Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆԸ՝ 100 ՏԱՐԵԿԱՆ...

ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆԸ՝ 100 ՏԱՐԵԿԱՆ...

Էլ.փոստ Տպել PDF

25 մայիսի: 2014 թվական: Թբիլիսի: Մեյդան: Գորգասալու հրապարակ: Վարդերի բուրմունք: Ծով բազմություն: Տեղացիներ, հյուրեր: Գրողներ, երգիչներ,  քաղաքական, հասարակական գործիչներ: Թբիլիսցի հայեր, վրացիներ, հրեաներ, ադրբեջանցիներ, հույներ, քրդեր... Խոսք: Երգ: Պար: Ու… մի մեծ խոնարհում: Առ Սայաթ-Նովա Բանաստե՚ղծ, Սայաթ-Նովա Երգի՚չ, Սայաթ-Նովա Իմաստասե՚ր: Սայաթ-Նովա Փիլիսոփա, Սայաթ-Նովա Աշո՚ւղ, Սայաթ-Նովա Մա՚րդ, Մա՚րթ մարթ՝ սայաթնովյան լեզվով ասած:

Ավանդական տոնահանդեսն այս անգամ հոբելյանական է… 301 տարեկան հանճարի պատվին այն անցկացվում է 100-րդ անգամ, ասել է թե՝ թբիլիսյան (ուր ծնվել, ապրել ու չորս լեզվով՝ վրացերեն, հայերեն, թուրքերեն, պարսկերեն ստեղծագործել է թբիլիսցի մեծ հայը, «ցիղի համա» լացող հայը) ու արտաթբիլիսյան քանի՜ ազգի սերունդ է նույն մեծ խոնարհումը բերում հայոց պաշտելի զավակին, իր պատմության փառքերից մեկին, իր անզուգական Սիրերգակին ու Պատգամախոսին։
Միջոցառման ավանդականությունն էլ, գեղեցկությունն էլ, մեկդարյա կյանքն էլ հենց ակամա պատմության խորքերն են տանում մեզ, դեպի մայիսը 1914-ի…
...1914 թվականի մայիսի 15-ն է, հինգշաբթի, Համբարձման տոն, գարնանային զովաշունչ առավոտ, վարդերի բուրմունք՝ Սայաթ-Նովայի դեռեւս չբացված հուշարձանի չորս դին: Բազմության ծո՜վ է… Ով ասես չկա՝ գրողներ, դերասաններ, հասարակական գործիչներ, բարձր դասարանների աշակերտնե՚ր իրենց համազգեստներով, աշուղներ, հին Թիֆլիսի մոքալաք ղարաչուխալ արհեստավորներ՝ իրենց համքարական դրոշակներով, մարդկանց խիտ շարքեր՝ հայ, վրացի, ռուս, հրեա, հույն, թուրք, պարսիկ… Բոլորի կրծքերին սիրո ամենափայլուն հավատչյա-ծաղիկն է՝ կարմիր վարդը... Ահա եւ Սուրբ Գեւորգ եկեղեցու բակը… Նախագավիթում գուսան Հազիրն է իր դաստայով… Նվա՜գ է հոգեցունց, ե՜րգ է հուզաթաթավ.. Սայաթ-Նովայի մեղեդիներն են ծորում, փոթորկում սրտերը մարդոց... Հետո գալիս են հայ ու վրացի մեր մեծերը… Ահա նրանք՝ Հովհ.Թումանյա՜ն, Գեւորգ Բաշինջաղյա՜ն, Իոսեբ Գրիշաշվիլի, Իոսեբ Իմեդաշվիլի, Կոտե Մաղաշվի՜լի, Նինո եւ Իլիա Նակաշիձենե՜ր,... Ներսում պատարագ է, որ մատուցում է պատարագիչ Հովհ. քահանա Ամիրխանյանը, իսկ օրվա խորհրդի առիթով քարոզ-ճառ է ասում Հովսեփ քահանա Աբուլյանը: Պատարագից հետո հոգեւորականությունը դուրս է գալիս եկեղեցուց եւ հանդիսավոր հոգեհանգիստ կատարում եկեղեցու հյուսիսային դռան շեմին թաղված Սայաթ-Նովայի գերեզմանի վրա: Նորակառույց, հայկական ոճով քանդակված սպիտակ մարմարե մահարձանը՝մեջտեղում սեւ մարմարե տախտակով, շողշողում է օրվա փայլի տակ: Սեւ մարմարի վրա ոսկեգույն տառերով փորագրված են բանաստեղծի հայտնի տողերը՝ Ամեն մարթ չի կանա խմի՝իմ ջուրըն ուրիշ ջըրեն է, Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է Բունիաթս ավազ չիմանաս, քարափե, քարուկրեն է…
