Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԳՈԳԻ ԹՈՓԱՁԵ. «ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ»

ԳՈԳԻ ԹՈՓԱՁԵ. «ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ»

Էլ.փոստ Տպել PDF

Եվրամիության հետ Վրաստանի ասոցիացման համաձայնագրի ստորագրման հարցի հրատապ քննարկումների կապակցությամբ, մենք հանդիպեցինք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ղեկավար, «Ղազբեգի» ընկերության հիմնադիր Գոգի Թոփաձեի հետ։

- Բատոնո Գոգի, Եվրամիության հետ Վրաստանի ասոցիացման համաձայնագրի ստորագրումը թեւակոխել է եզրափակիչ փուլ։ Համաձայնագրի հոդվածների վերջնական համաձայնեցման համար, վերջերս Թբիլիսիում էր գտնվում եվրակոմիսար Շտեֆան Ֆուլեն, որը մի շարք հանդիպումներ անցկացրեց ինչպես երկրի իշխանությունների, այնպես էլ՝ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, ԶԼՄ-ներում տպագրվեց առեւտրի միջազգային պալատի հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը, ասոցիացման համաձայնագիրը ստորագրելուց առաջ, պարտավոր է խորհրդատվություններ անցկացնել գործարար շրջանների ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ կասեիք այդ կապակցությամբ։
- Բնականաբար, Վրաստանի համար ամենահեռանկարային ուղին Եվրամիության անդամակցությունն է, եւ մենք հնարավոր ամեն ինչով միտված ենք այդ ուղղությամբ։ Մյուս կողմից, մենք պարտավոր ենք մանրակրկիտ ծանոթանալ բոլոր այն պայմաններին, որոնք ներառված են համաձայնագրում։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, այն ավելի առավել ընդգրկուն հասկացություն է, եւ որին մասնակցելու են բոլորը՝ տնտեսագետները, գիտնականները, հասարակայնությունը, ոչ կառավարական հատվածը։ Հարկ է մանրակրկիտ հաշվարկել եւ հստակորեն գիտակցել Եվրամիության հետ համաձայնագրի բոլոր՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։
Օրինակ, փաստ է, որ, առանց համապատասխան ուսումնասիրությունների վերլուծության, մենք անդամագրվեցինք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որը գործնականում ոչ մի օգուտ չտվեց։ Եվրամիության ասոցիացման հարցում էլ շտապողականությունը ոչ մի լավ արդյունքի չի հանգեցնի։ Հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի։ Օրինակ, երբ Լեհաստանն անդամագրվում էր Եվրամիությանը, այնտեղ մի քանի ամիս շարունակ ողջ երկրով քննարկում էին համաձայնագրի մանրամասները, եւ արդյունքում՝ լեհերին հաջողվեց Եվրամիությանը պարտադրել առանձին հոդվածների վերանայումը։ Մենք էլ պետք է այդ ձեւով վարվենք։
Գաղտնիք չէ, որ շատ երկրներ, որոնք ստորագրել են Եվրամիության անդամակցության համաձայնագիրը, հայտնվել են ծանր վիճակում։ Օրինակ՝ Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, որոնք ստիպված եղան կանգնեցնել մինչ այդ իրենց մոտ բարձր մակարդակով գործող արդյունաբերական շատ ճյուղերի գործունեությունը։ Այդ հարցում մենք պետք է ցուցաբերենք սկզբունքայնություն, որը, դրական արդյունքներից բացի, կբարձրացնի երկրի վարկանիշը։
- Արդեն հրապարակվել է Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի տեքստի թարգմանությունը։ Դուք այն կարդացե՞լ եք եւ չե՞ք գտնում, արդյոք, որ խորհրդարանը պետք է սկսի դրա քննարկումը։
- Բնականաբար, մենք անպայման այն կքննարկենք խորհրդարանում, սակայն ներկա դրությամբ կարեւոր է, որ փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրվի, քանզի անհասկանալի, անորոշ դրույթները դրանում շատ են։ Հուսով եմ, որ մինչեւ օգոստոս այդ հարցում հստակություն կմտցվի։ Եվրամիության ասոցիացումը քաղաքակիրթ ուղղություն է, եւ եվրաինտեգրումն անհրաժեշտություն է Վրաստանի համար, թեպետ մյուս կողմից՝ Եվրամիության համար արտակարգ հետաքրքրություն է ներկայացնում Վրաստանի աշխարհագրական դիրքը։ Եվրաինտեգրման ուղին հեռանկարային է, սակայն մենք այն չպետք է անցնենք՝ ինչպես իրականացրինք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամագրության ժամանակ, երբ մենք առանց հաշվի առնելու Վրաստանի առաջնահերթությունները, նույնիսկ այն ուղղությունները, որոնք մեզ վերապահում էր այդ կազմակերպությունը, ստորագրեցինք անդամագրության պայմանագիրը։
- Ի՞նչ կարող ենք քաղել եվրաինտեգրման ուղին անցած երկրների փորձից։
- Այն ամենը, ինչի մասին վերեւում խոսեցի, ելնում է հենց այդ փորձի հաշվառումից։ Մեծ է այն երկրների թիվը, որոնք բառացիորեն փոշմանել են, որ Եվրամիության անդամագրության ժամանակ չեն պնդել իրենց պայմանների կատարման հարցում։ Վերջերս գտնվում էի Լիտվայում, որտեղ շատ հանդիպումներ ունեցա։ Ժամանակին այդ ծաղկող երկրում ներկայումս բազում հիմնախնդիրներ են առաջացել։ Բնակչության գրեթե 40 տոկոսն աշխատանքի որոնումներով հեռացել է երկրից։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական նրբություններին, ապա պարտադիր չէ, որ ասոցիացման բոլոր պայմաններն առաջին իսկ տարվա ընթացքում կատարվեն։ Օրինակ, Լեհաստանը նոր պայմաններում իր էկոնոմիկայի նախապատրաստման համար պայմանագրով իրեն վերապահեց 3-5 տարի ժամանակահատված։
Թեպետ կա նաեւ այլ ծայրահեղություններ։ Օրինակ, Ադրբեջանը չընդունեց Եվրամիության ներկայացված պայմանները եւ հանդես եկավ արմատական հայտարարությամբ։ Բնականաբար, այդ ուղին մեզ համար ձեռնտու չէ, թեպետ մյուս կողմից մենք պարտադիր կարգով պետք է ներկայացնենք մեր պայմանները։ Համոզված եմ, որ այնպիսի հզոր միավորում, ինչպիսին Եվրամիությունն է, Վրաստանի հետ հարաբերությունների շատ հարցերում կարող է դիմել զիջումների, եւ մեր նկատառումները հաշվի կառնվեն։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Մայիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31