Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԱՅՍ ԲԱԶՄԱՏԱՂԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ…

ԱՅՍ ԲԱԶՄԱՏԱՂԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ…

Էլ.փոստ Տպել PDF

Սիրտդ լցվում է հրճվանքով ու բերկրանքով, երբ կողքիդ քո սաներն են աշխատում, կամ նրանց մասին բարի լուր ես ստանում:

Այսօր մեր դպրոցում կողք-կողքի աշխատում է 7 նախկին աշակերտ, բայց արդեն՝ հասուն մանկավարժի կոչումով: Ուրախանում ես նրանց լավ աշխատանքով: Իսկ երբ հեռվից` Մայր հայրենիքից, լսում ես քո նախկին աշակերտի` Տաճատ Վարդապետյանի շախմատի կայծակնային հաղթանակի մասին լուրը, չես կարողանում զսպել հուզմունքդ, ուրախությունդ ու հրճվանքդ:
Հունիսի 23-ին հավաքվել էինք ուսուցչանոցում: Եվ հանկարծ այդ ավետիսն իմացանք: Բոլորը խոսում էին, հպարտանում, ողջունում հեռվից: Զանգահարեցինք, շնորհավորեցինք:
Եվ, իհարկե, հրաշք էր տեղի ունեցել… «Վրաստան» թերթն արդեն գրել է այդ մասին, բայց գոնդուրացիներս այսօր հաճույքով ենք կրկնում, որ 2014թ. հունիսի 22-ին, ժամը 22-ին, Երեւանի «Գաֆեսճյան» կենտրոնում ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը շախմատի կայծակնային (բլից) խաղի ժամանակ հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մանգուս Կարլսենին 3,5 րոպեին, 64-րդ քայլում` ձին փոխանակելով թագուհու հետ:
Ասեմ նաեւ, որ Տ.Վարդապետյանը բազմակողմանի զարգացած մարդ է: Նա ե՚ւ բանաստեղծ է, ե՚ւ հռետոր, ե՚ւ ատենաբան, ե՚ւ տնտեսագետ, ե՚ւ հիանալի ասմունքող ու երգիչ, բառիս բուն իմաստով` Մարդ: Հիշում եմ՝ դպրոցական տարիներին շախմատի առաջնության ժամանակ մի քանի անգամ մասնակցեց ու հաղթեց: Իսկ հետո՝ 1983 թվականին, մասնակցեց Վրաստանի շախմատի սպարտակիադային եւ դարձյալ հաղթեց:
Նրա որդին` Ասքանազը, 9 տարեկան հասակում մասնակցեց Թեհրանում տեղի ունեցած շախմատի մրցումներին եւ զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Եղբայրը` Սամվելը, հոյակապ շախմատ խաղացող է: Այդ սերը նրանց մեջ սերմանել է հայրը` Մարտուն Վարդապետյանը: Տ.Վարդապետյանը լավ երգում է շարականներ, որը ժառանգել է իր Տաճատ պապից: Տաճատը հոգու ամուր թելերով կապված է Ջավախք աշխարհի, մանավանդ, հայրենի գյուղի` Փոքր Գոնդուրայի հետ: Շուտ-շուտ այցելում է հայրենի եզերք: Բոլորը գիտեն նրան, ինչպես ասում են` մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր:
Տաճատ ջան, Աստված քեզ հետ: Թող շատ լինեն քեզ ընդօրինակողները:

ՄԱՆՈՒՇԱԿ  ՎԱՐԴԱՆՅԱՆ
Փոքր Գոնդուրայի հանրային դպրոցի տնօրեն
Նինոծմինդայի շրջ.

 
< Հուլիս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31