Ահա եւ սկսվում է հանդիսությունը... Եվ Առաջին Վարդատոնն այս վարդաստան-երգաստան-մարդաստան հիշեցնող խնկաբույր ու վարդաբույր մթնոլորտում բացում եւ Առաջին մեծ խոսքն է ասում Ամենայն Հայոց Թումանյանը... Հետո ուրիշ ճառեր են հնչում, բանաստեղծություններ են ընթերցվում տարբեր լեզուներով, հեռագրեր են կարդացվում, ու մեջընդմեջ նվագում է աշուղ Հազիրի դաստան.… Խոսում են ոչ միայն Սայաթ-Նովայի ու նրա պոեզիայի, այլ նաեւ՝ անդրկովկասյան ժողովուրդների եւ հատկապես հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության, նրանց պատմական անցյալի եւ է’լ ավելի գեղեցիկ գալիքի մասին: Ի.Գրիշաշվիլին, Ի.Իմեդաշվիլին պահանջում են Սայաթ-Նովայի վրացերեն բանաստեղծությունների հրատարակություն՝ առանձին գրքով…
…100 տարի է անցել, բայց թարմ է հիշողությունը... Եվ թարմ է, քանզի սրտի ու սիրո, նվիրումի ու մեծարումի, հպարտության ու գնահատանքի հիշողություն է այն... Ու հենց դա էլ ստիպում է օրնօրի, տարեցտարի ավելի ու ավելի խասորեն՝ շքեղաշուք, հյուրերով ու տեղացիներով, միով բանիվ միասնական երկրպագությամբ անցկացնել ժողովրդի կողմից այնքան սիրված եւ ընդունված տոնը, որ չի ունենա վախճան, քանի դեռ կա Թբիլիսին… Քանի դեռ կա սերը… Իսկ սերը անմեռանալի է… Դարեր էլ անցնեն։ Սերը ջնջում է ժամանակ, սահման, տարածություն, պատնեշ… Սերը բացում է ճամփաները բոլոր ու իր գիրկը բերում բոլորին… Բոլոր նրանց, ով լավ գիտե սիրո գինն ու արժեքը... Ու այս անգամ էլ ահա բերեց իր գիրկը հավաքեց բոլորին քանքարը Սայաթ-Նովայի, նրա՚ սիրո, նրա՚ մոգական Խոսքի ուժը։
Ուրիշ սերունդ ու մարդիկ կազմակերպեցին, բնական է, այս անգամ Վարդատոնը Թբիլիսիի քաղաքապետարանը, «Հայարտունը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը, գրողների «Վերնատուն» միությունը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Թբիլիսիի Հայոց թատրոնը։ Ուրիշ կազմակերպություններ օժանդակեցին իրագործելու միջոցառումը՝ Հայաստանի Սփյուռքի, Մշակույթի նախարարությունները, «Հայարտան» հոգաբարձու խորհուրդը, գործարարներ նաեւ։ Նրանք նախ պատարագին մասնակցեցին, որ Սուրբ Էջմիածին եկեղեցում (Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգվում է) մատուցվեց, ապա եւ տոնահանդեսին՝ հոգեւոր դասը՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Բաթումիում ՀՀ հյուպատոս Արամ Գրիգորյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թբիլիսիի պետհայդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, բանաստեղծ, ՎԳՄ փոխնախագահ Բաղաթեր Արաբուլին, հայաստանյան պատվիրակության անդամները՝ Մովսես Մանուկյանը, բանաստեղծներ Գագիկ Դավթյանը, Վառլեն Ալեքսանյանը, Շանթը …
