Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ Պ.ԱԴԱՄՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՍՏՈՒԴԻԱՅԻ 8-ՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Պ.ԱԴԱՄՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՍՏՈՒԴԻԱՅԻ 8-ՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Էլ.փոստ Տպել PDF

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի 2012-14 ուստարվա շրջանավարտների համար, իբրեւ դիպլոմային աշխատանք, ընտրվել էր հայտնի խորհրդային ռդրամատուրգ Եվգենի Շվարցի՝ «Մոխրոտը» հեքիաթի հենքով ստեղծած նույնանուն պիեսը։

Ընտրությունը կատարվել էր ներկայացման բեմադրիչ, վաստակաշատ ռեժիսոր Լեւոն Ուզունյանի ու նրա թիմի համաձայնությամբ։ Եվ, եթե մի կողմ թողնենք ընտրության այլ դրդապատճառները. թեկուզ՝ տվյալ դեպքում բոլոր ուսանողներին ներկայացման մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը, ապա կտեսնենք այդ ընտրության ենթատեքստային խորհուրդը։
Ավարտված է հեքիաթը։ Բարին հաղթել է չարին։ Եվ՝ լուսավո՜ր է վաղվա տեսլականը…

Կյանքի արշալույսը դիմավորող երիտասարդի առաջնահերթ խնդիրներից մեկը, երեւի թե, ստեղծագործական կենսագությունը հենց այդ հույս ու հավատով սկսելն է նաեւ։
Ու դա, ըստ ամենայնի, տրվեց նրանց։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ներկայացումից հետո, ջերմորեն շնորհավորեց 157-ամյա մշակութային օջախի ավանդույթների պահպանման ճանապարհն ընտրած ապագա դերասաններին։ «Ասօրվա ներկայացումը,- նշեց նա,- արդյունք է ռեժիսոր Լեւոն Ուզունյանի ու նրա երիտասարդ թիմի անցած բարդ ճանապարհի»։ Նա խրախուսանքի խոսքեր հղեց շրջանավարտներին եւ հանդիսատեսի ծափերի ներքո՝ հանձնեց ավարտական դիպլոմները։
Ներկայացման ավարտին՝ մենք խնդրեցինք Լեւոն Ուզունյանին, ով, միեւնույն ժամանակ, «Բեմական շարժում» եւ «Դերասանի վարպետություն» առարկաներն է դասավանդում ստուդիայում, պատմել շրջանավարտների մասին։
- Պարոն Ուզունյան, խնդրում ենք ներկայացնել ստուդիականներին։
-  Նրանք ինն են,- Տաթեւիկ Մուրադյան (Մոխրոտ), Հենրիխ Թորոսյան (Մոխրոտի հայր¤), Լուսինե Թորոսյան (Բարի ոգի), Լիանա Մելքոնյան (Խորթ մայր), Լիանա Մարգարյան (Խորթ քույր), Ֆերդինանդ Բժիկյան (Թագավոր), Մարտին Արոյան (Պահակ), Արամ Հարությունյան (Արքայազն), Ռոմա Զատիկյան (Պարող)։ Ներկայացման մեջ ընդգրկված էին նաեւ թատրոնի դերասան Մարի Մարտիրոսյանը (Խորթ քույր¤ եւ ստուդիայի մանկական խմբի անդամներ Լեւոն Ախիջանյանը, Իրինա Իսահակյանը, Մարտին Սականյանը, Աշոտ Հարությունյանը  եւ Գարրի Ամիրխանյանը։ Ի դեպ, ասենք, որ Տաթեւիկը, Հենրիխը, Լուսինեն եւ Մարտին Արոյանը Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջաններից են եւ նրանց հետ Վրաստանի ժողովրդական եւ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սերիկ Շեկոյանը, ով բեմական խոսք է դասավանդում ստուդիայում, առանձնակի աշխատանք է տարել՝ առոգանության հաղթահարման ուղղությամբ։
- Սա Ձեր ութերորդ շրջանավարտներն են, ասել է՝ արդեն 16 տարի աշխատում եք ուսանողների հետ, ինչո՞վ է օգնում Ձեր աշխատանքին նրանց հետ շփումը։
- Այս ընթացքում, յուրաքանչյուր հերթական շրջանավարտների հետ ես սովորեցի իրենց նման մտածել, եւ իմ կենսափորձը օգտագործել՝ նրանց տվյալ մտածելակերպը ուղղորդելու նպատակին։ 
- Իբրեւ փորձված ռեժիսոր այդ իննից վաղվա թատրոնում ո՞ւմ եք տեսնում։
- Խիստ դժվարանում եմ առանձնացնել որեւէ մեկի, որովհետեւ դա անհնար է այսօր անել։ Նրանք թող գիտենան, որ, վաղվա թատրոնում տեղ գտնելու համար, անհրաժեշտ է շատ աշխատել, ի դեպ՝ լուրջ եւ տեւականորեն։ Մեր տված գիտելիքները նրանց համար ինքնարտահայտման միջոց են միայն, թե դա հետագայում ինչպես կկարողանան իրագործել, արդեն իրենց խնդիրն է։ Այսուհետ իրենք պետք է հարթեն իրենց ուղին, եւ նման մոտեցումն այսօր ընդունված մեթոդ է ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամենուր ու ցանկացած բնագավառում։
Ինձ մնում է մաղթել, որ նրանցից յուրաքանչյուրը դառնա պահանջված դերասան։
- Միանում ենք Ձեր մաղթանքին։ Ամենայն բարին Ձեզ։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Օգոստոս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31