գտնված գույների եւ դրանց ստեղծած տրամադրության փոխանցումով, ապա իմ ցանկությունը բարին է, ուրեմն եւ՝ ջերմացնող»։
Եվ, այնուհանդերձ, արվեստագետը խոստովանեց, որ այս ցուցահանդեսը բարոյապես ոգեւորել է իրեն, ու ինքը մտովի արդեն իր նոր հղացումներն է ուրվագծում, իսկ այդ օրը պատկերասրահից դիտորդին ժպտում, նրան բարության մղում եւ ուրախացնում էին նրա անկրկնելի կտավները՝ «Տարվա եղանակներ» (ուր բացակայում էր ձմեռը, որովհետեւ հեղինակը չի սիրում ձմեռը…), «Դաշտային ծաղիկներ», «Ծաղկող ծառ», «Գարուն», «Նավահանգիստ Քռի ափին» «Հաց ու պանիր»… եւ ինքնատիպ խեցեգործությունը՝ «Օրիորդը սպիտակ ձիու վրա», «Երկնագույն խաղողաքաղ», թղթից եւ քարերից նրբահյուս՝ «Կարմիր աշուն», «Միրգ», «Հին Թիֆլիս»… խճանկարները։
Ավեստագետին գնահատանքի խոսք հղեց Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռոման Սուխիշվիլին, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը վարպետին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Տեր եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Ապրիլ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30