Ու Գորգասալի հրապարակը, հենց Սայաթ-Նովայի հուշակոթողի (բացվել է 2008 թվականին¤ մոտ տեղադրված բացօթյա բեմահարթակը դարձավ մի հոգեբուխ խոնարհում Սայաթ-Նովային…
Ու Խո՚սքը հնչեց նախ… Եվ այդպես էլ պիտի լիներ, քանզի Սայաթ-Նովայի իսկ համոզմամբ՝ «Մարթ իր խոսկով կու ճանաչվի, գուզե Շահի վազիր շինին»… Եվ հետո՝ ի սկզբան էր Բանը…Հայ ու վրացի գրողները  իրենց ելույթներում նորովի պատվանդանի վրա կանգնեցրին անմահ Փիլիսոփային ու  Պատգամախոսին, Աստվածային Սիրո երգչին... Խոսք առան Վրաստանի ու Հայաստանի գրողների միության նախագահներ՝ Մաղվալա Գոնաշվիլին ու էդվարդ Միլիտոնյանը, «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, թարգմանիչ Գիվի Շահնազարը, վրացի բանաստեղծ Բադրի Քութաթելաձեն, Անահիտ Բոստանջյանը։
Ապա եւ Վարդատոնը հայերեն ու վրացերեն լեզուներով վարող, «Հայարտան» տնօրեն  Լեւոն Չիդիլյանն ու երգչուհի Աննա Պողոսովան բեմահարթակ հրավիրեցին միջոցառման գեղարվեստական մասի մասնակիցներին… Տոնահանդեսի այդ մասը բացեց վերջին մի քանի տարիներին «Վարդատոնին» մասնակցող, Հայաստանի Հանրապետության ռադիոյի «Սայաթ-Նովայի» անվան պետական վաստակավոր համույթը՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Եվ նորից սիրո եւ բարեկամության հիմնը թեւածեց Թբիլիսիի կոլորիտային Մեյդանում, վերըստին սայաթնովյան երգն ու տաղը տարածվեց հայերեն եւ վրացերեն՝ Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասանների, անհատ երգիչների ու ասմունքողների, «Քսովրելեբի» համույթի, Հայաստանի եւ Վրաստանի տարբեր վայրերից ժամանած կատարողների շնորհիվ:
 Ու ծավալվեց հորձանքը վարար՝ սայաթնովյան հրաշք մեղեդիների՝ երգով նվագով... ասմունքով պարով, դուդուկով, դհոլով, քամանչով… Ու ժողովուրդը հա՚ ծափահարեց նրան՝ սրտով, երգով, պարով, ձեռք ու ոտքով… Ժողովո՜ւրդը… խա՜լխը, որի համար, ինչպես ինքն է խոստովանել, «խալխի համար կինք մաշեցի, ջան տըվի»:
Ու Սայաթ-Նովա՝ խաս Անհատի էությանը հարիր էլ, ինչպես ինքն է ասում, «Սայաթին խաս, Նովային խաս, ցեղըն խաս», 100-րդ Վարդատոնն էլ խաս կայացավ՝ «Խաս Արարչեն խաս պատկիրըն խաս տըրվեց»… Ու դեռ քանի՜ հարյուրներ պիտի կայանա այն… Թող որ, ինչպես մեծ Բանաստեղծն է ասել, «ուրիշ գարուններով, ուրիշ վարդերով, ուրիշ բաղերով ու բլբուլներով-ուրիշ  յարերով ու սիրեկաններով» բայց պիտի կայանա… Ու կկայանա՚… Քանզի Սայաթ-Նովան, ճշմարիտ Բանաստեղծ է ու Ճշմարիտի քարոզիչ, իսկ իր իսկ խոսքերով ասած՝ Կրակ էլ տաս, ճշմարիտին մահ չըկա…

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Հունիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30