Մայիսի 3-ին լրացավ Նինոծմինդայից Վրաստանի խորհրդարանի վերջին չորս գումարումների մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի 55-ամյակը։ Հոբելյանի առթիվ Հենզել Մկոյանին շնորհավորեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Պատգամավորի հոբելյանի առթիվ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նինոծմինդայից ստացված շնորհավորական նամակը։
Դուք հավանաբար ինքներդ էլ չեք հաշվել (իսկ մենք հաշվել ու լա՜վ ենք հաշվել՝ լավ տեսնելով ու լավ գնահատելով), թե քանի սիրտ է ուրախացել Ձեր արած բարի, աջակցողական քայլերից, քանի նեղյալ է հրճվել-աշխարհով մեկ եղել, երբ օգնության Ձեր ձեռքն է սիրահոժար պարզվել նրան։ Ու դրանից էլ հենց մի ուրախությունը երկուս, երեք, բազում է դարձել՝ նեղյալի ու մյուսների հետ միասին հրճվել եք Դուք ինքներդ՝ մեծարենցյան բնորոշմամբ՝ անանձնական ուրախությամբ։ Այդ ուրախության աղբյուրն էլ ամեն անգամ նոր հունից է բխում՝ սատարումի եւ օգնության Ձեր ձեռքը մեկ խոստումնալից երիտասարդին է հասնում, մեկ՝ հարազատ լեռնաշխարհի հայրենապահպան ինչ-որ մի կառույցի, որ դժվարանում է իրականացնել իր հիանալի ծրագրերը, մեկ մարզասերներին է օգնում՝ ավելի համարձակորեն ընթանալու դեպի հաղթանակ, մեկ՝ իր համերկրացիների համար կենսական նշանակության կարեւոր հարցերն է կարգավորում՝ խմելու ու ոռոգման ջրի, ճանապարհների, շինությունների, հիվանդանոցների, մեկ արվեստագետներին է աջակցում, մշակութային տարբեր միջոցառումների ու ծրագրերի։ Ընդամենը վերջերս էլ ամենանորն ու թարմը՝ Նինոծմինդայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրաշալի կոթողի բարերարներից մեկն էլ դարձյալ Դուք էիք՝ պատվարժան Հենզել Միկոյան… Երախտապարտ ենք Ձեզ. շնորհակալությո՜ւն։
Ու այս ամենը մեր երկրի՝ Վրաստանի խորհրդարանում, ուր ահա արդեն 15 տարի մեր շրջանի անփոփոխ ու մեծանուն պատգամավորն եք ու բազմիցս արդարացրել եւ արդարացնում եք մեր՝ Ձեզ միշտ ընտրելու ցանկությունը… Բացառիկ ու հազվադեպ իրողություն է սա, հավանաբար։ Մեր երկրում մեկ ուրիշ երկրորդը չկա, որը 15 տարի անընդմեջ պատգամավոր լինի մի շրջանից։ Ուրեմն Դուք միշտ ժողովրդի հետ եք, նրա հոգսերին ու կարիքներին զորավիգ։ Հիանալի է ասել Շոթա Ռուսթավելին՝ «մարդ է՝ խոսքը գործին միշտ սազական»… Շրջանի ընտրողները միշտ վստահում են Ձեզ, Ձեր մարդկայնությանն ու պատգամավորական առաքելությանը՝ ծառայել հարազատ ժողովրդին ու բնօրրանին, երկու երկրների՝ Վրաստանի ու Հայաստանի միջեւ բարիդրացիական դարավոր հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը…
Մենք գիտենք, որ Դուք նաեւ հիանալի ընկեր եք Ձեր ամենամտերիմ բարեկամների, հիանալի ամուսին՝ Ձեր տիկնոջ եւ հիանալի հայր ու պապիկ։
Ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձեր ծննդյան 55-ամյակը, մաղթում Ձեզ քաջառողջություն, ուժ, կամք, ամենայն բարիք Ձեր անձնական կյանքում ու աշխատանքային անսպառ հաջողություններ՝ ի շահ մեր երկրի եւ ժողովրդի։
ՍՄԲԱՏ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ
ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆ
Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ
«Վրաստան» թերթը ջերմորեն միանում է Հենզել Մկոյանին հասցեագրված շնորհավորանքներին եւ իր կողմից մաղթում ու ասում. հուսանք, որ Դուք կկարողանաք գերազանցել աշխարհի խորհրդարանների պատմության մեջ մինչ օրս ամենաերկարակյաց օրենսդրի համբավ վայելող, ամերիկյան «Սենատի առյուծ» անվամբ հիշատակվող Էդվարդ Քենեդիի սենատորի պաշտոնում գտնվելու 47 տարիների ռեկորդը։